Աղոթում եմ, որ Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ․ Արագածոտնի թեմի առաջնորդ

31 Դեկտեմբերի, 2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձ է հղել կալանավայրից․

«Սիրելի՛ հավատացյալ հայ ժողովուրդ,

Նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես ձեզնից հեռու եմ, սակայն հոգով, աղոթքով և սիրով՝ ձեր կողքին եմ։ Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ոչ կապանքները, ոչ նեղությունները, ոչ հալածանքնեը, ոչ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)։

Այս օրերին, երբ մարդկային անարդարությունն իր ծանր շունչն է զգացնել տալիս, առավել հստակ ու վճիտ է հնչում Տիրոջ Ծննդյան ավետիսը։ Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում․ այն այստեղ է՝ մխիթարելու վշտացած սրտերը, զորացնելու թուլացած հոգիները և հույս ներշնչելու նրանց, ովքեր սպասում են արդարությանը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» (Եսայի ԽԱ․10)։ Այս խոսքը հնչում է ոչ միայն Սուրբ Գրքի էջերից, այլև յուրաքանչյուր փորձության խորքից։ Այն զորացնում է ինձ այս պայմաններում և հավատով վստահ եմ, որ նույն խոսքն է ամրացնում նաև ձեզ՝ ձեր անձնական խաչերը կրելու ու դժվարությունների մեջ։ Մարդկային անարդարությունը ժամանակավոր է, իսկ Աստծու ճշմարտությունը՝ հավիտենական։ Եվ ինչպես Տերն Ինքը վկայեց․ «Կճանաչեք ճշմարտությունն, ու աւյն կազատի ձեզ» (Հովհ. Ը․ 32)։

Այս սուրբ օրերին աղոթում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար՝ ձեր ընտանիքների խաղաղության, ձեր զավակների լուսավոր ապագայի, ձեր հավատքի անսասանության համար։ Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը։ Աղոթեք նաև դուք՝ հոգևոր դասի ուխտապահության և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

Հատուկ աղոթք և որդիական մաղթանք եմ հղում Նորին Սրբությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի Սուրբ Ծննդյան անճառելի խորհրդով պարուրված Ամենաբարձրյալ Տերն Իր Սուրբ Աջի ներքո պահի և պահպանի Նրան՝ պարգևելով քաջառողջություն, իմաստություն և հայրապետական զորեղ ու ծաղկյալ գավազան՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Թող այս բերկրալի տոները դառնան խաղաղության, միասնության, ապաշխարության և հոգևոր հաղթանակի սկիզբ։ Թող Նոր տարին մեզ առաջնորդի դեպի լույս, ճշմարտություն և ներքին ազատություն, որ սկիզբ է առնում սրտից։

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»»։

Նմանատիպ նյութեր

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...