Բացառիկ շանս ունենք․ «Կարճ ասած»

30 Հունվարի, 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսում հարց հնչեց՝ Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու մասին թեզերը ինչու ձեզանից չենք լսում հիմա, անիրատեսակա՞ն է։ Նախագահը պատասխանեց, որ իրական է տեսնում Արցախ վերադարձի իրավունքը: Դա, ասաց, հնարավոր է ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ, և միջազգային հանրությունը չի կարող մերժել։ ՔՊ-ն, հակառակը, այդ հարցը փակված է համարում․ ասում են՝ քանի մենք ենք իշխանության, այդ նպատակը չենք հետապնդի։ Նիկոլն անգամ սպառնալիք է համարում, ՔՊ-ականները դեմ էին քվեարկում Եվրանեսթում նման նախագծի։ Ըստ երևույթին՝ նրանք ավելի հաճույքով ադրբեջանցիներին կբերեն Հայաստանում ապրելու, քան արցախահայությանը կտեղափոխեն հայրենիք։

5 տարի առաջ Հայաստանում ընտրություններ էին․ խոսույթում չկար փախստական բառը․ խոստումներն Արցախը վերադարձնելու մասին էին, Նիկոլը Շուշի ու Հադրութ էր հետ բերում։ Ընտրվեց, բայց հիմա թեման ոչ թե Շուշի հետ բերելու մասին է, այլ՝ փախստականների Արցախ վերադարձի, որովհետև ինչ չէր հանձնել, դա էլ հանձնեց։ Տեսեք՝ որտեղից ուր ենք հասել։ Այսինքն՝ ինչ հնարավոր էր 5 տարի առաջ, հիմա անհնար է։ Ինչը որ հնարավոր է փրկել հիմա, վա՛ղն է անհնար լինելու։ 2021-ի ընտրություններում ՔՊ-ն վտարվեր, էս վիճակին կլինեի՞նք։ Այսօր հնարավոր է Արցախցիների վերադարձի իրավունքի ամրագրումը, բայց ՔՊ-ի վերընտրվելու դեպքում հնարավոր կլինի՞։ Սրանք ընտրվեն, 5 տարի հետո կքննարկենք Հայաստանից փախստականների վերադարձի իրավունքի հարցը։ Գուցե ասեք՝ անհնար է նման ողբերգություն․ իսկ էն, ինչ եղավ, հնարավոր է՞ր։ Դա էլ էր անհնար թվում։

Մի հատ նայեք ինչերի միջով ենք անցել․ 2018 թվականին բերվել են իշխանության, Նիկոլն Ալիևին ասել է՝ մի կրակիր, մինչև մի քիչ դիրքերս ամրապնդեմ․ ամրապնդել է մի 2 տարի, ու 2020-ից մինչ 2025 թվականը ամեն տարի հանձնել է մի քանի բան։ 2020-ին եղել է 44-օրյա պատերազմը, հանձնել է Արցախի մեծ մասը։ Նույն թվին զորքերը հետ է քաշել Սյունիքից, Ադրբեջանցիներն առաջ են եկել, հանձնել է Գորիս-կապան ճանապարհը։ 2021թ․ գարնանը հանձնել է Սյունիքում Սև լճի կեսը, Վարդենիսից հատվածներ։ Նույն 2021-ին վերընտրվել է ու անմիջապես զորքն ու ծանր զինտեխնիկան հանել է Արցախից, տվել է Շուռնուխի կեսը։ 2022-ին տվել է Բերձորն ու Աղավնոն։ 2022-ին հանձնել է հսկայական տարածքներ Ջերմուկից, օկուպացիան կազմել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։ 2022 թվականի վերջին ստորագրել-հանձնել է Արցախը։ 2023 թվականին թույլ է տվել բլոկադան Արցախի, իսկ տարվա վերջում հանձնել է Արցախն ամբողջությամբ, բռնի հայաթափել։ 2024թ․ տվել է Տավուշից գյուղեր։ Հիմա հերթով էլի անկլավի անվան տակ հանձնելու նախաշեմին են։ Սա հլը տարածքները․ 5 հազար զոհ՝ 2020-ին, 224 զոհ՝ 2022-ին, ավելի քան 400՝ 2023-ին, այդքան գերիներ, այդքան խեղված ճակատագրեր։

Նրան ընտրել են Շուշի ու Հադրութ օկուպացիայից ազատելու համար, նա հանձնել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր։ Ու ամեն անգամ հարց է տրվել Քոչարյանին՝ բա դրանք ո՞նց եք հետ բերելու։ Որ 2021-ին ընտրվեր Քոչարյանը, էս խայտառակ վիճակում էինք լինելո՞ւ։ Անկլավների կամ ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հարցեր էին առաջ գալո՞ւ։ Նիկոլին ընտրողը, միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, մտածել է, որ այդ մարդը, որ հազար ու մի սուտ խոստումներ է տվել, էս անվտանգային հարցերում ուրիշ ձև է անելու։ Պատերազմ էր բերել, պարտություն էր բերել, բայց հավատացին, որ Շուշի ու Հադրութ հետ կբերի։ Աբսուրդ է։ Չեմ խոսում էն 1000 խոստումների մասին, որ չի կատարել․ որովհետև էդ տեխնիկայի գործարանը, լիֆտերի գործարանը, շաքարի ու ադամանդի գործարանները վաղը կարող է մեկ այլ նորմալ իշխանություն անել, բայց սա մեզ անվերականգնելի կորուստներ է պատճառել։ Ու դեռ պատճառում է։ Վաղը, Աստված մի արասցե, Նիկոլը ընտրվեց, լրագրողներս մի երկու տարի անց Քոչարյանին այս անգամ էլ հարցնելու ենք՝ իսկ Սյունիքը հետ բերելու ի՞նչ պլաններ ունեք, Կիրանցը, Տիգրանաշենը, Ջերմուկը և այլն։ Այնքան հարց կա, որ առաջ շատ հեշտ կլիներ լուծելը, իսկ հիմա՝ շատ դժվար, որոշ դեպքերում էլ՝ գրեթե անհնար։

