Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

7 Օգոստոսի, 2026

Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում.
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո Մայր Աթոռի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդը Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը, որից ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներկաներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽՈՍՔԸ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ, որ դատարանի շրջափակում Հայ Եկեղեցու դեմ մերժելի գործընթացների առնչությամբ ձեր ընդվզումն արտահայտելուց հետո այժմ, համախմբված Մայր Տաճարում, միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար։
Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգևոր ժառանգության։
Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվումԵկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին իրենցկամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։
Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքներով նաև Մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։
Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու Մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։
Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ» (Սաղմ. 45.2)։ Անտարակույս, Մեր ապավինությունն Աստված է, և Մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։
Սիրելի հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր Մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին,գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր Եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։
Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնենչարակամության ու ատելության խոսույթները։Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։
Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն, անխախտ հավատարմությունը՝ ազգային-հոգևոր մեր սրբազան արժեքներին։ Արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստ առաքյալի պատգամի՝ զորանանք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ (Եփ. 6.10):
Հավատում ենք, որ մեր Սուրբ Եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։
Մեր հայացքն ուղղված է Աստծուն և Մեր ջանքերը՝ հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս այսօր և միշտ և հավիտյան։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

Նմանատիպ նյութեր

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է...

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

Ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ հարևան երկիրը՝ ոչ. ԱԽՔ

TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽք Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի...

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատի ԿԽ-ի կոչը՝ ՄԱԿ-ին

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Գլխավոր քարտուղարը պետք...

«Daroink»-ի  տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի...

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...