Դուք արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք․ Արամ Վարդևանյան 

30 Հոկտեմբերի, 2026

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ելույթը․

«2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվում է խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի անմիջական վկայությամբ և մասնակցությամբ։ Դրա շրջանակներում որևէ պահի չի քննարկվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որևէ դրույթ, և չէր էլ կարող քննարկվել։ Ընդհանրապես, աշխարհում չկա դեպք, երբ մեկ սուվերեն պետություն մեկ այլ սուվերեն պետության առաջ նրա Սահմանադրության հարցը դնի։ Դա ի բնե չի կարող լինել։ 2025 թվականի օգոստոսի 11-ին նման բան ևս տեղի չի ունեցել։

Եղել է երկու հարց՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և, ըստ էության, դրան հաջորդող TRIPP համաձայնագիրը։

Ի դեպ, կարծում եմ՝ շատ քչերն են ուսումնասիրել TRIPP համաձայնագրի նախաբանը։ Այնտեղ խոսվում է խաղաղության ինստիտուցիոնալ բնույթին հաջորդող ժամանակահատվածի մասին։ Իսկ ո՞րն է այդ ինստիտուցիոնալ բնույթը։ Խաղաղության համաձայնագրի առկայությունը, որը չկա, որը դեռևս գոյություն չունի։

Վերջին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում մի պարզ հարցադրում հնչեց․ ո՞րն է այն կանխավարկածը, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից լրացուցիչ կամ անվերջանալի պահանջներ չեն ներկայացվելու։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այդ հարցի պատասխանը չունի։

Այսինքն՝ ամբողջ նախընտրական շրջանում, երբ հայ մարդուն ներկայացվում էր այն դիրքորոշումը, թե պետք է տեր կանգնել խաղաղությանը, որ խաղաղությունն այլևս գոյություն ունի, և ընդհանրապես այլևս կոնֆլիկտային իրավիճակ չկա, ստացվում է, որ այնքան հարցեր կան, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սպառիչ պատասխան տալ չի կարողանում։

Այլ կերպ ասած՝ սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք ծայրահեղ անորոշության մեջ, և այս իշխանություններն իրենք են դա արձանագրել՝ որոշակի իմաստով հայտնվելով հենց այն ծուղակում, որից փորձում էին խուսափել։ Իսկ ինչպե՞ս էին փորձում խուսափել։ Հայ հասարակությանը ոչ ամբողջական, իսկ տեղ-տեղ՝ կեղծ տեղեկություններ տրամադրելով։

Որովհետև եթե հայ հասարակությունն իմանար, որ 2026 թվականի սեպտեմբերին, նույնիսկ եթե որևէ սահմանադրական բարեփոխում տեղի չունենա, աղետալի պատերազմ չի լինելու, եթե հայ հասարակությունն իմանար, որ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն պատասխան չունի 300 հազար ադրբեջանցիների, «Արևմտյան Ադրբեջանի», անկլավների, էքսկլավների և այս բոլոր հարցերի վերաբերյալ, ապա հայ հասարակության քվեն այլ կլիներ։

Չնայած այդ ամենին՝ հերթական անգամ կարելի է արձանագրել, որ այս իշխանությունը չի ստացել 50 տոկոս գումարած մեկ քվե։ Եվ դա փաստ է, որը խոսում է հասարակության արձագանքի մասին։ Բայց նույնիսկ այն արդյունքը, որին նրանք հասել են այդքան ռեպրեսիվ մեքենայի գործադրմամբ և այնպիսի խախտումների պայմաններում, որոնք արձանագրում են նույնիսկ միջազգային կազմակերպությունները, այլ կլիներ, եթե այս խոսույթը և այս կեղծ տեղեկությունները չլինեին։

Մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ TRIPP համաձայնագիրն արդեն վավերացված է, բայց խաղաղության համաձայնագրի վերաբերյալ որևէ կանխատեսելիություն չկա։

Ի դեպ, վերջին երկու-երեք ամիսների ընթացքում հետաքրքիր դինամիկա է տեղի ունեցել։ Սկզբում ասում էին՝ ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի Սահմանադրության հարց բարձրացնել։ Հետո ասացին՝ գիտե՞ք, հարց չի բարձրացնում, բայց գուցե ինչ-որ ակնարկ է անում։ Հետո ասացին, որ դա ոչ թե ակնարկ է, այլ նախապայման։ Բնության մեջ նախապայմանը մի բան է նշանակում․ եթե այն չի կատարվում, ուրեմն համաձայնությունը չի կայանում։

Հիմա հարց է առաջանում՝ որտե՞ղ է ծնվել այդ նախապայմանը։ Այն ինչ-որ տեղ պետք է ձևակերպված լինի։ Հստակ է, որ դա Վաշինգտոնը չէ։ Այդ դեպքում որտե՞ղ է այն առաջացել։

Ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից այդքան խոսվում է խաղաղության մասին, բայց այն ինստիտուցիոնալ իմաստով գոյություն չունի, և միաժամանակ ասվում է, որ դրա հեռանկարն էլ հստակ չէ։ Այս հարցի պատասխանը իշխանությունը պետք է տար հայ ընտրողին, բայց չտվեց։

Այստեղ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում։ Ի վերջո, այդքան խոսում ենք խաղաղության մասին, և, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իսկապես խաղաղություն են ուզում։ Անկեղծ խաղաղություն՝ փոխադարձության հիման վրա, իրական խաղաղություն, ոչ թե քսենոֆոբիայով տառապող հարևանի հետ հարաբերություններ, այլ այնպիսի հարևան պետության հետ, որը հաղթահարում է այդ երևույթը։

Օրինակ՝ այդ պետությունը դժվարություն չունենար Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մի պարզ բանաձև կատարելու հարցում, որը վերաբերում է մեկ անձի՝ Սաֆարովին, մի ստահակի, մի տականքի, որին հերոսացնում են։ Իսկ այդ բանաձևով ընդամենը կոչ է արվում նրան չհերոսացնել, բայց դա չեն կատարում։

Ի դեպ, ես ինքս հարցում եմ ուղարկել արտաքին գործերի նախարարին՝ պարզելու, թե Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունն ինչ է անում այս հարցի վերաբերյալ՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն։ Իրապես ի՞նչ միջոցներ ենք ձեռնարկում, որովհետև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի բանաձևի չկատարումը սպառնալիք է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար։ Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ անպայման կներկայացնեմ հասարակությանը։

Բայց, սիրելի՛ հայրենակիցներ, խաղաղությունը զիջումներ չեն։ Խաղաղությունը երկու՝ միմյանց հետ վեճ ունեցող պետությունների մերձեցումն է՝ խնդիրները հաղթահարելու նպատակով։ Դրա համար ենք մենք ասում՝ խաղաղություն առանց զիջումների։

Իսկ եթե նայենք վերջին ութ և ավելի տարիների ընթացքում տեղի ունեցածին, անկեղծորեն շատ կցանկանամ, որ թե՛ մեր հայրենակիցները, թե՛ մեզ հետ համակարծիք չեղող մարդիկ վերլուծեն իրավիճակը։ Երկու կողմ են լինում, երկուսն էլ ունենում են պահանջներ։ Մի կողմը ստանում է իր բոլոր պահանջների կատարումը, իսկ մյուս կողմի պահանջներից ո՞րն է կատարվում։ Ո՞րը, ո՞րը։

Հիշե՛ք 2020 թվականի սեպտեմբերի 1-ի իրականությունը և հիմա համեմատեք 2026 թվականի՝ գրեթե նոյեմբերի 1-ի իրականության հետ։

Մեծ տաղանդ պե՞տք է, որպեսզի հասկանանք հետևյալը․ եթե Ադրբեջանն ասում է, որ իրեն պետք է հայաթափված Արցախը, իրեն պետք է յոթ շրջանների ամբողջական վերահսկողությունը, իրեն պետք է, որ Արցախն ամբողջությամբ լինի իր վերահսկողության տակ, իրեն պետք է առնվազն անխոչընդոտ ճանապարհ, իրեն պետք է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսվի, ընդ որում՝ միակողմանի, ապա այդ ամենը տեղի է ունենում։

Իսկ մեր դեպքում ի՞նչ է տեղի ունենում։ Պատկերացրեք՝ ապրանքները Հայաստան են հասնում Վրաստանի միջոցով։ Ախր, այդ իրականությունն էլ չեք ասում․ ապրանքները գալիս են Վրաստանի միջոցով, ոչ թե Ադրբեջանից։ Այսինքն՝ նույնիսկ դրան չենք հասել։

Հիմա ևս մեկ կարևոր արձանագրում։ Իսկ հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ եղավ։ 2023 թվականին պատմականորեն Թուրքիայի առաջ քաշած՝ հայ-թուրքական սահմանը փակ պահելու պայմանը 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունից և էթնիկ զտումից հետո այլևս գոյություն չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ սահմանը չեն բացում։

Ժողովո՛ւրդ ջան, մի բան եմ խնդրում՝ ազնվություն ունեցեք ինքներդ ձեզ հետ առերեսվելու համար։ Դուք արտաքին հարաբերություններն ամբողջությամբ տապալել եք։ Եվ սա փաստ է։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

Կարող եք չցանկանալ առերեսվել իրականության հետ, բայց հայ հասարակությունն արդեն առերեսվել է դրա հետ»։

Նմանատիպ նյութեր

Մենք երբեք չենք հավատալու Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»․ Աննա Գրիգորյան

  «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա...

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․  Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․ Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս: Այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը: «Մենք սա դիտարկում ենք նաև...

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։...

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է...

Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը և սա աներկբա պնդում է․ Աննա Գրիգորյան

  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մանրակրկիտ ներկայացրեց պատճառները, թե ինչու «Հայաստան» խմբակցությունը չի կարող և չի պատրաստվում կողմ քվեարկել իշխող ուժի կողմից առաջարկվող նոր...