Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը

27 Հուլիսի, 2025

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Աղբյուրը՝ Qahana.am

Նմանատիպ նյութեր

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը...

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...