Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը և դրա արդյունքներով ընդունված հռչակագիրը դրական արձագանքների են արժանացել մի շարք երկրներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տարբեր երկրների քաղաքական գործիչների և փորձագետների գնահատականները։
Ռուսաստանում հանդիպումն անվանել են եվրոպացի հակամարտության կողմնակիցների նկատմամբ ողջախոհության հաղթանակ։ ՌԴ փորձագետների գնահատմամբ՝ այն կարող է հիմք դառնալ առաջատար տերությունների կառուցողական համագործակցության, միջուկային անվտանգության շուրջ երկխոսության և աշխարհում լարվածության նվազեցման համար։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին հանդիպումն անվանել է պատմական։ Չինական Global Times պարբերականն էլ նշել է, որ երեք երկրների համագործակցության խորացումը կարող է նպաստել համաշխարհային կայունությանը և էներգետիկ ու լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքին։
ԱՄՆ-ում մի շարք փորձագետներ հանդիպումը գնահատել են որպես լարվածության թուլացման հնարավոր սկիզբ։ Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմփիոնի կարծիքով՝ այն խորհրդանշել է Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված Արևմուտքի ջանքերի ձախողումը։
Եվրոպական հանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագիրը։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչ Շտեֆեն Կոտրեն հանդիպումն անվանել է պատմական՝ ընդգծելով, որ խոշոր տերությունների առաջնորդների միջև երկխոսության մեկնարկն ինքնին դիվանագիտական արժեք ունի։
Հիշեցնենք՝ Շենժենում նոյեմբերի 19-ին հանդիպել են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները:




