«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ հրավիրել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը վերաբերում է այստեղ գործող դեսպանություններին և կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրախորհրդարանում, ԱՄՆ Կոնգրեսում և Սենատում գտնվող բոլոր այն անձանց, որոնցից շատ դեպքերում նաև հետադարձ արձագանք է պահանջվում։
Նրանք պարտավոր են մշտապես պատասխանել հարցերին՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ են լռում և ի՞նչ պետք է անեն։ Այստեղ պարզապես անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ սկսած պիկետներից մինչև նամակներ և այլ միջոցառումներ։
Գիտե՞ք՝ մի բան է, երբ պաշտպանում ես բարձր լեգիտիմություն ունեցող մարդու, և մեկ այլ բան, երբ պաշտպանում ես ցածր լեգիտիմություն ունեցող մարդու, և դա արդեն ազդում է քո իմիջի վրա։ Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ որոշակի քաղաքական գործիչներից սկսում են հոգնել, այդ թվում՝ Արևմուտքում։ Գալիս է մի պահ, երբ նրանք այլևս ի վիճակի չեն լինում պաշտպանել այնպիսի անձանց, որոնք անընդհատ նոր խնդիրներ են առաջացնում »,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



