Բաքվի քայլերի նպատակն է արգելել ԼՂ-ի և էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում. Հայտարարություն

26 Մայիսի, 2025

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի նիստում պաշտոնական բողոք է ներկայացրել՝ ուղղված «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International, CSI) կազմակերպության դեմ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ECOSOC) խորհրդատվական կարգավիճակ ունեցող անկախ իրավապաշտպան կազմակերպություն։

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ից հայտնում են, որ Ադրբեջանի պահանջը միտված է վերանայել CSI-ի այդ կարգավիճակը՝ պատճառաբանելով, թե վերջինս քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ օգտագործում է «անվավեր կամ հորինված անվանումներ»՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ցուցադրում է «Ադրբեջանի աղավաղված քարտեզ»՝ ընդգծելով պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչպես նաև «իրավիճակային փաստերի խեղաթյուրում» է իրականացնում՝ անդրադառնալով այն հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։

«Փաստացի, այս քայլերը նպատակ ունեն լռեցնել անկախ իրավապաշտպանների ձայնը և արգելել Լեռնային Ղարաբաղի և իրականացված էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում։

Այստեղ առանցքային է ընդգծել, որ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»-ը (CSI) տարիներ շարունակ ակտիվորեն պաշտպանում և հրապարակայնացնում է Արցախի հայերի իրավունքները՝ օգտագործելով ՄԱԿ-ի տրամադրած մեխանիզմները։ Կազմակերպությունը բարձրաձայնել է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող էթնիկ զտումների և մարդու իրավունքների այլ խախտումների մասին։ Ընդ որում, CSI-ն բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել միջազգային մակարդակում։ Դրանցից կարելի է նշել 2024 թ․ հուլիսի 9-ին Ժնևում կազմակերպված «Կայուն խաղաղության բանալիները Հարավային Կովկասում» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության՝ հայրենիք վերադարձի իրավունքին՝ որպես տարածաշրջանային արդար և երկարատև խաղաղության նախապայման։

2024 թ․ հոկտեմբերի 1-ին CSI-ն ՄԱԿ-ում կազմակերպել էր մեկ այլ միջոցառում՝ անդրադառնալով Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների ճակատագրին։ Միջոցառումը տեղի էր ունեցել CSI-ի, Աշխարհական Եկեղեցիների Խորհրդի (WCC) և այլ գործընկերների համատեղ նախաձեռնությամբ՝ կենտրոնանալով այն խախտումների վրա, որոնք կապված են ադրբեջանական իշխանությունների կողմից պահվող հայ գերիների նկատմամբ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի խախտման հետ։ Վերջերս՝ 2025 թ․ մարտի 18-ին, Ժնևում կազմակերպվել էր ևս մեկ միջոցառում՝ «Հայ պատանդների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով, որի առանցքում Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիների նկատմամբ շարունակվող քաղաքական պատանդառության պրակտիկայի և նրանց իրավունքների ոտնահարումների հարցերն էին:

Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն բացահայտ խախտում է ՄԱԿ-ի խորհրդատվական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների գործունեության ազատության սկզբունքները, այլև վտանգավոր նախադեպ է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այն հակասում է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին (ICCPR)՝ հատկապես 19-րդ հոդվածին, ըստ որի յուրաքանչյուր մարդ ունի կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունք, ինչպես նաև 21-22-րդ հոդվածներին, որոնք ամրագրում են խաղաղ հավաքների և ասոցիացիաների ազատության իրավունքը։

Քաղաքացիական հասարակության մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին ամրագրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների մասին Դեկլարացիայում (1998 թ․), համաձայն որի՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մասնակցելու այդ գործին՝ առանց պետության միջամտության կամ հետապնդման։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»- կազմակերպության լռեցմանն ու նրա՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների արգելափակմանը։ Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի ամբողջական հայաթափումը, 120․000 մարդկանց հայրենազրկումը, պատերազմական հանցանքները, մարդու իրավուքնների զանգվածային ոտնահարումները, հետապնդումները, խոշտանգումներն ու հիմնարար իրավուքնների ոտնահարումները պետք է իրենց համապատասխան արձագանքը գտնեն միջազգային հանրության կողմից։

Մենք հորդորում ենք ՄԱԿ-ի Հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին մերժել Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ պաշտպանել միջազգային իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կարևորագույն դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային համակարգում»,-նշված է «ԼՂ փախստականների իրավապաշտպան միության» հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...