Ըստ հաշվարկների, Իրանի դեմ պատերազմի սանձազերծումից ի վեր, ԱՄՆ քաղաքացիները բենզինի գների աճի պատճառով այդ վառելիքի համար ծախսել են 100 միլիարդ դոլարով ավելի, քան կծախսեին մինչեւ պատերազմը եղած գների դեպքում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հետաքրքիր վիճակագրություն է, իհարկե։ Առավել եւս, որ ըստ հաշվարկի, ամերիկացիների այդ ծախսը «ավելանում» է րոպեում 1 միլիոն դոլար ծավալով։ Իսկ ամերիկացիների համար, ինչպես հայտնի է, բենզինի գինը «սրբություն սրբոց» է։ Նաեւ սա է ԱՄՆ նախագահ Թրամփի եւ հանրապետականների համար բավականին ծանրացնում իրադրությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ, ինչի համար Թրամփը փորձում է Պուտինին բերել որեւէ համաձայնության դաշտ, գոնե եռակողմ՝ Զելենսկու հետ հանդիպման միջոցով ինչ որ տպավորություն ստեղծելու տեսքով։
Հարցն այն է, որ ներկայումս Պուտինը ուկրաինական ճակատում իրեն զգում է դրության տեր։ Որքան էլ ուկրաինացիները վնաս են հասցնում ռուսական տնտեսական օբյեկտներին, դրանց ծավալը մեղմ ասած այնպիսին չէ, որ Ռուսաստանին դնի սկզբունքային խնդիրների առաջ։ Իսկ ահա ռուսները ուկրաինական տնտեսությունը պարզապես ոչնչացնում են, միաժամանակ նաեւ ոչնչացնում են ուկրաինական զինուժի դիմադրության ռեսուրսը՝ լոգիստիկայից մինչեւ սպառազինություն։
Իսկ ամբողջ հարցն այն է, որ Թրամփը մի կողմից չի կարող ամբողջապես հրաժարվել Ուկրաինայից՝ դա այնքան էլ լավ էլեկտորալ քայլ չի լինի, բայց մյուս կողմից՝ Իրանի դեմ ավարտել չկարողանալուն զուգահեռ Ուկրաինայի հարցում ՌԴ դեմ ագրեսիվ կեցվածքի մեջ մտնելը էլ ավելի կծանրացնի իրավիճակը։
Պուտինը զգալով այդ իրավիճակը, փորձում է քաղել մաքսիմումը։ Առավել եւս, որ Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովում նա կարծես թե ստացավ իր համար կարեւորի շարունակության հավաստիացումը Չինաստանից ու Հնդկաստանից՝ տնտեսական թիկունքի ապահովում»,-գրել է նա։






