Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

10 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։

Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ Այվազյանը։ Սակայն նորաստեղծ հիմնարկի ղեկավարի նշանակման, նրա նախկին բիզնես գործունեության և Տիգրան Ավինյանի հետ ենթադրյալ բարեկամական կապի շուրջ արդեն իսկ հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Էդուարդ Այվազյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև այս պաշտոնը և ինչ է հայտնի նրա բիզնես գործունեության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ավագանու որոշմամբ, իսկ պետական գրանցում է ստացել 2026 թվականի հունվարի 5-ին։ Կառույցի հիմնական առաքելությունն է մայրաքաղաքում երթևեկության հոսքերի ուսումնասիրությունը, խցանումների պատճառների վերլուծությունը, հանրային տրանսպորտի աշխատանքի վերահսկումը և երթևեկության կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը։

Հատկանշական է, որ նոր հիմնարկը բավականին թանկ է նստում Երևանի բյուջեի վրա։ Այն նախատեսված է 74 աշխատակցի համար, իսկ աշխատավարձերի ամսական ֆոնդը կազմում է 41 մլն 295 հազար դրամ։ Տնօրենի ամսական աշխատավարձը սահմանվել է 1 մլն 800 հազար դրամ։ Տարեկան միայն աշխատավարձերի համար նախատեսված գումարը կազմում է 495 մլն 540 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն, բազմաթիվ աշխատակիցներ, որոնց պարտականությունն է զբաղվել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներով։

Իսկ ո՞վ է այդքան պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Այվազյանը։

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Էդուարդ Այվազյանը 2023 թվականին հիմնադրել է «Ին շին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը արտաքին գովազդի ոլորտում գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ Երևանի Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում երկու գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն է ստացել։

Սակայն 2024 թվականի նոյեմբերի 21-ին Այվազյանը ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է Վազգեն Օհանջանյանին։ Ուշագրավ է, որ դրանից ընդամենը 25 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այսինքն՝ Այվազյանը մասնավոր ընկերության հիմնադիր լինելուց և դրանում իր բաժնեմասը փոխանցելուց հետո հայտնվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտային կառույցի ղեկավար պաշտոնում, իսկ հետագայում արդեն ստանձնել է մայրաքաղաքի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի ղեկավարումը։

Նրա նշանակման շուրջ քաղաքական աղմուկը մեծացավ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հրապարակավ հայտարարեց, որ Այվազյանը Տիգրան Ավինյանի զարմիկի ամուսինն է։ Զարոկյանը նաև կասկածի տակ դրեց նրա մասնագիտական համապատասխանությունը՝ պնդելով, որ խցանումների և երթևեկության կառավարման համար պատասխանատու կառույցի ղեկավար պետք է լիներ ոլորտի մասնագետը։

Ավինյանի և Այվազյանի ենթադրյալ բարեկամական կապի մասին այս հայտարարությունը պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն այն հանրային քննարկման առարկա է դարձել։

Երևանցիներին, սակայն, հետաքրքրում է ոչ թե նոր կառույցների անվանումների ավելացումը, այլ այն, թե երբ են վերջապես վերանալու մայրաքաղաքի խցանումները։ Եվ կոնկրետ ի՞նչ է անում քաղաքապետարանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ...

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. «Փաստ»

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար բախվում են իրավապահ մարմինների կոշտ միջամտություններին։ Մասնավորաբար, կառուցապատողների նկատմամբ հարկային ստուգումներին զուգահեռ կիրառվող ուժային...