«Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին չտրվեցին, և ինքը երկու երրորդի չափով ձայն չհավաքեց։ Ավելին ասեմ՝ ինքը նույնիսկ 50 տոկոս ձայն չհավաքեց։ Ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցների կեսից պակասն է իր օգտին քվեարկել։
Հիմա Ադրբեջանը սաստկացնում է իր ճնշումները։ Դրա վառ օրինակն է նախ՝ Ալիևի ելույթը «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում՝ հոկտեմբերի 7-ին, հետո՝ իրենց անհետ կորածների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որ սպասում են 4 հազար անհետ կորածների մասին տվյալներին։
Նախ՝ ո՞վ ասաց, որ 4 հազար անհետ կորած կա։ Ե՞րբ են նրանք անհետ կորել, որտե՞ղ են անհետ կորել։ Հասկանալի է, չէ՞, որ դա իրականությանը չհամապատասխանող պահանջ է։ Դա ուղղակի քաղաքական ճնշման դրսևորում է։
Իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ասիայում համագործակցության վերաբերյալ կազմակերպության գագաթնաժողովում, Ալիևը կրկին ելույթ ունեցավ, որն իր հռետորաբանությամբ առանձնահատուկ էր։ Այսինքն՝ նա հասկացնում է, որ… Նիկոլ Փաշինյանը, փոխանակ մտածի երկրի դիմադրունակությունը և պաշտպանունակությունը բարձրացնելու մասին, փորձում է ադրբեջանական ճնշումները ներկայացնել ժողովրդին՝ համոզելով, որ դա միակ տարբերակն է։
Այդ Սահմանադրության վերաբերյալ պահանջները, վստահ եմ, եկել են Բաքվից, որովհետև Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» և Ադրբեջանի՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է գնան արտահերթ ընտրությունների։
Մանրամասն՝ տեսանյութում։




