Բանակում մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով զինված ուժերում արձանագրվող մահվան դեպքերին։
«Որևէ մեկը չի ժխտում այդ դեպքերը, բայց կարևորն այն է, որ պետությունը բոլոր մակարդակներում, շահագրգիռ կառույցների ներգրավմամբ, փորձում է ամեն ինչ անել՝ դրանք նվազագույնի հասցնելու և առհասարակ վերացնելու համար»,- նշել է փոխնախարարը։
Նույն թեմային անդրադարձել է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա ընդգծել է, որ բանակում մահվան դեպքերը ոչ միայն հասարակության, այլև առաջին հերթին զինվորական ղեկավարության մտահոգության առարկան են։
«Բանակում մահերը միայն հասարակությանը չեն հուզում, ավելի շատ մեզ են հուզում։ Շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ներկայացնենք, թե ինչ է արվում։ Ես հիմա այդ ժամանակը չունեմ»,- ասել է Ասրյանը։
Ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու համար գործում է մասնագիտական հանձնաժողով։ Մենք նույնպես պետք է հասկանանք, թե ինչ հանգամանքներ են հանգեցնում նման հետևանքների, որովհետև կան իրավիճակներ, որոնք չպետք է հանգեցնեն դրան։ Դա պետք է ուսումնասիրենք»,- ընդգծել է ԳՇ պետը։
Ասրյանը հիշեցրել է նաև, որ վերջերս հանդիպում է անցկացվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ինքը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու լրագրողների հարցերին։
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվեց պատասխանել բանակում մահերի աճի հետ կապված հարցերին։





