ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը։ Նրա խոսքով կառույցին Հայաստանի անդամակցության 25 տարիների ընթացքում, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի հանձնաժողովն առանցքային նշանակություն են ունեցել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում։
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրավունքի գերակայության և ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերներին։ Պատգամավորը բարձրաձայնել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած զեկույցը, որում, ըստ Արամ Վարդևանյանի, մտահոգիչ է համարվել նախընտրական շրջանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ընտրովի քրեական հետապնդումների կիրառումը, որոնք, իր կարծիքով, մինչ օրս շարունակական են։
Կողմերը խոսել են նաև Հայաստան-ԵԽ գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ու համագործակցության ընթացիկ ծրագրերի մասին։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ։




