Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»

21 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը» շարունակում է հանրությանը ներկայացնել, թե ովքեր են Ազգային ժողովի աշխատակազմի առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք, ինչ ճանապարհ են անցել և ինչ ունեցվածք են հայտարարագրել։

Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանին, որը տարիներ շարունակ դիվանագիտական համակարգում աշխատելուց հետո 2022 թվականից ղեկավարում է խորհրդարանի արտաքին կապերի վարչությունը։

Հատկանշական է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի նոր կազմ է ձևավորվել, սակայն Տիգրան Սեյրանյանը պահպանել է իր պաշտոնը՝ շարունակելով ղեկավարել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։

Ո՞վ է Տիգրան Սեյրանյանը

Տիգրան Սեյրանյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 6-ին Նովոսիբիրսկում։ 1984-1991 թվականներին սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Նրա աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է դիվանագիտական համակարգի հետ։ 1992 թվականից աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ղեկավարել է հյուպատոսական վարչությունը։ Տարիներ շարունակ դիվանագիտական ծառայություն է իրականացրել Իրանում և ԱՄՆ-ում։

2011-2018 թվականներին եղել է Չեխիայում ՀՀ դեսպանը, 2012-2018 թվականներին՝ նաև Սլովակիայում ՀՀ դեսպանը, իսկ 2018-2021 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

2022 թվականից Սեյրանյանը զբաղեցնում է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ Նրա դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպան է։

Ի՞նչ ունեցվածք ունի

Հայտարարագրի համաձայն՝ Սեյրանյանի անվամբ առկա է չորս միավոր անշարժ գույք։ Դրանցից երկուսը ավտոկայանատեղիներ են, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի հուլիսի 23-ին՝ նվիրատվության եղանակով։ Երկուսն էլ համատեղ սեփականության իրավունքով են։

Նույն օրը՝ 2024 թվականի հուլիսի 23-ին, նվիրատվության եղանակով նա համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել նաև բնակարան։

Սեյրանյանն ունի նաև մեկ բնակարան, որը նրա միանձնյա սեփականությունն է։ Այն ձեռք է բերվել 2004 թվականի սեպտեմբերի 15-ին՝ գնման եղանակով։

2025 թվականին նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Սեյրանյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա։ Նրա անվամբ առկա է 2022 թվականի արտադրության Volkswagen, որը ձեռք է բերել 2023 թվականի սեպտեմբերի 11-ին՝ գնման եղանակով։ Մյուսը 1996 թվականի արտադրության BMW է, որը նա ձեռք է բերել 2004 թվականի մարտի 6-ին։

Ավելի քան 64 հազար դոլարի ավանդ

Տիգրան Սեյրանյանի բանկային ավանդի մնացորդը 2025 թվականի տարեվերջին կազմել է 64,341.14 դոլար։

Բանկային հաշիվների մնացորդների մասով տարվա սկզբում նա հայտարարագրել է 4.39 դոլար, 14,817.37 եվրո, 878.28 չեխական կրոն և 576,310.11 դրամ։ Տարվա վերջին այդ գումարները կազմել են համապատասխանաբար 4.39 դոլար, 9,852.35 եվրո, 10,534 չեխական կրոն և 4,462,010 դրամ։

Բացի այդ, Սեյրանյանը հայտարարագրել է տարբեր արժույթներով կանխիկ գումար։ Տարվա սկզբում նրա մոտ եղել է 200 ֆունտ, իսկ տարեվերջին՝ 50 ֆունտ։

Կանխիկ դոլարը 13,420-ից նվազել է մինչև 20 դոլար, դրամը՝ 620 հազարից մինչև 80 հազար դրամ, իսկ եվրոն՝ 10,250-ից մինչև 170 եվրո։

Նա նաև հայտարարագրել է 800 ուկրաինական գրիվնա և 1,200 չեխական կրոն։ Տարվա վերջին դրանք կազմել են համապատասխանաբար 800 գրիվնա և 1,000 չեխական կրոն։

Որքա՞ն է կազմել եկամուտը

2025 թվականին Տիգրան Սեյրանյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 19 մլն 346 հազար 581.08 դրամ։

Կոնվերս բանկից նա ստացել է 3,205.96 դոլար՝ տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։

Վարձակալության դիմաց նրա եկամուտը կազմել է 2 մլն 400 հազար դրամ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացել է 3 մլն 931 հազար 560 դրամ։

Եվս 11 մլն 792 հազար 300 դրամ ստացել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։

Տարվա վերջին Սեյրանյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 1,119.43 դոլար, կամ հայտարարագրում ներկայացված հաշվարկով՝ 426 հազար 939.41 դրամ։

2025 թվականի ծախսերի բաժնում առանձնանում է ուսման կամ այլ դասընթացների համար կատարված վճարը։ Սեյրանյանը այդ նպատակով ծախսել է 26,200 ֆունտ ստեռլինգ, որը հայտարարագրում դրամային արտահայտությամբ կազմել է 13 մլն 449 հազար 246 դրամ։

Այսպիսով, ԱԺ նոր կազմի ձևավորումից հետո իր պաշտոնը պահպանած Տիգրան Սեյրանյանը երկարամյա դիվանագիտական ճանապարհ է անցել՝ աշխատելով ՀՀ ԱԳՆ համակարգում, հյուպատոսական ծառայությունում և տարբեր երկրներում Հայաստանի դեսպան։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 2 բնակարան, 2 ավտոկայանատեղի, 2 ավտոմեքենա, ավելի քան 64 հազար դոլարի բանկային ավանդ, տարբեր արժույթներով դրամական միջոցներ և 2025 թվականին ունեցել է ավելի քան 19.3 մլն դրամի հայտարարագրված եկամուտ»։

 

Նմանատիպ նյութեր

Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ

Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ

Իրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար։ Հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի պատմության մեջ...

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ. գնդապետը՝ Փաշինյանին

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ. գնդապետը՝ Փաշինյանին

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, այլևս հնարավոր չէ ծածկել գեղեցիկ խոսքերով, վիճակագրությամբ կամ քարոզչությամբ։ Բանակի այս ծանր վիճակի...

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի...

Կոռուպցիան՝ էդ պոզով-պոչով կենդանին նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերը․ Մեսրոպ Մանուկյան

  «Հիմա ասեմ, թե ինչ է կոռուպցիան ուղիղ առարկայական՝ ինչպես է արտահայտվում այդ պոզով-պոչով կենդանին, որը նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերն ու դուրս չի գալիս։ Օրինակը շատ առարկայական բերեմ. Երևան քաղաքը մրցույթ է հայտարարում...

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026...