Ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը. Միրզոյան

4 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը:

Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից պետությունների գործընկերների հետ:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը: Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև:

«Հարգելի՛ նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք արտահայտել մեր երախտագիտությունը Ֆինլանդիայի նախագահությանը՝ նախարարական խորհրդի այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ավստրիացի գործընկերներին նրանց ավանդական լավ հյուրընկալության համար։

Հիսուն տարի առաջ՝ գաղափարական հակադրության, փոխադարձ վստահության պակասի, թյուրըմբռնումների և աշխարհաքաղաքական տարաձայնությունների պայմաններում, Հելսինկյան եզրափակիչ ակտը կարողացավ միավորել պետություններին ընդհանուր սկզբունքների շուրջ՝ նվազեցնելով նոր համաշխարհային պատերազմի և հակամարտության վտանգները։

Իհարկե, մեր աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները շարունակում են միտված լինել կիրառելի և կենսունակ միջազգային շրջանակի ապահովմանը։ Այսօր՝ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում, պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են:

Ձերդ գերազանցություններ,

Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում իմ վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ։ Որպես ամենանշանակալին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։ Հայաստանը և Ադրբեջանը նաև նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նույն Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ընթացքում մենք համաձայնեցինք համատեղ դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ առաջարկելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցները, ինչը պաշտոնապես նշանավորեց հակամարտության ավարտը։

Վաշինգտոնի հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։ Ընդլայնված փոխկապակցվածությունը՝ ներառյալ «ԹՐԻՓ ուղու» իրագործումը, միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն՝ կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարանցիկ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ վերջին հայտարարությունը։ Որպես անմիջական և գործնական արդյունք՝ հացահատիկի առաջին բեռներն արդեն Հայաստան են հասել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծային երթուղու միջոցով։ Իր հերթին Հայաստանը հայտարարել է Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների տարանցումն ապահովելու պատրաստակամության մասին։

Իմ ներկայացրած շղթայում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Ձերդ գերազանցություններ,

Այսօր ժողովրդավարությունները բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը՝ թե՛ ներսից և թե՛ դրսից: Խառնածին սպառնալիքներն, այդ թվում՝ ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումներն, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաև խոցելիության գործիքավորումը, նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտներն, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը՝ քայքայելով հանրային վստահությունը և բևեռացնելով հասարակությունները։

Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում՝ համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների և ԵԱՀԿ մեր պարտավորությունների։

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆինլանդիային՝ արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթել Շվեյցարիային՝ իր առաջիկա նախագահության շրջանակներում:

Շնորհակալ եմ»:

Նմանատիպ նյութեր

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել

  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամսվա ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են...

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում...

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. «Հետք»

«Հետքը» գրում է. «Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Որոշման նախագիծը կազմել...

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես...

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում...