6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․
Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում։ Էնտեղ, որտեղ դուք գնալու եք, հնարավոր է՝ դուք ձեր շուրջ ոչ մի ծանոթ ծառ ու թուփ չտեսնեք, բայց դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջասենյակների դռների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ հայրենիքը պաշտպանելու։
Դուք գնացել եք փրկելու ոչ միայն հայրենիքը, այլև ձեր պատիվը, թե չէ թուրքը մտնելու է մեր ննջասենյակներ։ Հետո Նիկոլն անձամբ պետք է ննջասենյակ հրավիրեր, բերեր-մտցներ թշնամուն։ Էդ տղերքը, որ գնում էին Նիկոլի հաայտարարած՝ «նորօրյա Սարդարապատին» մասնակցելու, հո չգիտեի՞ն քո նրա պլանների մասին։ Իրարամերժ տեղեկություններ կան, թե այդ գումարտակից քանիսը վերադարձավ պլանավորած պարտության գնացող պատերազմում։ Փաշինյանը, որ բանակից փախել էր առաջին իսկ հնարավորությունը ունենալով, կամավորներին պատմում էր իր ռազմական փորձից։
Տեսանյութ․ 2016թ․ գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած 2016թ․, երբ ես որոշում եմ կայացրել՝ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու, դա տեղի է ունեցել ընդամենը պահի ակնթարթի տակ։ Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած, և ես ասել եմ՝ ես պետք է գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու, և եթե պետք լինի, ես պետք է զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն։
Իրականում իր ջոկատով ապրիլյան պատերազմին գնաց մասնակցելու մայիս ամսին՝ պատերազմն ավարտվելուց մեկ ամիս անց։ Ինչ վերաբերում է հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությանը՝ իր, իր հարևանի, ընկերոջ երեխաների համար, ապա նա մտածեց իր սեփական կաշվի մասին, իր երեխայի մասին, իսկ հազարներին զոհ, միայն թե իրեն դավաճան չասեն։
Ամենամեծ խնդիր եմ համարում այն, որ պատերազմից 6 տարի անց այս ամենի մեղավորն ու պատասխանատուն որևէ պատասխանատվության առաջ չի կանգնել․ միակ հարցաքննությունն էլ եղել է ՔՊ-ի մոտ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող աբսուրդ հանձնաժողովի առաջ։ Պետություն վարի տալուց հետո նա էնքան հանգիստ է շարունակում իր գործունեությունը, կարծես էդպես էլ պետք է լիներ։ Այսպես կարող էր լինել միայն մեկ դեպքում, կասեք, եթե իրավապահ համակարգը կառավարության ղեկավարի բռի մեջ է։
Այս թեմայով անդրադառնամ վերջին օրերի մի քանի ուշագրավ դեպքի։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այսօր լրագրողները հարց են տալիս մեր երկիր ներթափանցած ադրբեջանցի տեռորիստի մասին։ Հարցին չի պատասխանում։ Ասում են՝ դուք ընկալվում եք վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, ամեն ինչ զեկուցում եք, հաշվետվություն եք տալիս Փաշինյանին։ Էլի չի պատասխանում, վերջում ասում է՝ ինձ սադրել չի ստացվի։ Բայց արդյո՞ք դա սադրանք էր։ Աննա Վարդապետյանը վստահաբար՝ հարցերին կարող է պատասխանել, «բագաժ» ունի, այ հարց է՝ իսկ բավարար անկեղծություն ունի՞։ Շատերն են այն կարծիքին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ոչ միայն զեկուցում է Փաշինյանին, այլև