ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը մշտապես վիճաբանել է կնոջ հետ, ինչը պարբերաբար ուղեկցվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ, սպանության սպառնալիքներով, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով:
Հերթական վիճաբանությունից հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ամուսինը սահմանափակել, ապա արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը՝ շարունակական հոգեբանական բռնության ենթարկելով նրան, իսկ երեխաներին դիտավորությամբ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:
Բացի այդ, 2023 թվականի օգոստոսին և դեկտեմբերին ամուսինը ներսից կողպելով տան դուռը՝ դանակով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության մի շարք մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:





