Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Տիկին Օդրի Պուլվարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Օդրի Պուլվարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։