ստանում առաջադրանքներ, ցուցումներ, տարբեր քրգործերի վերաբերյալ վարկածներ, բայց ինչպես կարելի է ենթադրել՝ ոչ միայն Փաշինյանից։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հարցազրույցում ասում է՝ երկու տարի առաջ ընդդիմության կողմնակիցներից մեկը հեռուստատեսությամբ ասել էր, որ «էս իշխանություններին պետք է հասցնենք էն օրը, որ Հանրապետության հրապարակում բոլորին կախենք»։ Ասում է՝ ես էլ, որպես պոտենցյալ կախվող, քանի որ բարձր պաշտոնյա եմ, ուղարկում եմ հաղորդում դատախազություն․ ինձ պատասխանում են՝ հիմք չկա։ Դրանով Արայիկ Հարությունյանը չի բավարարվում, ասում է՝ խոսեցի դատախազի հետ։ Ու եկել է, այդ մասին պատմում է հեռուստատեսությամբ։ Ինչո՞ւ պետք է դատախազությանը դրդեն քննել սոցիալական ցանցերի մեկնաբանությունները և այդպես իրավական համակարգը դարձնեն քաղաքական գործիք, սա դեռ մի կողմ։
«Ես նույնիսկ դատախազի հետ եմ խոսել, ինձ ասում են՝ էդտեղ բան չկար»։ Իսկ դուք ո՞վ եք, որ գլխավոր դատախազի հետ պետք է ձեր հարցով խոսեք։ Էդ ի՞նչ ձևաչափ է։ Գլխավոր դատախազի ձեռքի համարը ես էլ ունեմ, կարող է՞ մի հատ զանգեմ-ասեմ՝ իմ վիդեոյի տակ 1000 հատ նիկոլական ֆեյք ինչ ասես գրում են, հլը դավայ քրգործ հարուցեք։ Կարո՞ղ եմ, թե՞ չեմ կարող։ Բա ինչի՞ է կարող Արայիկ Հարությունյանը։
Գուցե նրա համար, որ էն ժամանակ, երբ սույն տիկինը աշխատում էր որպես Նիկոլ Փաշինյանի օգնական, Արայիկ Հարությունյանն էլ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր՝ փաստացի Աննա Վարդապետյանի շեֆը, ու ինչպես որ հանձնարարություններ տալիս էր էն ժամանակ, իր ընկալմամբ՝ կարող է հիմա էլ տա՞լ։ Ի՞նչ է եղել որ, չէ՞ որ Աննա Վարդապետյանը ընդամենը աշխատասենյակի տեղն է փոխել, բայց էությամբ մնացել է Նիկոլի օգնականը։ Եթե Նիկոլը զանգում է ու տալիս է հրահանգներ, առաջադրանքներ, ինչի՞ չի կարող նույնը անել Արայիկ Հարությունյանը։ Եթե իրապես անկախ լիներ Աննա Վարդապետյանը, ապա Արայիկ Հարությունյանը զանգից հետո կհայտնվեր մեղադրյալի աթոռին՝ անկախ մարմնի ղեկավարի հետ կոռուպցիոն կապի մեջ մտնելու համար։ Էդ մարդու համար էնքան սովորական է էս վիճակը, էնքան էդպես պետք է լիներ, որ մի հատ էլ հեռուստատեսությամբ է հայտարարում զանգի մասին։
Ժողովուրդ ջան, ասում եք՝ ինչո՞ւ են նիկոլենք երկրրի հերն անիծում, հանձնում, ծախում, փոխանակում, ու չկա որևէ արձագանք իրավապահներից․ որովհետև գլխավոր դատախաղը, ինչպես երևում է, աշխատում է որպես Փաշինյանի օգնական, ոչ թե անկախ մարմնի ղեկավար։ Եթե հասել ենք էնտեղ, որ Արայիկ Հարությունյանը կարող է զանգել կամ տեսնել ու իրեն հետաքրքրող գործից խոսել, ինչո՞ւ չի կարող նույնը անել Արայիկ Հարությունյանի շոֆեռը։ Նա, կրկնում եմ, այս ամենից եկող տպաավորությամբ, մնացել է Արայիկ Հարությունյանի համար որպես Նիկոլի օգնական Աննա, որը իր ենթական էր։
