Այո, հունիսի 7-ի ընտրություններին ընդդիմությունը չի հաղթել, և դա վատ է, բայց չի հաղթել նաև օրվա իշխանությունը․ Իշխան Սաղաթելյան

2 Օգոստոսի, 2026

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․

«Այսօր ես չեմ խոսելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի և Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին: Խոշոր հաշվով, որևէ նշանակություն չունի, թե գործող ռեժիմի որ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի խոսնակ, ովքեր կնստեն այս վերևի աթոռներում: Որովհետև բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել է: Հետևաբար, Ազգային ժողովի Անդրանիկ նիստում այս ամբիոնից ես խոսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերների մասին և ամենակարևորը՝ խոսելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:

Սիրելի հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից բարձրաձայնել ենք ու Հայաստանի Հանրապետության տարբեր հրապարակներից՝ մի շարք կարևոր խնդիրներ: Խոսել ենք այս իշխանության բնույթի և բովանդակության մասին: Դժբախտաբար, մեր բոլոր գնահատականները, մտահոգությունները և կանխատեսումներն իրականություն են դարձել՝ Արցախի հայաթափումից մինչև անվտանգության համակարգի փլուզում: Բաքվի բանտերում տանջվող հայ գերիներից մինչև Ադրբեջանի նորանոր պահանջներ, սոցիալ-տնտեսական հարցերից մինչև խաղաղամոլության ու թմրամոլության ահագնացող աճ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումից մինչև տասնյակ քաղբանտարկյալներ։ Մենք ամեն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կետին չհասնենք։

Ցավոք, այս կորուստների զիջումների շղթան ընտրություններով չկտրվեց: Այո, պարոն Ռուբինյան, հունիսի 7-ի ընտրություններին ընդդիմությունը չի հաղթել, և դա վատ է, որ չի հաղթել, բայց չի հաղթել նաև օրվա իշխանությունը: Հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններից մեկն են եղել: Վարչական ռեսուրսի աննախադեպ և բացահայտ կիրառում: Պետական բյուջեի հաշվին սեփական քարոզարշավի ֆինանսավորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ տեռոր, ընդդիմադիր գործիչների ձերբակալություն, կալանավորումներ, նախընտրական շտաբների գործունեության պարալիզացում։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրությունները։ Եվ ի վերջո՝ ընդդիմադիր շեմը հաղթահարած ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ձայները գողացվել է։

Հետևաբար այս խորհրդարանը ունի լեգիտիմ ության լրջագույն խնդիր, նաև այս խորհրդարանի ձևավորած կառավարությունը, և այդ մասին դուք ևս լավ գիտեք:

Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչից հետո հարց է առաջանում՝ ի՞նչ է անում ընդդիմությունն այս դահլիճում և ի՞նչ անելիք ունի առաջիկայում: Շատ պարզ և ուղիղ ձևակերպեմ․ մենք այստեղ ենք մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու և մեր համազգային նպատակները առաջ մղելու համար: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքվում գտնվող գերիների խնդիրներից խոսելու, Հայաստանի օկուպացված տարածքների մասին բարձրաձայնելու և այո Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար: Արդյո՞ք սա բավարար է փոփոխության հասնելու համար: Միանշանակ ոչ:

