ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։
Հաշվի առնելով պարոն Մանյատիսի կուսակցական պատկանելիությունը և Եվրոպական խորհրդարանում հունական PASOK կուսակցության պատգամավորական խմբի ղեկավարի հանգամանքը՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՅ Դաշնակցության և PASOK-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅ Դաշնակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ընթացիկ զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և առհասարակ արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։
Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել այս հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի, սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի դիրքորոշումների, և անձնապես պարոն Մանյատիսի ներդրած ջանքերի համար։






