Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

23 Հոկտեմբերի, 2026

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության պաշտոնական հրավերը։

Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել են փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։

Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։ Դրան հաջորդած՝ ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի և WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու նամակագրության ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և պահանջվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։

Հոկտեմբերի 23-ին Զորան Ստրեզովսկին լրացուցիչ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ մեր համույթներին մեղադրելով մեր երկրում «անջատողական գործունեություն» իրականացնելու մեջ և առաջարկելով նրանց չհրավիրել փառատոնին։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն կտրականապես մերժում է իր արվեստագետներին վերագրվող այս մեղադրանքներն ու բնորոշումները։

2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո կազմակերպության առաքելություններից է դարձել Արցախի մշակութային համույթների պահպանումը և նրանց մասնագիտական գործունեության շարունակականության ապահովումը։

Այս համույթները Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրողներն են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան կատարողական արվեստները ճանաչում է որպես այդ ժառանգության հիմնական բնագավառներից մեկը։

2025 թվականին արցախյան արվեստագետները հաջողությամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի և ստանալով պատվոգրեր։ CIOFF-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերություն ունեցող և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություն է։

Արցախից բռնի տեղահանված արվեստագետներն արդեն զրկվել են իրենց բնական մշակութային միջավայրում ստեղծագործելու հնարավորությունից։ Նրանց միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցության սահմանափակումը՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների հնարավոր խախտման առումով։

Կազմակերպությունն արդեն դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խնդրելով ուսումնասիրել տեղի ունեցածի հանգամանքները և աջակցել արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը։

WOFA-ի նախագահից պահանջվել է հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ Նա խոստացել է լրացուցիչ մանրամասները տրամադրելլ։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է, որ հետևողական է լինելու տեղի ունեցածի ամբողջական պարզաբանման և արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանության հարցում։

Նմանատիպ նյութեր

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...