Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից

14 Ապրիլի, 2026

2026թ. ապրիլի 9-ին ավարտվեց «Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլը, և հանրային մեղադրողները սկսեցին ընթերցել գործով 18 մեղադրյալների նույնական մեղադրանքները՝ որպես բացման խոսք։ Հաջորդիվ բացման խոսքով հանդես կգա նաև պաշտպանության կողմը, ինչից հետո կսկսվի ապացույցների հետազոտման փուլը։ Այս փուլին ընդառաջ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ հրավիրվել է պաշտպանների մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու գործում առկա դեռևս չհրապարակված այն ապացույցները, որոնք  քարոզչական դաշտում լայնորեն օգտագործվել են իշխանությունների կողմից։

«Առաջին հերթին դա այսպես կոչված ձեռագիր «ահաբեկչական պլանն» է, որ ո’չ ձեռագրաբանական քննության է ենթարկվել, ո’չ որևէ ողջամիտ վերլուծության, բայց ՔԿ ղեկավարի կողմից հանրությանը ներկայացվել է իբրև Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ծրագիր։ Այնտեղ մասնավորապես առկա են այնպիսի անհեթեթ մտքեր ինչպիսիք օրինակ՝ որ «անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր և գերի վերցնել 150.000-250.000 քաղաքացիական անձ»։ Մենք հրապարակում ենք այդ անգլերեն «ծրագիրը» և դա հայտնաբերելու կադրերը՝ թողնելով, որ հանրությունն ինքը դատի՝ կարո՞ղ էր արդյոք Բագրատ Սրբազանը կամ նրա համախոհներից որևէ մեկը շարադրած լինել նման տեքստ թե ոչ։» — հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հաջորդիվ հրապարակվեցին Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գունավոր ծխերը, ներկերը, բարձրախոսը, մեխերը, շինարարական ամրանները, մետաղյա ձողերը և այլ կենցաղային ապրանքներ վերցվել որպես ենթադրյալ ահաբեկչության համար պիտանի գործիքներ։

Անդրադառնալով այս ապացույցներին՝ պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց. «Մենք հասկանում էինք, իհարկե, որ սկզբնական փուլում մեղադրանքի կողմը ապավինելու էր նախաքննական գաղտնիքի խորհրդավորությանը, ապա՝ նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքին, ուստի սպասում էինք, որ հիմնական լսումներին ընդառաջ հրապարակենք այսպես կոչված «ապացույցները»՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ այս գործն իրավաբանության հետ աղերս չունի։ Սա կենցաղային իրերով ահաբեկչություն նախապատրաստելու աշխարհում թերևս առաջին մեղադրանքն է, որը հյուսվել է բացառապես ապօրինի գաղտնալսումների և դրանց բովանդակության խեղաթյուրման միջոցով։ Ինչու՞ ապօրինի. որովհետև դատախազները նույնիսկ հիմա դատարանում հրաժարվեցին ներկայացնել այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա առհասարակ սկսվել են այս գաղտնալսումները»։

Պաշտպանները անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել նաև իրավապահ մարմիններին։ Պաշտպան Խուդոյանը վերահաստատեց. «Չնայած երկրի թիվ մեկ ամբիոնից Գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրությունները անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր այդպիսի ապացույցներ չկան, ինչը թույլ է տալիս առհասարակ հերքել դրանց իսկությունը։ Բայց այս դեպքը արտառոց է նրանով, որ իրավապահները չեն սահմանափակվել չհաստատված գաղտնալսումներով, նրանք ուղղակիորեն կեղծել են դրանք, և հիմա հրաժարվում են քրեական վարույթ նախաձեռնել այդ առիթով»։

Փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունների սղագրությունը կեղծելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Արդյունքների մասին լրացուցիչ հանրությանը կտեղեկացնեն։

Խոսնակները անդրադարձան նաև հարուցված քաղաքացիական գործերի ընթացքին՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ճնշումները և երկակի ստանդարտները ներթափանցել են նաև դատական համակարգի այդ հատվածը։

«Ցավալի է տեսնել, որ թեև պաշտոնյաները և իշխանական քարոզիչները շատ հաճախ դատարանում հայտնում են, որ «տեռորիստ» կամ այլ որակումներ տալով նկատի չեն ունեցել Սրբազանին, կամ փորձում են իրենց վիրավորական արտահայտությունները քաղաքական խոսքի սահմաններում տեղավորել, դատարանները չեն համարձակվում այդ երևույթին պատշաճ գնահատական տալ՝ արձանագրել զրպարտությունը, վիրավորանքը և անմեղության կանխավարկածի խախտումը»-իր խոսքում նշեց փաստաբան Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025թ. հունիսի 25-ին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստության շինծու մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։

 

Նմանատիպ նյութեր

Եկեղեցին այն միակ կառույցն է, որի վրա ՔՊ-ի ձեռքերը դեռ չեն հասել․ Սևակ Խաչատրյան

Զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ազգային խայտառակություն․ Կաթողիկոսին դատում են

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն...

Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա

Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա

Եսայի ավագ քահանա Արթենյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ փաստարկների ու արժանապատվության իսպառ բացակայության պայմաններում գործի դրվող գռեհկություն է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի և...

ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին

ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին

Եվրոպական միությունը Հայաստանի համար շոշափելի առևտրատնտեսական գործընկեր է, սակայն այժմ հարցը համեմատության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծվեն։ Այս մասին օգոստոսի 7-ին ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ որոշ...

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմը հայտարարություն է տարածել․ «Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ ______ Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց...