Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը բազմիցս անդրադարձել ենք։ Երեկ հերթական անգամ փորձեց բացատրել պաշտոնանկությունների իր մեթոդը՝ հայտարարելով՝ նշանակումներն ու ազատումները հո ինքնանպատակ չեն, իրավիճակների վերլուծության արդյունքում են որոշվում. «Չի եղել ու չի լինելու մի դեպք, որ որևէ անձի աշխատանքից ազատեմ մի պատճառով, ոչ էլ երկու պատճառով, ոչ էլ երեք պատճառով։ Պետք է գոնե 4 պատճառ ունենամ, որ որոշում կայացնեմ նման կադրային փոփոխությունների»։
Այս հայտարարությանը ծիծաղով, հեգնանքով, անգամ հռհռալով կարձագանքեն նրանք, ում աշխատանքից անհիմն ազատել է, նրանք, ում աշխատանքից ազատել է մի թեթև պատճառով, նրանք, ովքեր մեկ չէ, երկու չէ, բազմաթիվ պատճառներ են տվել աշխատանքից ազատելու, բայց շարունակում են պաշտոնավարել ու ձախողել։
Նրա կադրային քաղաքականությունը վաղուց ստացել է կադրային ցունամի անվանումը․ այն ոչ թե կառուցում, այլ քանդում է պետական համակարգը՝ պաշտոնները դարձնելով փորձարկումների հարթակ։ Նախ եթե աշխատանքից ազատելու համար չորս պատճառ է պետք, ապա նշանակելու համար ի՞նչ չափանիշներ են գործում։ Մեկը ՔՊ-ական լինելն է կամ ՔՊ-ի թրի տակով անցնելը, թեկուզ՝ նախկինից։ Մյուս հիմքը կարող է լինել ԽԾԲ համակարգը, գլխավորը կլինի իրեն լոյալությունը, առավելություն գուցե դիտվի թրքասիրությունը, բայց ոչ երբեք՝ պրոֆեսիոնալիզմը, մասնագիտացումը։ Արդյո՞ք սա չէ հենց «թեկուզ պոլի փետ, բայց՝ մեզնից» սկզբունքը։
Այս պահին ՏԻՄ ընտրություններ են․ մի շարք համայնքներում ՔՊ թեկնածուների մեջ են մարդիկ, որ անցնում են քրեական գործերով։ Փաշինյանը քաղաքապետի ԺՊ էր նշանակել խուլիգանության համար դատապարտածին։ Սոցապահովության պաշտոնյա է նշանակում մարդու, որը հետախուզվել է գողության համար, պատգամավոր է բերում մարդու, որը երակները կտրել է, որ բանակ չգնա։ Ի՞նչ եք կարծում, նրանց առաջ դրվե՞լ է բարձր մասնագիտացման պահանջ։ Բնականաբար՝ ոչ․ եթե մասնագիտական որակով առաջնորդվեր, դժվար իրավաբանին նշանակեր առողջապահության նախարար, պատմության դասատուին՝ պաշտպանության նախարար, նկարչին՝ վերահսկողական ծառայության պաշտոնյա, կերպարվեստի ֆակուլտետի շրջանավարտին՝ ընդերքի ոլորտում պաշտոնյա, կղանքի մասին երգ երգողին՝ ՀՌՀ անդամ, քարտուղարուհուն՝ փոխնախարար, բուսաբանության ոլորտի պաշտոնյային՝ մետրոպոլիտենի ղեկավար, դիջեյին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, միայն միջնակարգ կրթություն ունեցողին՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ։ Սրա կադրային հեղափոխությունը էս է։
Սա՝ նշանակումները․ իսկ ազատումնե՞րն էդ ինչ չորս պատճառներով են։ Օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ինչի՞ հանեցիք, ո՞ր չորս պատճառով։ Մեկը իմացանք․ Ալեն Սիմոնյանը նրա պաշտոնն էր ուզել, բա մյուս երե՞քը որոնք էին։ Մենք ենթադրություններ ունենք, բայց իրականությունը ո՞րն է։ Վերջերս պաշտոնանկ արվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Սանամյանը։ Մեկ պատճառ իմացանք միայն, այսինքն՝ ենթադրեցինք․ ադրբեջանցի տեռորիստի անցումը ՀՀ սահմաններից ներս։ Բայց օրեր անց նշանակեց ԱԱԾ տնօրենի խորհրդական․ դա՞ ինչ պատճառով էր։ Վերջերս պաշտոնանկ եղավ Փաշինյանի արարողակարգի պետը․ գրվեց, թե COP17-ի շրջանակներում ինչ-որ թերացումէ արվել, Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են Ղազախստանի նախագահ։ Դա մեկ պատճառ, բա հետո՞։ Էդպիսի՞ «կիքսեր» եք տվել։ Կամ որ մեկ օրում 6 «ուսապարկի» ազատեց պաշտոնից, կեսը՝ անկախ կառույցների ղեկավարներ՝ ԲԴԽ նախագահ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ և այլն, ո՞ր 4 պատճառով էր, էդ ի՞նչ էր եղել, որ մեկ գիշերում նման որոշում կայացվեց։ Իրավունքն էլ չուներ, անկախ մարմինների ղեկավարներ էին։ Իհարկե, նրանք