Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։
ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում, պատասխանատվության չի ենթարկում, ինքնակամ գնալու միտք էլ չունի։
Բանակում մեկ տարում 35 զոհ է լինում, Սուրեն Պապիկյանն ասում է՝ առաջին անգամ եմ լսում, որ զոհերի համար մեղադրեն պաշտպանության նախարարին։
Դրսում հանցագործություններ են տեղի ունենում, սպանություններ, գնդակահարություններ, դանակահարություններ, դպրոցներում ծեծկռտուք, թմրամոլության աննախադեպ աճ է գրանցվում, բայց պատասխանատու նախարարները կրկին չեն հեռանում և իրենց համարում են իրենց ոլորտներում միակ անմեղը։
Բայց բանակում սպանությունները, ՔԿՀ-ներում մահերն ու տարբեր հանցագործություններն այս իշխանության օրոք ավելի են շատացել հենց Պապիկյանի, Գալյանի և մյուս գործող նախարարների պաշտոնավարման ընթացքում։
Իսկ գուցե մենք ունենք այս իրավիճակը, որովհետև իշխանության կադրային քաղաքականության հիմքում ոչ թե մասնագիտական կարողություններն ու ոլորտային փորձն է, այլ անձնական հավատարմությո՞ւնը Նիկոլ Փաշինյանին։ Կարևոր չէ՝ որքանով է տվյալ մարդը տիրապետում իրեն վստահված ոլորտին, որքանով է ունակ կառավարելու այն։ Կարևորն այն է, որ հավատարիմ լինի Փաշինյանին և չվտանգի նրա քաղաքական դիրքերը։





