Անպայման հաջողելու ենք․ մեր ձևով՝ դեպի ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան

12 Փետրվարի, 2026

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել է վարչապետի կուսակցության թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը, որի պատկերը ստեղծվել է արհեստական բանականությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ, 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ դեռ մեկ ամիսը կալանքիս չէր լրացել, դիմեցի ձեզ ու ասացի իմ նախաձեռնության մասին, որն այսօր իրականություն է դառնում: Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական մեկ բռունցք դառնալով մտնում ենք քաղաքական պայքարի մեջ, հանուն մեր հայրենիքի լավ ապագայի:

Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով՝ փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը, ձեր բոլորի ձայնը, բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին։ Հիմա մեր ձայնը ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։

Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար:

Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից: Հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը:

Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ․ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ:

Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խուսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից: Խաղաղություն առանց ուժեղ պետության՝ կոչվում է հանձնվել: Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի: Սա հերթական սուտն է՝ հանրությանը վախեցնելու համար: Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով: Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ և դրա ներդրմամբ, որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ:

Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը: Մի առիթով հայտարարել էի՝ նույնիսկ մեր սեփական գրպանների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը: Մեր առաջարկելիք ծրագիրը ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան:

Մեր մեծ թիմը և ես անձամբ աշխատում ենք ոչ թե երկրի տնտեսության դանդաղ վերակենդանացման, սոցիալական իրավիճակի որոշակի բարելավման, այսինքն «յոլա գնալու» ռեժիմին վերադառնալու համար, այլ որպեսզի հստակ ու արագ քայլերով տանենք Հայաստանը սրընթաց զարգացման, իսկ մարդկանց՝ դեպի տեսանելի բարեկեցություն: Բարեկեցություն, որտեղ մարդիկ արժանապատիվ աշխատանքով վաստակում են արժանապատիվ աշխատավարձ: Շուտով հետևողականորեն կպատմենք ձեզ մեր բոլոր ծրագրերի մասին, որոնք բացառիկ են Հայաստանի համար ու թույլ կտան արագորեն լուծել մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գլխավոր խնդիրը: Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օդևան, որտեղից ուզում են փախչել:

Ինձ հարցնում են՝ այս վիճակում ինչու՞ որոշեցի մտնել քաղաքականություն: Ես ծնվել եմ Հայաստանում։ Ես գիտեմ մեր քաղաքում և գյուղում ապրելու դժվարություններն ու քաղցրությունը։ Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ: Իմ կյանքի ընթացքում տասնյակ երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել՝ շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ: Բարի համբավս թույլ է տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել աշխարհով մեկ ու իմ ստեղծելու այդ ներուժն այսուհետ պետք է ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին:

Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ, մնացել է ընդամենը 115 օր մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան և մեր ուժեղ Հայաստանը կլինի բոլորիս իրականությունը: Հայաստան, որտեղ մեր սփյուռքը, դրսում ապրող մեր քույրերն ու եղբայրները կրկին կզգան իրենց Հայաստանում, ինչպես իրենց ամենալավ ու ամենաապահով տանը: Մեզ համար առաջնահերթություն է լինելու ոչ թե Սփյուռքից նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական էմոցիոնալ կապը: Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն։ Պետություն, որը կխոսի բոլոր հարևանների ու կաշխատի բոլոր գերտերությունների հետ, բոլորի հետ: Մեր դիվանագիտական հարաբերությունների հենքը պետք է լինի մեր երկրի առջև առկա մարտահրավերները խաղաղ ու պրոֆեսիոնալ կերպով լուծելը: այլ ոչ թե աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ մտնելը:

Ընդամենը 115 օրից բոլորը կտեսնեն, որ «Ուժեղ Հայաստանը» ոչ միայն կուսակցության անուն է: Սա խոստում է, որն այսօր տալիս ենք Հայաստանի ողջ ժողովրդին ու ողջ հայությանը, իսկ վաղը դարձնելու ենք իրականություն:

Ընտրությունը բոլորիս առջև հստակ է․ թույլ առաջնորդությո՞ւն, թե՞ ուժեղ առաջնորդություն, բաժանո՞ւմ, թե՞ համախմբում, ինքնիշխանության շարունակական զիջո՞ւմ, թե՞ ինքնիշխանության ամրապնդում, նվաստացո՞ւմ, թե՞ արժանապատվություն, հուսահատությո՞ւն, թե՞ հույս:

Ուժեղ Հայաստանի կառուցումը հենց նաև հույսի մասին է: Լավ իմացեք, Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 8-ից: Մեր վճռական, համառ ու չհանձնվող մեծ թիմի հետ միասին չենք կորցնելու ոչ մի օր ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին: Վստահ եղեք, անպայման հաջողելու ենք։ Մեր ձևով՝ դեպի ուժեղ Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի Լախիսարայի Աշոկ Դհամ տաճարում էլեկտրական սյան ընկնելու հետևանքով առաջացած փլուզման հետևանքով, ըստ պաշտոնյաների, զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ «Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ...

Ձեր վերանորոգած մանկապարտեզում ձեր բոցաշունչ տոնով, որ գոռանք ծեփոնները կթափվի մեր գլխին․ Մեսրոպ Մանուկյան

  «Երևան քաղաքում, ժողովո՛ւրդ, վերջին չորս տարին (հատուկ ՔՊ-ական գործընկերների համար եմ ասում) բյուջեով բերում են, ներկայացնում են մոտավորապես 15 հատ մանկապարտեզ։ Տիկի՛ն Մանավազյան, ուրեմն չորս տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է,...

Դուք ռիսկի եք ենթարկում մի ամբողջ սերնդի կրթության որակը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան»...

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։ 2023-ից մինչև 2025-ի հունիս ամիսը Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր, իսկ 2020–2023 թվականներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Հովհաննիսյանը փոխարինելու...

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո հինգշաբթի օրվանից կվերականգնվեն։ Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։ Թավրիզում «Աֆթաբ Նյուզ»-ին տված հարցազրույցում Արևելյան Ատրպատականի օդանավակայանների գլխավոր տնօրեն...