բոլորն էլ վաղուց պետք է ազատված լինեին, եթե կուզեք իմաանալ՝ պետք է ոչ էլ նշանակվեին էդ պաշտոններում, բոլորովին համապատասխան չէին, ԲԴԽ նախագահը ինչքան նորմալ դատավոր կար՝ կարգապահական վարույթներով հեռացրել է համակարգից, Սասուն Խաչատրյանը գործեր էր կարում ու հեռախոսով քննարկում էր կալանքը, մյուսներին չանդրադառնամ, բայց Փաշինյանը ինչի՞ համար հեռացրեց նրանց, վստահ եմ՝ դրա համար չի հեռացրել։ Բա ժողովրդին խոստացել ես ոչինչ չթաքցնել, թե՞ ձեր ներքին պայմանավորվածությունների, առևտուրների, գործարքների մասին լռություն, մինչև մի օր բացահայտվի սաղ։
Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին պետական ոլորտից երբ հեռացնում են աշխատանքից, պատճառը իմանում ենք, մնացածին պետք է գուշակենք։ Բայց ընդդիմադիր հայացքներ ունեցողներին էլ աշխատանքից ազատում է աշխատանքի հետ չկապված պատճառով, այլ՝ ընդդիմադիր լինելու համար։ Կարդացինք՝ պայմանագրային զինծառայողին աշխատանքից ազատել են, որովհետև հայրը «Ուժեղ Հայաստանին» է միացել․ հերը դարձել է կուսակցության անդամ, որդուն հանել եք գործից։ Ծառայության մեջ չի թերացել, քաղաքական ակցիաների չի մասնակցել, բայց հայրը ընդդիմադիր է, որդուն պատժել են։ Անընդունելի է, բայց դա համարենք 1 պատճառ, մյուս երեքը որո՞նք են․ ասում եք՝ 4 պատճառ մինչև չլինի՝ գործից չենք ազատում։ Կամ մարզադպրոցի ուսուցչին, որ աշխատանքից ազատել էիք Լևոն Քոչարյանի հետ նկարվելու համար, ի՞նչ 4 պատճառ կար։ Բժշկուհունմ որ աշխատանքից ազատեցիք Նիկոլի հետ վիճելու համար, թերացե՞լ էր աշխատանքում, ի՞նչ հիմք էր տվել ազատելուի։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ ինձ ՊԵԿ-ից հեռացրել են՝ ասելով՝ «դու յուրային չես»։ Ո՛չ մասնագիտական որակ, ո՛չ աշխատանքի թերացում, ընդամենը՝ «դու յուրային չես»։
Եվ ուրեմն, անկեղծորեն ասեք՝ ինչպես որ թայֆաբազությամբ նշանակում եք, նույն տրամաբանությամբ էլ հեռացնում եք։ Քանի՞ հոգու անուն տամ, որ գործից հանում եք առանց պատճառի․ խոսքը միայն ընդդիմադիր լինելու մասին չէ։ Ու քանի՞ հոգու անուն տամ, որ անհիմն ազատել եք աշխատանքից, դիմել է դատարան ու կրել է դատը։ 4 պատճառ ունենալու դեպքում աշխատանքից ազատողին քանի՞ հոգու անուն ասեմ, որոնց պաշտոնանկ չի անում, չնայած 4 չէ՝ 10 պատճառ կա հեռացնելու։ Այս տարի բանակում 40-ից ավելի մահ կա․ դա քեզ 40-ից ավելի պատճառ՝ Սուրեն Պապիկյանին հեռացնելու։ Թշնամիները ներխուժում են Հայաստան․ դա քեզ լիքը պատճառներ Պապիկյանին պաշտոնանկ անելու։ Զորանոցում 15 զինվոր է զոհվում․ դա քեզ ևս 15 պատճառ Պապիկյանին հեռացնելու։ Մեր երկրում ամեն օր փողոցներում մարդիկ են սպանվում, դանակահարվում․ ամեն մեկը մի պատճառ է Արփինե Սարգսյանի պաշտոնանկության։ Տեռորիստը ներխուժում է գյուղ, որը հսկում են ոստիկանները, ու դեպքի վայր նրանք հասնում են ամենավերջում․ միայն դրա համար պետք է ՆԳ նախարարության ողջ ղեկավար համակարգը փոխվեր։ Վեշիլկայի համար մարդ էր գործից հանում, բայց նախարարի պատասխանատվության ոլորտում սպանությունների համար՝ ոչ։
Կարճ ասած՝ ասում է՝ պետք է հանրության առաջ թափանցիկ լինի ամեն ինչ, բայց հանրությունը այդպես էլ չի իմանում ո՛չ աշխատանքի ընդունման հիմնավորումը, ո՛չ աշխատանքից ազատման պատճառները։ Դրա համար էլ, երբ մեկին պաշտոնի են նշանակում, մենք մտածում ենք, որ հաստատ էդտեղ ո՛չ պետական շահն է, ո՛չ պրոֆեսիոնալիզմը, ինչ-ինչ գործարքներ են, խծբ է և այլն․ իսկ երբ ազատում են՝ մտածում ենք՝ հաստատ թերացումը կապ չունի, ինչ-որ բան չեն կարողացել իրար մեջ կիսել։ Փաշինյանն ասում է, թե «պետական ինստիտուտները նախկինում ուզեցել են սարքել իրենց ջեբի շները»։ Իսկ ինչո՞ւ նախկինում․ հիմա, հիմա ի՞նչ է։ Այնպես որ, 4 պատճառի մասին հեքիաթները թողեք Ձեր «ուսապարկերին»։
Սևակ Հակոբյան






