Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն. Արմեն Այվազյան

14 Սեպտեմբերի, 2026

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Եվ այսպես, 2026 թ. սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին օտարերկրյա դիվանագիտական կորպուսի մինչ այժմ ամենախոշոր այցն Արցախ։ Դրան մասնակցեցին շուրջ 150 ներկայացուցիչ՝ 58 պետություններից և 9 միջազգային կազմակերպություններից։ Նրանք այցելեցին Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտի և Քարվաճառի շրջաններ, այդ թվում՝ Գանձասար և Դադիվանք։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ սա 2020 թվականից ի վեր դիվանագիտական կորպուսի արդեն 22-րդ կազմակերպված այցն էր այդ տարածքներ։
Ի՞նչ էին ցույց տալիս նրանց։
Նոր ճանապարհներ ու թունելներ, բնակելի շենքեր, համալսարան, գործարաններ, ադրբեջանցիների «վերադարձ», «վերականգնվող» Ստեփանակերտ ու Շուշի։ Դիվանագետներից շատերը գովեցին շինարարության ծավալներն ու արագությունը։ Մինչդեռ նրանց հրապարակային հայտարարություններում երբեք չհնչեց ամենապարզ հարցը. իսկ որտե՞ղ են Արցախի հայերը։
Չէ՞ որ նրանք անհետ չեն կորել։ 2020 թ. պատերազմից, 2022-2023 թթ. ադրբեջանական տասամսյա շրջափակումից, սովահարումից, ռազմական ճնշումից և սեպտեմբերյան հարձակումից հետո ավելի քան 130 հազար արցախահայեր ստիպված եղան մի քանի օրվա ընթացքում հեռանալ իրենց ծննդավայրից և մեր՝ բոլոր հայերիս, հայրենիքից։ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
Ուրեմն ի՞նչ «կյանքի վերադարձի» մասին է խոսքը։ Ո՞ւմ կյանքն է վերադարձել Ստեփանակերտ, երբ նրա հայ բնակիչները հարկադրաբար ապրում են Հայաստանի Հանրապետությունում և այլուր։ Ո՞ւմ «վերաբնակեցումն» են ողջունում օտարերկրյա դիվանագետները, երբ այդ հողի բնիկ բնակչությունը զրկված է իր տները վերադառնալու հնարավորությունից։
Այս այլանդակ դիվանագիտական լռությունը շատ որոշակի քաղաքական հետևանք ունի. աստիճանաբար օրինականացվում և բնականոնացվում է էթնիկ զտման «արդյունքը»։
Տակավին երեք տարի առաջ Արցախում ապրում էին հայերը, ինչպես ապրել են այնտեղ անհիշելի ժամանակներից։ Նրանց բռնի արտամղեցին։ Այսօր հայկական քաղաքներում և գյուղերում վերաբնակեցվում են ադրբեջանցիներ, իսկ տասնյակ երկրների դիվանագետներ այցելում են այդ վայրերը և գովաբանում «վերականգնումը»։ Բաքվի ֆաշիստների համար ավելի նպաստավոր պատկեր դժվար է պատկերացնել. կատարված հանցագործությունն անցյալում է, իսկ դրա ստեղծած «նոր իրականությունը» աշխարհին արդեն ներկայացվում է որպես «նորմալ կյանք»։
Բայց հայաթափումով գործը չի ավարտվել։ Արցախում ամբողջ թափով ընթանում է հայկական հետքի հեռացումը։
Դրա ամենացայտուն օրինակը Գանձասարն ու Դադիվանքն են։ Դիվանագետներին այնտեղ արդեն ներկայացվեց Ադրբեջանի պետական թեզը, թե հայկական այս վանքերը «կովկասյան-աղվանական» ժառանգություն են։ Գանձասարի պարագայում դա արվում է մի վանքում, որի պատերը կրում են հայկական արձանագրություններ, որի պատմությունն անքակտելիորեն կապված է Հայ Առաքելական եկեղեցու, հայկական Խաչենի իշխանության և Արցախի հայության՝ XVIII դարի, 1917–1920 և 1988–2023 թթ. ազատագրական պայքարի հետ։
Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում. նախ հայերին հեռացնել Արցախից, ապա Արցախից հեռացնել նրա հայկական պատմությունը։
Հենց այստեղ է Ռաֆայել Լեմկինի դեռևս 1944 թ. ձևակերպած միտքը ստանում գրեթե սահմռկեցուցիչ հաստատում։ Ցեղասպանությունը նա չէր սահմանափակում մարդկանց ֆիզիկական ոչնչացմամբ։ Լեմկինը խոսում էր երկու հաջորդական փուլերի մասին՝ ճնշված խմբի ազգային կառուցվածքի ոչնչացում և դրա փոխարեն նվաճողի ազգային կառուցվածքի պարտադրում («Genocide has two phases: one, destruction of the national pattern of the oppressed group; the other, the imposition of the national pattern of the oppressor»)։ Ընդ որում, վերջինս, ըստ նրա, կարող է իրականացվել արդեն միայն տարածքի նկատմամբ՝ բնակչության վտարումից և այդ տարածքը նվաճողի սեփական քաղաքացիներով բնակեցնելուց հետո։
Արցախում կատարվում է հենց այս գործընթացը՝ հայ բնակչության վտարում, ապա՝ նրա վերադարձի խափանում, տարածքի նոր բնակեցում, հայկական տեղանունների վերացում, հայկական պատմական հիշողության ջնջում, հայկական մշակութային ժառանգության «աղվանականացում» և յուրացում։
Ընդ որում, խնդիրը արդեն միայն հայկական չէ։
Արցախի էթնիկ զտման միջազգային լեգիտիմացումը աղետ է ոչ միայն հայերի համար։ Այն վտանգ է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար։ Եթե էթնիկ զտման արդյունքը կարելի է մի քանի տարվա ընթացքում վերածել միջազգայնորեն ընդունելի քաղաքական իրականության, ապա բնակչության բռնի հեռացումը փաստացի վերածվում է տարածքային և ժողովրդագրական խնդիրներ լուծելու «արդյունավետ» մեթոդի։ Ճիշտ ու ճիշտ Ադոլֆ Հիտլերի 1939 թ. օգոստոսի 22-ի արտահայտած մտքի համաձայն՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։ Օրեր անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ հետագա տարիներին՝ միլիոնավոր մարդկանց ծրագրավորված բնաջնջումը։
Արցախի դեպքը աշխարհին կարող է շատ վտանգավոր դաս տալ. եթե ուզում ես ազատվել անցանկալի բնակչությունից, գործը հասցրու մինչև վերջ։ Արագ հեռացրու ամբողջ բնակչությանը, ստեղծիր անդառնալի փաստ տեղում, ուշադրություն մի դարձրու միջազգային դատապարտման թույլ փորձերին, ապա կառուցիր ճանապարհներ ու բնակելի թաղամասեր, կազմակերպիր դիվանագիտական այցելություններ և սպասիր։ Որոշ ժամանակ անց աշխարհը կսկսի ոչ թե խոսել բռնի տեղահանվածների վերադարձի մասին, այլ քննարկել քո ստեղծած «նոր իրականության» տնտեսական զարգացումը։
Սա է Արցախի նախադեպի ամենավտանգավոր կողմը։ Հաջողությամբ ավարտված և անպատիժ մնացած էթնիկ զտումը դառնում է ընդօրինակման օրինակ։
Եթե միջազգային հանրությունը հարմարվում է հանցագործության արդյունքին, միջազգային իրավունքի զսպող ուժը փլուզվում է։ Այսօր, փաստորեն, 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ամենակարևոր՝ կանխարգելիչ գործառույթը խափանված է, թեև այն այս պահին վավերացրել է 154 պետություն։
Պատահակա՞ն էր արդյոք, որ Արցախի հայաթափումից անմիջապես հետո աշխարհը բախվեց Գազայի աղետին՝ պաղեստինյան բնակչության զանգվածային սպանություններին, տեղահանմանը և կենսական միջավայրի լայնածավալ ոչնչացմանը։ Այսօր նույն վտանգավոր գործընթացների տարբեր դրսևորումներ տեսանելի են նաև Հորդանանի Արևմտյան ափում, ինչպես նաև Լիբանանի հարավի բնակչության համար։ Ցեղասպանական կոտորածներ են իրականացվում Սուդանում…
Իհարկե, Արցախը «չի պատճառել» Գազան։ Բայց Արցախն ու Գազան բացահայտում են միջազգային համակարգի նույն ծանր հիվանդությունը՝ զանգվածային հանցագործությունը ժամանակին կանգնեցնելու անկարողությունը և հետո ուժով ստեղծված իրողության հետ հարմարվելու պատրաստակամությունը։
Արցախի հարցում այսօր շատ ավելին է որոշվում, քան միայն Արցախի և Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։
Աշխարհն այսօր ընտրություն է կատարում, թե ինչ դաս է քաղում Արցախում կատարվածից։ Եվ դիվանագետների այս վերջին այցն Արցախ, ցավոք, հուշում է, որ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը քաղաքական նպատակների հասնելու ընդունելի միջոց դարձնող թուրք-ադրբեջանական բացահայտ ֆաշիզմն առայժմ հաղթում է։ Հետևանքները չեն ուշանա և ավելի ու ավելի տեսանելի կլինեն աշխարհի շատ ուրիշ վայրերում։
Իսկ մենք պետք է փորձենք լուծել մեր անվտանգության հարցերը՝ հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով»։

