«Ես Արփին եմ՝ 14 տարեկան, ապօրինի կալանավորված Արեգնազ Մանուկյանի դուստրը։
Անհամբեր սպասում էի ամռանը, որը պետք է վայելեի ընտանիքիս և ընկերներիս հետ, բայց մի օր փոխեց իմ բոլոր ծրագրերն ու հոգեբանական վիճակը։
Վաղ առավոտյան, երբ քնած էինք, անծանոթ մարդիկ աղմուկով ներխուժեցին մեր բնակարան և ձերբակալեցին մայրիկիս։ Ես դա շատ ծանր տարա, բայց փորձում էի ցույց չտալ։ Շատերին թվում էր, թե ուժեղ եմ, բայց ներսիցս օր օրի կոտրվում էի։ Մինչև հիմա հիշում եմ մեր դուռն անդադար թակելու ձայները։
Գիշերները չէի կարողանում քնել՝ մտածելով, թե ինչպես է մայրիկս կալանավայրում, ինչպես են նրան այնտեղ վերաբերվում։ Կարոտից չէի կարողանում զսպել արցունքներս, և մտքովս միշտ մայրիկիս հետ էի։
Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կգնամ կալանավայր, և դա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Ես պարզապես ուզում էի ծննդյանս օրը լսել մայրիկիս ձայնը և ասել, թե որքան շատ եմ նրան սիրում։
Ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ և հպարտ եմ դրա համար։ Մայրս հանցագործ չէ։ Նա ուժեղ է և երբեք չի կոտրվում։ Նա այս ամբիոնից բազմիցս խոսել է մեր երկրին սպասվող վտանգների մասին, բայց մեր երկրում հայրենասիրությունը հավասարեցրել են դավաճանությանը։
Ուզում եմ ասել, որ մեզ բոլորիս լռեցնել չեք կարող։ Սա ասում եմ իմ և իմ հասակակիցների անունից։
Ապագան մերը կլինի՝ իսկապես ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստր Արփին։
Մանրամասն՝ տեսանյութում։





