Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։
Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղման հեռացումը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմաններից է եղել։ Գործակալությունը նշում է, որ Բաքուն բազմիցս պնդել է՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով նոր նախագծին, հայտարարել է, որ Բաքվի համար կարևոր է, որպեսզի Հայաստանի նոր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ։ Նա դրական է գնահատել նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը՝ նշելով, որ այդ հարցի լուծումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման այլ խոչընդոտ չի տեսնում։
Associated Press գործակալությունն իր հերթին ընդգծում է, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարարում է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի սահմանադրական տեքստից հեռացնել Անկախության հռչակագրի հիշատակումը։ Գործակալությունը նաև նշում է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը նախագիծը համարում են զիջում Ադրբեջանին։
Ռուսալեզու Meduza պարբերականը հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծ՝ Ադրբեջանի պահանջին ընդառաջ զիջման գնալով»։ Ըստ պարբերականի՝ նախագծից հանվել է 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը, որի նախաբանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Հրապարակման մեջ նշվում է, որ այդ հղման հեռացումը Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի կնքման պայմաններից մեկն է։
The Washington Post-ը նույնպես նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի գործընթացի համատեքստում՝ նշելով, որ Բաքուն պահանջել է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ նախքան վերջնական համաձայնագրի ստորագրումը։
Այսպիսով, միջազգային մամուլի հրապարակումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը համընկնում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջի հետ։





