Սահմանամերձում տեռորիստի դեմ են պայքարում, մայրաքաղաքում՝ ՔՊ-ի բուլդոզերի․ «Կարճ ասած»

13 Հոկտեմբերի, 2026

2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, երբ թշնամին տարածքներ էր օկուպացրել, ու համացանց էին լցնում տեսանյութեր, թե ինչպես են դրոշ բարձրացնում Արցախի որևէ համայնքի պետական կառույցի վրա, ստի մեքենան մտմտում էր, թե ինչպիսի սուտ ասի, որ ժողովուրդը հավատա ոչ թե աչքով տեսածին, այլ ականջով լսածին։ Հորինեցին, թե ոչ թե գրավել են, այլ մի երկու հոգի մտել են, դրոշը տնկել ու փախել են։

Տեսանյութ․ Արծրուն Հովհաննիսյան․ «Ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերը արագ ներթափանցեն բնակավայրեր, նկարվեն այս կամ այն շինությունների մոտ ու դրանք ներկայացնեն այս կամ այն գյուղապետարան, քաղաքապետարան։ Հադրութն էլ է այդպիսի վիճակում, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցում են»։

Տեսանյութ․ Արծրուն Հովհաննիսյան․ «Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով որևէ գովելու բան չունեն»։

Տեսանյութ․ Արման Եղոյան․ «Հարձակվող կողմն անգամներով ավելի շատ կորուստներ է կրել ոչնչի դիմաց կամ մեկ-երկու դիրքի կամ գյուղի դիմաց։ Դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Դրա համար էլ հնարավորինս փորձում են բարելավել իրենց դիրքերը, որ երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հանրությանը ներկայացնելու բան ունենան։ Մենք պարտության տարբերակի մասին չենք էլ մտածում, որովհետև այս պատերազմը Արցախի համար չէ, Հայաստանի համար է»։

Այստեղ այնքան էին ոգևորվել, որ առաջարկում էին Արծրունին Հայաստանի ազգային հերոսի կոչում տալ։ Ցանկացած ստի հավատում էին, երբ նա էր հայտնում։ Ադեկվատության դեֆիցիտ էր։ Արայիկ Հարությունյանը պատերազմի 17-րդ օրը հայտնեց, թե՝ «Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում ՊԲ-ն կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով»։ Իրականում ամենամեծ փորձ ու գիտելիքներ ունեցողներին մինչև վերջին պահը հեռու պահեցին պատերազմից։

Այժմ հրադադար է, որը մի քանի օր առաջ խախտվեց ադրբեջանցի ահաբեկչի ներխուժմամբ։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կոկորդ էր պատռում, թե՝ մեղավոր է շաքեցի կինը, որը չի սպասել ոստիկանների գալուն, իր երեխաներին ինքն է փրկել և ծանր վիրավորվել՝ դրանով իրեն զրկելով ադրբեջանցուն շուտ վերադարձնելու հնարավորությունից։

Շաքեցի կինը՝ Անի Ավետիսյանը, պատմում է, որ զանգել է ոստիկանություն ու շտապել տուն։ Գնացել է, տեսել՝ ահաբեկիչը պատանդ է պահում երեխաներին, մարտի է բռնվել հետը, վիրավորվել է ու այդ վիճակում վիրավորել է ադրբեջանցուն: Հետո տեռորիստի փամփուշտները վերջացել են, լիցքավորել է ու փախել։ Դրանից հետո եկել է Անիի ազգականը, րոպեներ անց նոր միայն ոստիկանները։ Ադրբեջանցին մոտ 15 րոպե երեխաներին պատանդ պահած է եղել, մինչև ինքը Սիսիանից հասել է Շաքի: Կռիվ է արել նրա հետ, որից մի 5 րոպե հետո էլ նոր եկել է ոստիկանությունը։

