ԱՄՆ 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

22 Նոյեմբերի, 2025

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի  և Շելդոն Ուայթհաուսի  գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։

Մեկնաբանելով Հայ դատի հանձնախմբի կողմից օժանդակվող այս նամակի հրապարակումը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այն փաստը, որ Սենատի քսանյոթ դեմոկրատներ՝ կազմի կեսից ավելին, ներառյալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիորեն բարձրացնելով դրանց նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ–Վենսի վարչակազմի համար»։

Սենատորների նամակում մասնավորապես ասվում է․ «Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։ Նամակում ընդգծվում է․ «արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120․000 քրիստոնյա հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում»։

Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին հորդորում են Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում ձեռնարկել երեք կոնկրետ քայլ․ պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների և ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, պահանջել, որ Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին հետևել հայ քաղաքական գործիչների դեմ ընթացող դատավարություններին, կիրառել «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսված պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար։

Անդրադառնալով ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին սենատորները նկատել են․ «Թեև մենք զգուշավոր հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան վերջին բանակցությունները կարող են տարածաշրջանի համար ավելի խաղաղ ապագա ապահովել, Ադրբեջանը շարունակվող պատանդառությամբ և անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։ «Հայաստան–Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում բացակայում է որևէ դրույթ՝ ուղղված հայ գերիների ազատ արձակմանը։ Մագնիցկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար»։ Նամակում նաև զգուշացվում է, որ «ԱՄՆ-ի շարունակական անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է և լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ»։

Սենատորները եզրափակում են. «ԱՄՆ-ի համար և՛ բարոյական, և՛ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին և ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատանքներ է իրականացնում, այդ թվում հանձնախմբի էլեկտրոնային հարթակի միջոցով (anca.org/prisoners), համայնքային համախմբում ապահովելու և Սենատի վրա ամերիկահայ ընտրողների ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Զուգահեռաբար հանձնախումբն աշխատում է Սենատի հանրապետականների հետ՝ վերջիններիս կողմից նմանաբնույթ նախաձեռնություն ապահովելու ուղղությամբ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

22 նոյեմբեր 2025 թ.

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...