Նմանատիպ նյութեր

Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում․ «Կարճ ասած»

Վերջին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյանը գամեց իր թիմակից Հայկ Սարգսյանին, որը լայն հանրությանը ավելի հայտնի է «Շիշ բռնող» գրական կեղծանունով։ Էլ թալանչի, էլ կոռուպցիոներ, էլ գողական և...

Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան

Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան

ԱԺ նախագահը խրոխտ հայտարարում է, որ Հայաստանում Բելառուսի դեսպանը հետ կգնա, երբ Բելառուսը ներողություն խնդրի Հայաստանից, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Հիրավի՝ ինքնիշխանության ու արժանապատվության բարձունք։ Մեկ էլ, այդ...

Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի

  Սեպտեմբերի 13-ին՝ Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակման 4-րդ տարելիցի օրը, Փաշինյանն ու ՔՊ-ականները Սևանում կերուխում էին կազմակերպել, իսկ զուգահեռ իրականությունում Հաջիևն օկուպացված Արցախում ԵՄ ներկայացուցիչներին պատմում էր, որ...

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում

«Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով...

Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ

Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ

Խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արարատի ցեմենտի գինը 2700 դրամից կտրուկ թանկացել ու դարձել է 3500 դրամ։ Իրանական ցեմենտը 3500 դրամից դարձել է 4000 դրամ։ Թանկանալու հետ մեկտեղ շուկայում գրեթե անհնար է ցեմենտ գտնել. բազմաթիվ ընկերություններ ստիպված...