Այդ կինը չգիտեր, որ ադրբեջանցի է անցել սահմանը՝ զենքով, իմանար՝ հաստատ միջոցներ կձեռնարկեր․ կառավարությունն իմացել է, ոստիկանությունն իմացել է, ի՞նչ է արել, ինչո՞ւ չի հերթապահել շրջակա գյուղերում։ Սա նշանակում է, որ մենք անվտանգային համակարգի լուրջ խնդիր ունենք։ Անվտանգության համակարգն ինվալիդ է։ Սա մի ընտանիքի, մի գյուղի խնդիր չէ, սա ՀՀ անվտանգային համակարգի փլուզման մասին է։ Պարտավոր են պարզապես հրաժարական տալ ու ռադները քաշել ԱԱԾ, ՊՆ, ոստիկանության ղեկավարությունը․ նրանք փորձանք են մեր երկրի գլխին։

Բա ամեն տարի ուժայինների գումարներն ավելացնում եք, պարգևավճարներն ու աշխատավարձը ավելացնում եք, բերետները քեֆ են անում ընդդիմության հավաքների օրչերին, բռնություն կկիրառեն՝ պարգևավճար կստանան 40-50 հազար։ Երբ ընդդիմադիր գործիչների դեմ պետք է դուրս գան, այդ բոլոր կառույցներին տանում լցնում են, ավտոյի մեջ պատգամավորի են ծեծում, կանանց են քաշքշում, պարգևատրվում են։ Պարտք են վերցնում, որ պարգևատրեն իրենց։ Քաղաքացին բառացիորեն միայնակ է, թշնամին մտնում է ուզած տեղից ու ման գալիս։

Խնդրեմ, երկու օր է, որ ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացրել Երևանի Շինարարների փողոցում, որ քանդեն մարդկանց կրպակները։ Նույն ոստիկանները չկային, երբ կինն իր երեխաներին փրկում էր ադրբեջանցու պատանդառությունից։ Ոստիկանությունը գնացել կանգնել է, որ քաղաքացուն զրկեն սեփականությունից։ Իսկ այնտեղ ուշանում էր, ու քիչ էր մնացել քաղաքացին զրկվի կյանքից։

Քանի խոսեցինք կրպակների միջադեպերից, անդրադառնամ այսօրվա զավեշտին։ Զուգահեռ երկու գործընթաց էր այսօր․ մի կողմից Երևանի ավագանին Տիգրան Ավինյանի աշխատավարձը բարձրացնում էր 760,000 դրամով ու դարձնում 2,080,000 դրամ։ Տեղակալի աշխատավարձն ավելացնում էր 894 դրամով և դարձնում 1 մլն 914 հազար դրամ և այսպես շարունակ, իսկ մյուս կողմից Աջափնյակում քանդում էին կրպակներ, որտեղ հաց էին վաստակում այլ մարդիկ և հարկ տալիս, որ Ավինյանենց աշխատավարձը բարձրանա։ Իրենց աշխատավարձը բարձրացրին ու քանդեցին մարդկանց կրպակները՝ ոստիկանների աջակցությամբ։

Քիչ առաջ խոսում էի, որ խախտվել են սահմանամերձի բնակիչների իրավունքները, անվտանգությունը։ Այստեղ էլ այսօր խախտվեց սեփականության իրավունքը։ Ունեն սեփականության վկայական, դատարանը կասեցրել է քանդումը, բայց քանդում են։

Հարցն այն չէ, որ լիքը մարդ ուրախացել է կրպակների քանդելու պատճառով, լիքը մարդ տխրել է, հարցն այն չէ, որ դրանք փողոցի տեսդքը գցում էին, հարցն այն չէ, որ այդ շուկան բավականին թանկ էր, գյուղում բողոքի ակցիա էին անում, որ լոլիկը 25 դրամ է իջել, այդտեղ մի քանի հարյուր դրամ է․ հարցն այն չէ, որ նրանց մեծ մասը հենց այս իշխանության կոնտինգենտն է․ սրանք բոլորը իրենց հերթին․ հարցն այն է, որ այս երկրում պետք է գործի օրենքը։ Սրանք չեն կարողացել հաղթահարել այն արգելքը, որը թույլ կտա քանդել։ Սեփականության իրավունքն իրենցն է։ ՔՊ-ական թաղապետը, որ անընդհատ լեզվին զոռ էր տալիս, վերցրել է բուլդոզերը, եկել-ասում է՝ կապ չունի դատարանի վճիռը։ Ու դրա շնորհիվ այսօր որոշվեց 398 հազար դրամով բարձրացնել նրա աշխատավարձը ու հասցնել 1 մլն 248 հազար դրամի։ Թաղապետը այ դա էր եկել պաշտպանելու՝ իր աշխատավարձի բարձրացումը։

Զավեշտն այն է, որ այդ կրպակատերերից, կրպակներն աշխատեցնողներից շատ-շատերը ձայն են տվել Ավինյանին, հետո Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին՝ հենց այդ բուդկաները չքանդելու համար։ Հավատացել՝ ընտրել են։ Նիկոլը 150 հազար տուն է քանդել, բայց գնացել ընտրել են, ինչո՞ւ պետք է կրպակները չքանդեր։ Արցախցիներն էլ, չէ՞, ունեին սեփականության վկայական։ Կիրանցի ժողովուրդը չունե՞ր սեփականության վկայական, որ հանձնեց տները։

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ են քանդում, ու ժողովուրդը պատասխանում է՝ ոնց, չգիտե՞ս․ ու ցույց են տալիս շուկայի հարևանությամբ գործող նրանց մրցակիցը՝ սուպերմարկետ, որը պատկանում է ո՞ւմ, դե գուշակեք․ այո, ճիշտ գուշակեցիք, մի հատ օլիգարխ կա, դե էն, էլի, որ ոչ մի կապ չունի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ յուր տիկին Աննա Հակոբյանի հետ, այ դրան։ Հենց այ այդ անհայտ օլիգարխը, որ Նիկոլենց հետ ոչ մի կապ չունի, ձեռք բերեց սուպերմարկետը, «բուդկաները» սկսեցին քանդել։

Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը այդ կարծիքը չհայտնի։ Չէ՞ որ առաջինը հենց նման բաներ է մարդկանց մտքին գալիս, որովհետև նմանատիպ թեզեր է տարիներ շարունակ քարոզել հենց նույն ՔՊ-ն, նույն Ավինյանը, նույն Փաշինյանը և մնացածը։ Իրենք բոլոր երևույթները կապել են ինչ-որ մարդկանց շահերի հետ։ Ու բնական է, որ հիմա մարդիկ ասում են՝ սա քանդում եք, որպեսզի այ էն ձեր օլիգարխը հարստանա։

Ընտրությունները վերջացան, կրպակ ունեցողները դարձյալ դարձան սրանց համար «բուդկչի», Օպել քշողները՝ համբալ, աղքատությունը վերադարձավ գլխի մեջ, թոշակառուներն էլ չգիտեն ինչ անեն 10 հազար դրամը, դրա համար իրենց թոշակը կբարձրանա 1000 դրամով․ իսկ քանի որ Ավինյանը գիտի ինչ անի, իր աշխատավարձը կբարձրանա 760 հազար դրամով։

Կարճ ասած՝ մեզ մոտ դեգրադացիայի է ենթարկվել ողջ պետական կառավարման համակարգը, ամեն ինչ՝ թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ պետություն-քաղաքացի հարաբերություններ։ Քաղաքացին, ինչպես երևում է, ըստ ՔՊ-ի, միայն նրա համար է, որ նրան իշխեն սրանք, որ տուգանեն, որ պատժեն, քանդեն, խլեն ունեցվածքը, օգտագործեն ու հարստանան։ Երբ պետությունը չկա մարդու իրավունքների, օրինականության, արդարադատության, անվտանգության հարցերում, հենց դա է բարդակը։ Մարդամեկը կասեր՝ եթե դժգոհ ես, հեղափոխություն արա, չես անում, ուրեմն կողմ ես։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ–ին և այլն։ Այս...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին...

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինչո՞ւ է ՔՊ-ի ողջ ծանր հրետանին կախվել աներոջս բենզալցակայանից Շատ պարզ պատճառով․ երեկ Շինարարների փողոցում կասեցրինք քաղաքացիների օրինական սեփականության ապօրինի քանդումը, և...

Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան

Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան

Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ըստ Սպուտնիկ Արմենիայի, այս մասին ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումում «Մենք կարգավորում ենք մեր հարաբերությունները...