Երկրորդ նախագահը չնայած հիմա իրատեսական է համարում վերադարձի իրավունքի ամրագրումը, բայց նշում է՝ աշխարհը այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկս չգիտենք, թե վաղը, մեկ տարի հետո ինչ է լինելու, գուցե մեզ համար բարենպաստ կամ հակառակ պայմանները ստեղծվեն, պետք է մշակել ծրագիր․ սրանք, այս իշխանությունը գիտի՞՝ որ պարագայում ինչ է անելու, կարո՞ղ է իրավիճակից օգտվել։ Վստահաբար՝ ոչ։ Այ խոսել՝ կարող են, ինչքան ուզեք։

Գիտե՞ք, անցնող տարիների ընթացքում չեմ կարող մեզ, մեր երկրի հետ կապված բացասական իրադարձություն հիշել, որի մասին նախապես չի վերլուծել, կանխատեսել, զգուշացրել երկրորդ նախագահը չի վերլուծել, չի ասել, որ սրանց այս քայլերը այս աղետին են բերելու։ Այսօր էլ ասում է՝ TRIPP-ն այս վիճակով ավելի շատ պրոբլեմ է մեզ համար, անվտանգային սպառնալիք, կորուստներ ենք ունենալու, օգտվելու են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Ասում է՝ որպեսզի անվտանգային ռիսկերը չեզոքանցնենք, պետք է ընդլայնել և՛ տարածքային առումով, և՛ մասնակիցների, ներգրավել Ռուսաստանին, Չինաստանին կամ նրանցից մեկին։ Սրանք չեն անելու, որոշ ժամանակ անց էլի ունենալու ենք խնդիրներ ու հարց հնչի՝ պարոն Քոչարյան, բա Զանգեզուրի միջանցքը, Սյունիքը փրկելու ի՞նչ պլաններ կան։ Ինչ հնարավոր է այսօր, վաղը անհնար է լինելու։

Ու բնական է՝ Նիկոլի արածներից այսքան ժամանակ մեր երկիրը ի՞նչ է օգտվել, որ այդ Թրամփի երթուղի կոչվածից օգտվի․ էդ նրա ո՞ր մի հաշվարկն է հօգուտ մեր երկրի եղել։ Ադրբեջանը, Թուրքիան ասում են, որ իրենք այդ միջանցքում հայի երես չեն տեսնելու, անխոչընդոտ անցնելու են։ Սրանք ասում են՝ չէ, գրված է՝ ինքնիշխանություն։ Ո՞վ ձեզ ու ձեր ուժին կհավատա։ Կրկնում եմ՝ ի սկզբանե հնարավոր է վերացնել այդ վտանգները, ոչ թե հետո ասել՝ բա որ գաք իշխանության՝ ո՞նց եք փրկելու իրավիճակը։ Իսկ որ Սյունքիը փրկելու, Տիգրանաշենը փրկելու, Վարդենիսը փրկելու հարց չառաջանա, Ադրբեջանցիներին Հայաստան բերելու վտանգը չլինի, պետք է ճիշտ կողմնորոշվել մինչ հունիսին քվեախուց մտնելը։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ոնցոր դեժավյու լինի․ էս տեքստերը ասել եմ նաև 2021 թվականին, բայց մեր հայրենիքի ուրիշ մասերի վերաբերյալ․ հիմա դրանք մերը չեն։ էն ժամանակ էլ եմ ասել, երեկ էլ եմ ասել ու էլի եմ ասելու՝ բոյով ա, կոլոտ ա, նախկին ա, նախկին չէ, սաղ հեչ, «ով կարող է այս վիճակից հանել, ով չի կարող» տրամաբանությունը պետք է գերիշխի։ Նիկոլի ընտրվելը մեր թշնամիների օգտին է, արդեն 7,5 տարի ժամանակը թուրքերի օգտին է աշխատում։

Սահման  բացել, բենզին տեղափոխել, TRIPP-բան, կարող են նորմալ աշխատել, եթե լինի նորմալ իշխանություն, կազմակերպված, գիտակցված կառավարում․ այսինքն՝ սրանք չլինեն․ այլապես մենք միշտ փրկվելու թեման ենք քննարկելու։ Պարտվող, զիջող, ոչ մի բանից գլուխ չհանող կառավարությանը ինչ պրոյեկտ ուզում ես՝ տուր, մեկ է՝ ձախողելու են անգամ ամենահանճարեղ ծրագիրը։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ»

Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում խաղաղ պայմաններում զոհերի աննախադեպ վիճակագրությունը պաշտպանության համակարգում գզվռտոցի առիթ է դարձել։ Թեպետ շաբաթներ առաջ Պնախարար Սուրեն Պապիկյանը փորձեց քավության նոխազ հռչակել եւ ազատեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին...

Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»

Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում շարունակում է ինտրիգային մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի առաջիկա ընտրությունների հարցը։ Հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ, և իշխանական...

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուտով e-draft հարթակում կտեղադրի ՀԷՑ-ին...

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են քննարկել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Իշխանական շրջանակներում...

Արևմուտքն էլ է պայմաններ դնում. «Հրապարակ»

Արևմուտքն էլ է պայմաններ դնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից...