Սպիտակ տունը հաստատել է, որ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Գրում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին վկայում է նոյեմբերի 15-ին հրապարակված ԱՄՆ նախագահի պաշտոնական աշխատանքային ժամանակացույցը։ Դրանից հետևում է, որ եռակողմ գագաթնաժողովը կանցկացվի Kylin Villa հյուրանոցային համալիրում։ Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ին։
Սպիտակ տունը առաջիկա հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։
ԱՄՆ նախագահի ժամանակացույցի համաձայն՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից առաջ՝ հինգշաբթի օրը, Թրամփը կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակում նախատեսված միջոցառումներին և երկկողմ բանակցություններ կանցկացնի Չինաստանի նախագահի հետ։
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը կեզրափակի ամերիկյան վարչակազմի ղեկավարի՝ Ֆիլիպիններ և Չինաստան կատարած քառօրյա այցը։ Այցի նպատակն է մասնակցել ԱԽՏՀ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) շրջանակում անցկացվող բարձր մակարդակի միջոցառումներին։
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 19-ին՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում, Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Նոյեմբերի 16-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հաստատել է, որ Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Պուտինի և Թրամփի հետ։