Զանգովի արդարադատությունը, իմ պատկերացմամբ, հենց սա է, երբ մեկը զանգում, ասում է՝ ուզած-չուզած պետք է կալանք տաս, էն մեկը զանգում-ասում է՝ էս գործով ինչի՞ չկան մեղադրյալներ, էն մեկը զանգում հարցնում է՝ բա կալանքը ե՞րբ կլինի ու այսպես շարունակ․ սա զանգով՝ «բջջային արդարադատություն» է։ Ու հետաքրքիր է, թե ՔՊ-ից որ մեկը իր ինչ հարցով ու որ կառույցի ղեկավարին է զանգում։ Էն տարի չէ՞ր, որ ԱԺ ամբիոնից մի քիչ վիճեցին ու պարզվեց, որ ՔՊ-ական պատգամավորներն էլ զանգում են քննչական կոմիտեի նախագահին։ Էս երկրում արդարադատությունն էդպիսինն է, ժողովուրդ ջան. ՔՊ-ից ով ում ուզում՝ զանգում է։ Ստացվում է՝ ով հնարավորություն ունի զանգելու դատախազին, քննչականին, ԱԱԾ տնօրենին, հակակոռուպցիոն, իր գործն առաջ է տանում, ուրիշին դատել է տալիս, իրեն էլ ազատում է պատժից, ով ոչ՝ դատվում է։
Էդ զանգերի արդյունքը չէ՞, որ եքա երկիրը վարի տվեցին, ու մեկը չպատժվեց։ Օրերս աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ է գալիս Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Կասեք՝ ի՞նչ խնդիր կա, պաշտոնավարումն ավարտում է, եկել է հրաժեշտ տալու։ ՍԴ նախագահի հանդիպումը վարչապետին իրավախախտում չէ, բայց եթե հանդիպումն ուղեկցվում է փոխադարձ գովեստներով, իսկ հանրային դիսկուրսում արդեն առկա են մտահոգություններ դատարանի որոշումների հնարավոր քաղաքական պայմանավորվածության մասին, ապա առաջանում է վստահության խնդիր։ Արմեն Դիլանյանն ասում է՝ ես ամենածանր ժամանակներում եմ եղել ՍԴ նախագահ, հաղթահարել ենք էդ ժամանակահատվածը և հայտնվել պետության ու ժողովրդի կողքին։ Պետության ու ժողովրդի՞ն․ չէ․ երկու բառն էլ ձեր պարագայում ավելորդ է թվում․ գուցե ուզում էր ասել՝ կառավարության կամ՝ ՔՊ-ի։ Ի՞նչ փորձությունների մասին է խոսում, ՍԴ-ն ի՞նչ փորձությունների միջով է անցել, բացի ՔՊ-ացվելուց։ ՍԴ նախագահը կարծես հաշվետվություն էր տալիս, որ՝ «ինձ ՔՊ-ն ընտրել է, ես էլ ձեր գիծը պահել եմ»։
Նույն ՍԴ-ն ընդամենը 4 ամիս առաջ վավեր է ճանաչել Նիկոլի աղաղակող կեղծիքներով ընտրությունները։ Գողացել են կուսակցության 4 տոկոս ձայները, ՍԴ-ն ասել է՝ պրոբլեմ չկա։ Բաժանել են պաշտոնական ընտրակաշառք, ասել է՝ պրոբլեմ չկա, ընդդիմադիրներին դարձրել են քաղբանտարկյալ, էլի պրոբլեմ չկա, վարչական ռեսուրսն օգտագործել են որպես գլխաքանակ, դարձյալ ՍԴ-ն խնդիր չի տեսել․ բա շնորհակալ կլինեն էլի իրարից Արմեն Դիլանյանն ու Փաշինյանը․ մեկը նշանակեց, մյուսը հավատարիմ մնաց։
Կարո՞ղ է Սահմանադրական դատարանը որոշում կայացնել ի հակառակ ՔՊ-ի, ՔՊ-ական կառավարության ու Նիկոլի։ Այս կազմով՝ վստահաբար ոչ։ Կլինի ՀԷՑ-ի խլում, Հայաստանից միջանցքի տրամադրում, թե եկեղեցու գործերին խառնվել, իրենց համար սահմանադրական է։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան․ մեզ մոտ մշտապես հարցեր առաջանում են, թե ինչու իշխանականներին մեղադրանք չեն առաջադրվում երկիրը թալանելու, բյուջեն ու վարկերը մսխելու, ապօրինի հարստանալու, գլխից դուրս անիմաստ ծախսերի, պատերազմ բերելու, երկիրը վարի տալու, դավաճանության և շատ ու շատ այլ հանցավոր երևույթների վերաբերյալ կասկածներով։ Որովհետև, կարծում եմ, գործ ունենք «բջջային» կամ զանգովի արդարադատության հետ։ Իշխանությունների տարանջատո՞ւմ, արդարադատությո՞ւն, սահմանադրական վերահսկողությո՞ւն, զսպում և հակակշիռնե՞ր, մարդու իրավունքնե՞ր․․․ Դրանք ի՞նչ են։
Սևակ Հակոբյան






