«Փաստացի, սա քաղաքական հետապնդումների համատեքստում կալանքի տակ գտնվող երկրորդ անձի մահվան դեպքն է։ Տարիներ առաջ մենք ականատես եղանք Արմեն Գրիգորյանի մահվանը՝ դատարանում, իսկ այժմ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքն է։
Արսեն Գևորգյանը մահացել է պետության լիակատար վերահսկողության ներքո։ Հետևաբար, նրա կյանքի և առողջության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է պետությունը։ Սա պետք է հստակ արձանագրել։
Ձեր հարցադրման մեջ կարևոր դիտարկում կար՝ ինչո՞ւ հնարավոր չէր նրա նկատմամբ տնային կալանք կիրառել։ Տեսնում ենք, թե որքան քաղաքական գործերով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անմիջական ցուցումով ներկայացվում են կալանքի միջնորդություններ։ Տնային կալանքի կամ վարչական վերահսկողության հարցը նույնիսկ չի քննարկվում․ անմիջապես պահանջվում է կալանք, և համապատասխան դատավորներն այն բավարարում են՝ անգամ չմտածելով հետագա հետևանքների և սեփական պատասխանատվության մասին։
Օրինակ՝ Արսեն Գևորգյանի գործով կալանքի որոշումը կայացրել է դատավոր Գրիգորյանը։ Այդ դատավորը, իմանալով, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ, հանգիստ խղճով կալանքի է վերցրել Արսեն Գևորգյանին։
Մենք մշտապես ասում ենք, որ պատասխանատվությունը կրում է ռեժիմը, ընդհանուր առմամբ՝ պետությունը։ Բայց ուզում եմ, որ նաև կոնկրետ անձինք զգան այդ պատասխանատվությունը և դրա հետևանքները։ Այն դատավորը, որը քաղաքական գործով կալանք է կիրառում, պետք է գիտակցի, որ նման որոշումները կարող են ողբերգական հետևանքներ ունենալ, և ինքը հետագայում պետք է պատասխան տա թե՛ սեփական խղճի, թե՛ օրենքի առաջ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




