Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան

Մյս 13, 2025

Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Հաշվի առնելով այն ողբերգական, աղետալի և մղձավանջային վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, Փաշինյանի վերաբերյալ տեսակետների լայն շրջանակը՝ դավաճանությունից ու նենգությունից մինչև անփորձություն կամ միամտություն, լիովին հասկանալի է և իրավունք ունի հնչելու։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Հայաստանում, դուրս է ամեն տեսակ տրամաբանությունից, նախադեպից ու պատմական համատեքստից։ Այդ լայն շրջանակում ես կցանկանայի ներկայացնել նաև իմ պարզ, անկեղծ ընկալումը։

Նախ՝ ինձ համար աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե նրա մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրություն էր, իմ խորին համոզմամբ իրականության հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպես կոչված «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի եւ շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպես չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ, նույնպես աներկբա է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միավորվել են, գտել են Փաշինյանին, նրանից սարքել են հեղափոխության առաջնորդ եւ շարունակում են նրան պահել իշխանության։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեվորում է Փաշինյանին։ Նրան իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։

Ինձ համար, հետեւաբար, աներկբա է նաեւ, որ ժողովրդի վստահության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը չի ունեցել երկիրն այս օրվան հասցնելու ցանկություն, առավել եւս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կուզենար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստվերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերվել է Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու եւ մասնատելու համար, նույնպես իրականության հետ աղերս չունի, եւ իմ այս համոզմունքը դարձյալ հիմնված է իմ դիվանագիտական փորձի վրա։ 2018-ին Փաշինյանը պարզապես պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետություն ղեկավարելու մարտահրավերներին։ Նա անփորձ էր, անտեղյակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային հարաբերություններին եւ դրա հետ մեկտեղ ավելորդ ինքնավստահ էր։ Նա տապալվել է հենց այս պատճառներով։ Որևէ այլ դավադրություն փնտրելն անիմաստ է եւ անպտուղ։

Հիմա, երբ ինքը՝ իր կամքին հակառակ, սակայն իր տգիտության և անկարողության հետևանքով, ստեղծել է այս իրավիճակը, կարծում եմ՝ ինքը նույնպես լավ գիտակցում է, որ մեծ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին, որը նրան չի ներվելու։ Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից հետո, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին և ամեն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էության ծուղակ է եւ արատավոր շրջան, որի մեջ ինքն իրեն գցել է Փաշինյանը։ Այն հանգամանքը որ նրա ամեն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձյալ, իմ համոզմամբ, ոչ թե դավադրություն է, այլ հենց այս արատավոր շրջանի հետեւանք. Փաշինյանի կառավարման օրոք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձեւը չիմացող Փաշինյանը հարկադրված է հորինել հիմնավորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճկաը, որը շտկելու կարողությունը ու ձեւը Փաշինյանը չունի ու չգիտի, նա՝ ինքնաարադարացման ծուղակի մեջ, խորացնելու է այս ապազգային հռետորաբանությունը, ավելի խոցելի դարձնելով Հայաստանի վիճակը՝ էլ ավելի անդառնալի կորուստներով։ Փաշինյանի վիճակը դժվար է նախանձելի համարել։ Բայցեւ ընդդիմությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը նույնպես գիտակցում է, որ իր համար իշխանություն կորցնելը «կենաց մահու» խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագույն մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինյանի համար իշխանությունը «կենցա մահու» խնդրից ավելի ընդունելի ընտրության վերածելն է։

Փաշինյանը պետք է հրաժարական տա մի պարզ պատճառով՝ նա չունի ոչ երկրի ղեկավարելու կարողություն, ոչ էլ որևէ արտաքին դաշնակից ուժի աջակցություն։ Նա չի գիտակցում իր դերի պատասխանատվությունը, վերջին յոթ տարվա ընթացքում չի սովորել կամ զարգացել և դրսևորում է վարքի անհավասարակշռության նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խոսքի կշիռն ու նշանակությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ, ու դրա արդյունքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության, զարգացման, բարօրության և ազգային համախմբման համար»,-գրել է նա։

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը։ Ընդդիմությունն էլ պետք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կվերածվի «կյանքի ու մահվան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինյանի կողմից իշխանության յուրացման գայթակղությունը և բարձրացնելով ներքին բախումների հավանականությունը։

Նմանատիպ նյութեր

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել. Սամվել Կարապետյան

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել. Սամվել Կարապետյան

«Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- RT-ին ասել է գործարար Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով  ՀՀ ՆԳՆ-ի կողմից իրեն ձերբակալելու փորձը: Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի...

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է։ Առիթը հակասահմանադրական, հակաբարոյական ու ապազգային հարձակումից Հայ Եկեղեցու...

Ո՞ւմ փողերով է էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, գիտե՞ս․ Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

«Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին ուղղված գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն...

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե համայն հայության պաշտպանն է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին հենց հիմա...

Գան բոլորիս տուն մտնեն նոր հասկանանք ինչա կատարվում. Կարեն Կարապետյան

«Եթե շատվորով էլ գան, մեր սիրտը լայն է ՝ կընդունենք բոլորին։  Տուն մտա ջուր խմեցի, դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ ա, մեր թոռները վազում են, էդքան բան։ Խուզարկություն չի իրականացվում տանը»,- այս մասին լրագրողների հետ...