Այսօր կայացել է Բագրատ սրբազանի գործով հերթական դատական նիստը, որը լարված է անցել, Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է. «Ես շարունակ կրկնում եմ՝ ներկայացրե՛ք փաստերը։ Գործի այս փուլն ավարտվել է։ Իսկ հիմա վերցրեք փաստերը և ցույց տվեք՝ ձեր ներկայացրած ապացույցներն իրականում ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ կապ ունեն ընդհանրապես այս գործի հետ։
Իրականում մեզ ուզում են հիմարի տեղ դնել։ Ասում են՝ վերջում կասենք, ի՞նչ է նշանակում՝ վերջում կասենք։ Եթե վերջնարդյունք չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Ձեր ներկայացրածը ոչինչ չի ապացուցում։ Ոչինչ չեն ասում, դատարկաբանում են և փողոցային վարք են դրսևորում։
Պատկերացնո՞ւմ եք։ Կարծես մեզ ինտելեկտից զուրկ են համարում, կարծես չենք մտածում և չենք հասկանում՝ ինչ է կատարվում։ Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ է վիրավորում, պատասխանում է՝ «Շնորհակալություն, որ վերցրիր վրեդ»։
Սա հանրային մեղադրող դատախազի խոսքերն են։ Հիմա դուք ձեզ պատկերացրեք դատավորի դերում։ Սա խուլիգանական, փողոցային արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ։ Սա դատախազի խո՞սք է։
Քանի որ ասելու բան չունեն, փաստարկներ չունեն, հետևաբար նման վարք են դրսևորում։ Ուրիշ բացատրություն չկա։ Սա է ամբողջի բնույթը, էությունն ու բովանդակությունը։ Ինչպիսին երկրի ղեկավարությունն է, այսպես կոչված, այդպիսին են նաև տարբեր օղակներում դրսևորվող վարքագիծն ու բառապաշարը։ Փողոցային բառապաշարն ու պահվածքը դարձել են նրանց գործելաոճի դրսևորումը»,- նշել է Բագրատ սրբազանը։






