2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք

23 Հուլիսի, 2026

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ–ից։

«2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում ձերբակալվել են վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտ և շարքային զինծառայող, ում նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ քննչական կոմիտեին, պարզելու, թե ինչ հանգամանքներ են ընկած դասակարգումների հիմքում։

Ըստ ՀՀ զինվորական դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկատվության՝ զինծառայողների մահվան դեպքերը զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված դասակարգելիս «…հաշվի են առնվում իրադրությունը, դեպքի կոնկրետ հանգամանքները եւ մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ»։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ «…յուրաքանչյուր դեպքով վարույթն իրակացնող քննիչի կողմից դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ ուսումնասիրության և քննության արդյունքում հաստատված փաստական տվյալների հիման վրա է միայն հետևություն արվում՝ մահվան դեպքի զինծառայության հետ կապված լինելու կամ չլինելու համգամանքը»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ զինված ուժերում մահացության դեպքերը պետք է դասակարգել միայն ըստ երկու մեծ ենթախմբերի. մարտական՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով և ոչ մարտական՝ մյուս բոլոր պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ դեպքը պետք է դիտարկվի որպես զինված ուժերի կորուստ, քանի որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության՝ պետության պարտավորության տեսանկյունից:

Այսպիսով, զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից գնահատվում են ըստ զինվորական ծառայության իրականացման մեջ հաշվառված լինելու հանգամանքի:

2026 թվականին զինծռայողների մահացության բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Ավելին, վերջին մոտ երկուսուկես տարվա (2 տարի և 5 ամիսների) ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր ՀՀ զինված ուժերում չեն արձանագրվել․ վերջինը 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած դեպքն էր, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացան Երկրապահ կամավորական միության չորս անդամներ։ Չնայած 2024 թ. փետրվարից ի վեր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր չեն արձանագրվել, սակայն Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերը 2018-2015 թթ ընթացքում ավելացել է 2010-2017 թթ համեմատ։

2026 թվականին ոչ մարտական պայմաններում 30 զինծառայողների մահացության դեպքերի ավելի քան մեկ երրորդ մասը (մոտ 37 %-ը) ինքնասպանության և սպնության հետևանքով դեպքերն են։ Ընդ որում, ինքնասպանության 8 դեպքերից 6-ը և սպանության 3 դեպքերից 2-ը զինվորական ծառայության հետ կապված դեպքերն են:

Վերլուծելով զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում, անդրադառնանք 2010 թվականից մինչև 2025 թվականը ՀՀ զինված ուժերում (մինչև 2023 թվականը նաև ԱՀ պաշտպանության բանակում) զինծառայողների մահացության դեպքերին ու դրանց պատճառներին՝ ներկայացնելով դրանք ըստ երկու ժամակահատվածի՝ մինչև 2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունը (2010-2017 թթ.) և դրանից հետո (2018-2025 թթ.) ընկած 8 տարիների ընթացքում։

Նշենք, որ ներկայացվող տվյալներում ներառված չեն 2016, 2022, 2023 թվականներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական և մարտական գործողությունների հետևանքով մահացության դեպքերը։

Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացել է 462 զինծառայող, ընդ որում մահացության 163 դեպքերը (35%) հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 299-ը (65 %)՝ ոչ մարտական պայմաններում։

2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահացության դեպքերի 511 դեպք, որից84-ը (16 %) մարտական պայմաններում, իսկ 427-ը (84 %)՝ ոչ մարտական:

Ինչպես կարելի է տեսնել տվյալներից, 2018-2025 թթ ընթացքում 2010-2017 թթ․ ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 11 տոկոսով, ընդ որում նույն՝ 2018-2025 թթ․ ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թիվն ավելացել է 45 տոկոսով (49 մահվան դեպքով)։

Սա վկայում է այն մասին, որ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ, արդյունավետ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումների իրականացում։

Ինչ վերաբերում է ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերին, ապա նշենք, որ 2010-2017 թվականներին արձանագրվել է նշված պատճառներով 131 զինծառայողի մահացության դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թվի 45 տոկոսը։

Իսկ 2018-2025 թթ․ ընթացքում ինքնասպանության և սպանության հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահացության 120 դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության թվի 28 տոկոսը։

Չնայած ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերի թիվը 2018-2025 թվականների ընթացքում 2010-2017 թվականների համեմատ նվազել է 11-ով, սակայն նման պատճառներով զինծառայողների մահացության դեպքերը առկայությունն արդեն իսկ վկայում է պետության կողմից զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոչ բավարար մակարդակի մասին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում՝ հրապարակելով զեկույցներ ու տեղեկանքներ, մշակելով օրենսդրության և պրակտիկայի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ուղղված պաշտպանական գերատեչությանը և քննչական մարմիններին։

Այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստում է 2026 թվականի առաջին կիսամյակում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ մանրամասները, որոնք կամփոփվեն զեկույցում և շուտով կհրապարակվեն։

ԶՈւ մահացության դեպքեր 2010-2017 թթ

Ընդհանուր՝ 462

Մարտական՝ 163

Ոչ մարտական՝ 299

2010 54
2011 40
2012 50
2013 30
2014 46
2015 78
2016 98
2017 66
Ընդ․ 462

ԶՈւ մահվան դեպքեր 2018-2025 թթ

Ընդհանուր՝ 511

Մարտական՝ 84

Ոչ մարտական՝ 427

2018 63
2019 50
2020 100
2021 76
2022 64
2023 83
2024 40
2025 35
Ընդ․ 511

Նմանատիպ նյութեր

Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնաuպանություն․ «Հետք»

Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնաuպանություն․ «Հետք»

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները շարունակում են մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը։ Այս մասին գրում է Հետքը։ «Դիտորդներն ու մասնագետները պնդում են, որ բազմաթիվ դեպքերում ազատազրկվածների ծանր հոգեկան վիճակի ազդանշանները ժամանակին արձագանք չեն...

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար։ «Ես շնորհակալ եմ Եվրամիությանը և բոլոր եվրոպական առաջնորդներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունելու համար։ Կարևոր է, որ Ռուսաստանի...

Ծառուկյանին կրկին կհարցաքննեն

Ծառուկյանին կրկին կհարցաքննեն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը կրկին հարցաքննելու են։ Տեղեկությունը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն է հայտնել։ «Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3)»,- հայտնել է...

ԵՄ-ն շարունակելու է ժպիտը դեմքին քանդել մեր գյուղատնտեսությունը. Գրիգոր Բալասանյան

ԵՄ-ն շարունակելու է ժպիտը դեմքին քանդել մեր գյուղատնտեսությունը. Գրիգոր Բալասանյան

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է․ «Մոլդովայի կառավարությունը որոշել է օգոստոսի 1-ից բարձրացնել բենզինի և դիզվառելիքի ակցիզները, որի արդյունքում 1լ A95 բենզինի և դիզվառելիքի գինը կհասնի 1,7$։ Սա այն դեպքում, երբ հարևան և ընդհանուր պետությունից 5 պակաս Ռումինիան...

Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 2026 թվականի 6 ամիսներին 78-ով ավելացել են․ ՆԳՆ

Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 2026 թվականի 6 ամիսներին 78-ով ավելացել են․ ՆԳՆ

Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։ «Ընտանեկան բռնության...