Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը՝ երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ։
Այս ողբերգությունը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանումներ, այլ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն։
Մինչև ե՞րբ է առանձնակի ծանր հանցակազմ չունեցող գործերով խափանման միջոցը վերածվելու պատժի՝ դեռևս դատավճռի բացակայության պայմաններում։
Առանձին մտահոգության տեղիք է տալիս ՔԿԾ-ի տարածած հայտարարությունը, թե Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներից չի բողոքել։ Արդյո՞ք մարդու առողջության պահպանման պատասխանատվությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նա հասցնում է բարձրաձայնել իր խնդրի մասին։ Կամ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե նա բողոքեր․ մարդու արժանապատվության և ինքնասիրության ծաղրուծանակ։
Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում։
Եվ էլի քանի՞ քանիսն են նմանատիպ իրավիճակներում ու գործերով բերման ենթարկվում ու կալանավորվում՝ առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակը։
Գագիկ Ծառուկյանը և, առհասարակ, ընդդիմության առաջնորդներն ու բազմաթիվ այլ գործիչներ գտնվում են բանտերում, քանի դեռ ընթանում է նրանց առնչվող գործերի քննությունը։ Եվ այստեղ արդեն տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը։
Մինչ Բաքվում մեր հայ եղբայրներին են պատանդ պահում, Հայաստանում, օրվա իշխանությունները քաղաքական այլախոհներին են պահում անազատության մեջ՝ քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։ Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի կամ այլախոհությունը լռեցնելու միջոց։ Մեր միասնական պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել նրանց բոլորին։
Կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվում է պատժամիջոցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ։ Եվ այս վտանգավոր պրակտիկան անհապաղ պետք է փոխվի։






