«Փաստ» օրաթերթը գրում է. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Ըստ էության, դատական համակարգը սրանով հրաժարվում է ներխուժել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Եկեղեցու ինքնուրույնության, նրա ներքին կանոնակարգերի ու նվիրապետական հարաբերությունների տիրույթ։
Սա հստակ սահմանագիծ է քաշում աշխարհիկ իրավունքի և եկեղեցական ներքին կառուցվածքի միջև՝ արձանագրելով, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու ազատումը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային վեճի առարկա չեն կարող դառնալ։
Վերջին շրջանում իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող պառակտիչ արշավի համատեքստում այս որոշումները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։ Կայացված դատական ակտերը ցույց են տալիս, որ անգամ տիրող քաղաքական տեռորի ու աննախադեպ ճնշումների պայմաններում դատարանը փորձում է չտրորել հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Ազգային Եկեղեցին, և զերծ է մնում հոգևոր տիրույթի վրա կատարվող կեղծ քաղաքական միջամտությունները կուրորեն դակելուց։ Իշխանական տարբեր լծակներով Եկեղեցու ներսում պառակտում մտցնելու փորձերի ֆոնին նման որոշումը կանխում է դատարանները եկեղեցական նվիրապետությունը վիճարկելու գործիք դարձնելու միտումը։ Սա կարևոր նախադեպ է ստեղծում, որը Եկեղեցուն տալիս է իրավական պաշտպանության լուրջ լծակ՝ իր սահմանադրական ինքնավարությունը պահպանելու համար։
Բացի այդ, կոնկրետ Արման Սարոյանի դեպքում քաղաքացիական գործի կարճմամբ ինքնաբերաբար վերանում է նաև հայցի ապահովման միջոցը։ Սա նշանակում է, որ էապես թուլանում են նաև այն քրեական մեղադրանքները, որոնք կառուցված էին իբրև թե այդ ապահովման միջոցի կատարմանը խոչընդոտելու վրա։ Քաղաքացիական գործի կարճումը, անկախ հետագա բողոքարկումներից, իրավական հիմքեր է ստեղծում Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ նրանց արդարացնելու համար։ Այս որոշումը ցույց է տալիս, որ դատարանը հրաժարվում է մասնակից դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների իրականացրած քաղաքական ասպատակությանը, և հույս է ներշնչում, որ հայ ժողովրդի հավաքական խիղճը դեռևս վերջնականապես չի մահացել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 24. 10․ 26թ






