Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր երկրի զինված ուժերի վետերաններին կոչ է արել պատրաստ լինել պատերազմի դեպքում զորակոչվելուն և առաջարկել մասնակցել ռազմական զորավարժությունների։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է The Telegraph թերթը։
«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պահեստազորի զինծառայողներին հորդորել է պատրաստ լինել պատերազմի դեպքում զորակոչվելուն։ Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ ռազմավարական պահեստազորի շուրջ 100 հազար զինծառայողների նամակներ են ուղարկվել՝ առաջարկելով կամավոր մասնակցել զորավարժությունների, այդ թվում՝ հաջորդ գարնանը նախատեսված ՆԱՏՕ-ի խոշորագույն՝ Steadfast Defender զորավարժություններին»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ դիմումները հասցեագրվել են պահեստազորայիններին՝ բանակից վերջերս զորացրված վետերաններին, որոնք արտակարգ իրավիճակներում ենթակա են զորակոչի։
Նամակները, որոնք ուղարկվել են զինված ուժերի բոլոր երեք տեսակների նախկին զինծառայողներին, պարունակում էին նաև խնդրանք՝ թարմացնել իրենց կոնտակտային տվյալները և տեղեկություններ տրամադրել ներկայիս աշխատանքի ու մասնագիտական հմտությունների վերաբերյալ։






