Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։
Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177 հոդվածի 1-ին մասով), սուտ մատնության (333 հոդվածի 1-ին մասով) և թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր հափշտակելու (397 հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով, իր կացարանում բարձր երաժշտություն է միացրել ու, չենթարկվելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջին, սկսել է բղավել, աղմկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել քրեակատարողականի ծառայակիցների հասցեին։
Նա միաժամանակ սպառնացել է ազատվելուց հետո հաշվեհարդար տեսնել նրանց հետ։
Տևական ժամանակ խաթարվել է քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, տվյալ մասնաշենքում գտնվող դատապարտյալների անդորրը։






