Բաքվի շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ չունեն արդարադատության հետ. հայտարարություն

6 Փետրվարի, 2026

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։

Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հանդիսանում են պետական ահաբեկչության ու քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորում՝ նպատակ ունենալով վարկաբեկել հայության երեք տասնամյակից ավելի տևած սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը, որն իրականացվել է միջազգային իրավունքի, մասնավորապես, դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի լիակատար համապատասխանությամբ:

Ադրբեջանում այդ շինծու «դատավարությունները» շարունակությունն են Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ռազմական ագրեսիայի և 2023թ. իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների, որոնք միջազգային իրավունքը միանշանակորեն որակում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:

Անընդունելի և դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր՝ որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։

Անկախ այն բանից’ միջազգային հանրությունը աշխարհաքաղաքական վայրիվերումների բովում նկատում է դա, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երեք տասնամյակից ավելի եղել է միջազգային հարաբերությունների ու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի օրակարգերի անբաժան մասն ու 15 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարները հաստատել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հետևաբար, այդ ինստիտուտների համապատասխան արձագանքի բացակայության դեպքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընդունված «դատավճիռները» հավասարապես վերաբերում են այդ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է’

մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար և համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է և իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը»:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...