Սիրելի հայրենակից, մենք գիտենք, որ որ փոփոխության հասնելու պահանջը ձևակերպված է ընդդիմությունից, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմությունից: Մենք ընդունում ենք այդ պահանջը, քննադատությունը, մտնում ենք այդ պատասխանատվության տակ և ամեն ինչ անելու ենք փոփոխության հասնելու համար: Մեզ պետք է ձեր աջակցությունը, ձեր վստահությունը և թիկունքը, որպեսզի գնանք առաջ:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության համար համակարգային ընդդիմությունը անհրաժեշտություն է․ դա նաև դիմադրություն է մեզ պարտադրվող արտաքին և ներքին օրակարգերը խափանելու և մերժելու համար: Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության և իշխանության տարբերության մասին․ ուզում եմ շատ հստակ լինի, մեր և ձեր հակասությունները, առճակատումները չթաքցնեմ՝ երբեմն ատելությունը անձնական բնույթ չունեն, դա ունի խորը գաղափարական հենք, դա մեր պետության անցյալի, ներկայի և ապագայի մասին պատկերացումներն է: Այն մոդելը, որ դուք առաջարկում եք «իրական Հայաստանի» փաթեթավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ է: Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական պետությունը ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ հրաժարվենք մեր անցյալից, մեր ժառանգությունից, մեր իրավունքներից ուրանալ Հայոց ցեղասպանություն: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրվելու և ընտրելու համար ազատազրկեն, խլեն սեփականությունը: Ազատ խոսքը Հայաստանում ոչ միայն վտանգված է, այլ գողացված։ Մենք մերժում ենք այս իրականությունը։

Մեր այլընտրանքը անվտանգ և մրցունակ Հայաստանն է, բայց էությամբ և բնույթով՝ հայկական Հայաստանը, որը ապրում է խաղաղ, բայց միևնույն ժամանակ պատրաստ է պաշտպանելու իրեն, ով չի հրաժարվում իր քաղաքացիների իրավունքներից, իր համազգային նպատակներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ով չի հրաժարվում Արցախում գտնվող հայ գերիներից:

Սիրելի հայրենակից, իսկապես ընդդիմություն-իշխանություն այս հակասությունը սովորական կռիվ չէ։ Սա, նորից եմ կրկնում, հայկական դիմադրություն է, որը պետք է կարողանանք առաջ տանել։ Ես հավատում եմ հայ ժողովրդի հաղթանակին, հայ ժողովրդի ապագային և ամեն ինչ անելու ենք այս ընթացքը կասեցնելու, երկիրը պետական ազգային ուղեգիծ վերադարձնելու և փոփոխության հասնելու համար:

Եվ վերջում․ պա՛րոն Ռուբինյան, Դաշնակցությունը ձեզ, «Քաղաքացիական պայմանագրին», Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար: Մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար:

Եվ մի բան էլ ասեմ, որ հետո չասեք՝ չեն ասում: Լավ իմացեք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու, դուք չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշեն հանձնելու, դուք չունեք մանդատ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելու, անկախության հռչակագրից հրաժարվելու, Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար։ Եվ վերջապես, դուք ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու»։

Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս պառլամենտը լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով չի ձևավորված․ Գեղամ Մանուկյան 

«Մոտս դեժավյու է։ 2021 թվականի ճիշտ այս օրը Քաղաքացիական պայմանագիրն ասում էր՝ «Դե, ժողովուրդ ջան, ինչ եղել՝ եղել է, եկեք համակերպվենք ու սկսենք զրոյից»։ Եվ այդ օրը ելույթումս պատմեցի մի պատմություն, որը հիմա կրկնում եմ։ 1988 թվականին,...

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ քաղաքացիները սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել են օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը։ 10 հիվանդի...

Այս իշխանությունը չի գործում մեր ժողովրդի և հայրենիքի շահերից, մենք չենք հանձնվելու. Լևոն Քոչարյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Ուզում եմ խոսքը սկսել նախ շնորհակալություն հայտնելով գրեթե 150 000 այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ, ովքեր գնահատել են, չնայած այն ամբողջ...

Նախագահի հրամանագրով՝ Փաշինյանը կրկին վարչապետ նշանակվեց

Նախագահի հրամանագրով՝ Փաշինյանը կրկին վարչապետ նշանակվեց

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- նշվում է...

Իրապես խայտառակություն է, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց. Արամ Վարդևանյան

  «Պարոն Հասանովը հենց այն պատգամավորն էր, որը հենց նախորդող Ազգային ժողովի գումարման նիստերը նախագահելու շրջանակներում՝ առաջին նիստի մասին է խոսքը, մշտապես ունեցել է նաև Վեհափառ Հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր...