Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։
Ահազանգով դեպքի վայր էր մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ ավազակության հատկանիշներով:
Քրեական ոստիկանության տեխնիկական աջակցման բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի 16-ամյա մի բնակիչ է, որը թմրամիջոց իրացնելու համար գտնվում էր հետախուզման մեջ։
Հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով միջոցառումներին ներգրավվեցին նաև անձի հետախուզման բաժնի ծառայողները և համատեղ միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 8-ին 16-ամյա պատանին մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Վերջինիս նկատմամբ ավազակության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և դատարանի որոշմամբ կալանավորվել է:




