Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

24 Հոկտեմբերի, 2026

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին մի շարք համայնքներում ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրավապահ գործողությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները մտահոգություններ են առաջացնում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։

Հոկտեմբերի 24-ին՝ քվեարկությանը նախորդող օրը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Կոմիտեն նաև նշել է. «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

«Ականատես» դիտորդական առաքելությունն ընդգծում է, որ ընտրակաշառքի և այլ հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտումն ու արդյունավետ քննությունն իրավապահ մարմինների պարտականությունն են։ Ընտրություններին մասնակցելը չի կարող որևէ անձի համար բացառություն ստեղծել օրենքի կիրառման հարցում։ Ընտրական գործընթացների օրինականությունն ու հանրային վստահությունը պահանջում են, որ հնարավոր իրավախախտումները պատշաճ քննվեն՝ անկախ դրանցում ներգրավված անձանց քաղաքական պատկանելությունից կամ զբաղեցրած դիրքից։

Սակայն ընտրություններից անմիջապես առաջ իրականացվող իրավապահ գործողությունները պահանջում են առանձնահատուկ ուշադրություն դրանց անհրաժեշտության, համաչափության և ընտրական գործընթացի վրա հնարավոր ազդեցության նկատմամբ։ Դրանց ժամկետները, ծավալն ու հանրությանը ներկայացնելու ձևը կարող են ազդել նաև ընտրությունների նկատմամբ հանրային ընկալումների վրա։

Այս համատեքստում կարևոր է, որ հանրությանը հասանելի լինեն բավարար տեղեկություններ իրականացվող գործողությունների բնույթի և իրավական հիմքերի վերաբերյալ։ Տեղեկատվության սահմանափակությունը, հատկապես քվեարկության նախաշեմին, կարող է նպաստել իրարամերժ մեկնաբանությունների, քաղաքական շահարկումների և ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությանը։

Առաքելությունը գիտակցում է, որ որոշ տեղեկությունների հրապարակումը կարող է վնասել ընթացող քրեական վարույթների քննությանը։ Այդուհանդերձ, նախաքննության գաղտնիության պահպանումը չի բացառում օրենքով թույլատրելի սահմաններում հանրային իրազեկման և հաշվետվողականության ապահովումը։ Կարևոր է գտնել անհրաժեշտ հավասարակշռություն քննության շահերի պաշտպանության և հանրության տեղեկացված լինելու միջև։
Ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պահպանումը փոխլրացնող, այլ ոչ թե միմյանց հակադրվող պարտականություններ են։
Այս համատեքստում «Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և իրավապահ այլ մարմիններին՝

ապահովել ընտրական գործընթացին առնչվող քրեական վարույթների արդյունավետ, անկողմնակալ և օրենքին համապատասխան քննությունը՝ անկախ դրանցում ներգրավված անձանց քաղաքական պատկանելությունից,

ապահովել իրականացվող գործողությունների անհրաժեշտությունն ու համաչափությունը՝ հաշվի առնելով նաև ընտրական իրավունքների իրացման վրա դրանց հնարավոր ազդեցությունը,

իրենց իրավասության և օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տրամադրել ժամանակին ու բավարար տեղեկություններ իրականացվող գործողությունների ընդհանուր բնույթի, իրավական հիմքերի և ընթացքի վերաբերյալ՝ պահպանելով նախաքննության շահերը։

Քվեարկության նախաշեմին հատկապես կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները լինեն ոչ միայն օրինական և հիմնավորված, այլև հնարավորինս թափանցիկ ու հաշվետու՝ նպաստելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պահպանմանը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը և ընտրական գործընթացի վրա դրա հնարավոր ազդեցությանը»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...