Հայաստանի լրահոսում հանցավորության մասին լուրերը քանակով հավասար են մյուս բոլոր լուրերին։ Միայն վերջին շաբաթում՝ բազմաթիվ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, ծեծկռտուքներ։ Երեք լուր՝ վերջին օրերից․ Երևանի Մուրացան փողոցում կրակոցներ են հնչել, նռնակ են նետել, 20-ամյա մի երիտասարդ զոհվել է, 15-ամյա պատանին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենաներ։ Դրանից առաջ՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել մի 30-ամյա քաղաքացի՝ հրազենային վնասվածքով։ Դրանից առաջ․ Երևանի Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ, կացնի պոչ։
Սա մեր երկրի ամենօրյա լրահոսն է։ Քանի՞ ծնող է արդեն տղա երեխային արգելել երեկոյան 8-ից հետո տանից դուրս գալ․ վտանգավոր է։ Էս կրակոցների պատճառները հաստատ Սև լիճն ազատագրելու բանավեճը չէ, ոչ էլ Արցախը հետ բերելը․ կարդում ես՝ ինչի համար են իրար կոտորում, հիվանդանոց ու գերեզման հասցնում, զարմանում ես․ օրինակ՝ շան հաչալու պատճառով, ծորակը բացելու պատճառով, Վարդավառին ջրելու պատճառով․․․
Կարող ենք, իհարկե, հանրությանը կոչ անել իրավագիտակցության․ բայց, ախր, խնդիրը հանրությունը չէ․ խնդիրը պատասխանատու պաշտոնյաներն են, կարգ ու կանոնի բացակայությունը։ Էն օրն էի ասում, որ երբ մեր երկրի իշխանությունը կանոններից դուրս է, անում է ինչ ուզում է, խախտվում են այդ կանոնները բոլորի համար։ Մեր երկրում իշխանության է մարդ, որն ատելության մեծագույն քարոզիչն է․ նրա բառապաշարը, հիստերիկ ելույթները ատելություն են սփռում ամենուր և ապականում են անգամ ամենախաղաղ միջավայրը։
Հասարակության ամենակարևոր պահանջմունքներից մեկը՝ ֆիզիկական անվտանգությունը, լրջագույն սպառնալիքի տակ է։ Մարդասպանությունը, ծեծկռտուքները հանրային բանուկ հատվածներում են, բազմահարկ շենքերի բակում, անգամ՝ դպրոց-մանկապարտեզների մոտ։ Նիկոլն ասում էր՝ պետությունը միակն է, որն ունի ֆիզիկական ուժ կիրառելու օրինական իրավունք։ Հիմա պետությունը կորցրել է այդ մենաշնորհը։ Հանցավոր տարրերն այլևս չեն վախենում իրավապահ համակարգից։ Եվ հանրության մոտ հարց է առաջանում՝ դուք վերահսկո՞ւմ եք իրավիճակը, թե՞ վերահսկում եք, որ չհանդարտվի այս ամենը։
Հարևաններից մեկն ասում է՝ «թող իրար ուտեն, մինչև մաքրվի»․ չի մաքրվի, ասում եմ․ սա հանցավորություն ստեղծող , կրիմինալ դարձնող կառավարություն է։ Առաջ ասում էին՝ այսինչ տեղը այսինչ դեպքն է եղել, հիմա ամեն մեկն իր բակից ունի նման օրինակ։ Մեր երկրում ատելության անսահման դոզա կա․ երբ երկրի ոչ բարով ղեկավարն է սպառնում սպանել, նրանից ուղղակի թույնն ու մաղձ է հոսում, էդ ատելությունը մտնում է եթերներ, սոցցանցեր, լրահոս, չի կարող չներգրավել հանրությանը։ Երբ երկրի ղեկավարը ամբիոնից բռնություն է քարոզում, հայհոյում ու սպառնում, դա ազդանշան է դառնում փողոցի համար․ «եթե իրեն կարելի է, ուրեմն ինձ էլ է կարելի»։ Երևանում «ռազբորկաների» ժամանակ նռնակ են նետում․ հասկանո՞ւմ ենք, պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ է դարձել մեր երկիրը։
Ու էդ իրավիճակի ողբերգականությունն ընդգծում է երկրի ղեկավարության պահվածքը․ փառատոններ, քեֆ-ուրախություն։ Երկիրը սարքել են հանցավորությունից գլուխ չբացող Սիցիլիա ու ինքնամոռաց քեֆ-ուրախություն են անում, ցուցադրում են իրենց հանգիստ կյանքը։
Ներքին գործերի նախարար աշխատող այդ տիկինը, որ պետք է արդեն վաղուց 25 անգամ հրաժարական տված լիներ, ինչ-որ կարմիր պասպորտ է գովազդում, թե՝ «սա ՀՀ կենսաչափական անձնագիրն է, աշխարհի ամենաանվտանգ փաստաթուղթը»։ Ինչո՞վ է անվտանգ, կասե՞ք։ Որ դա մոտդ է լինում, չե՞ն կրակում։ Էս ընթացքում քա՞նի հոգի փողոցներում զոհվեց, որ պետք է էդ անձնագրից ստանար։ Էն մարդուն, որ վաղը պետք է էդ «աշխարհի ամենաանվտանգ» կենսաչափական անձնագրից տայիք, երեկ «գյուլել» են։
Այս ամենը կհասկանայի, եթե չունենայինք ՆԳ նախարար, գլխավոր դատախազ, վարչապետ․ բայց ունենք, ու ամեն մեկն ամսական ստանում է միլիոնների աշխատավարձ, հավելավճար․ մենակ մեկ ամսում մինչև 9 մլն դրամ պարգևավճար են ստացել․ սրա համա՞ր։ Որ ոչինչ չկանխե՞ն։
Պետության ղեկավարներից ակնկալվում է ոչ միայն արձագանքել արդեն տեղի ունեցած ողբերգություններին, այլև ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նման դեպքերը հնարավորինս կանխվեն։ Էդքան հեռախոս եք գաղտնալսում, թիմակիցդ ասում էր՝ «սաղ հեռախոսները լսվում են»․ բա որ լսվում են՝ կանխեք հանցագործությունները։ «Զապիսը զապիսի» վրա հրապարակում էին ընտրությունների ժամանակ, իբր՝ ընտրակաշառք են տվել․ մի օր չլսեցինք հանցագործություն կանխեք։ Կարդում ենք լուրը, որ վիճել են, հետո բաժանվել են, գնացել անձնակազմ են հավաքել, եկել՝ ծեծկռտուք, սպանոցի, վիրավորներ։ Հեռախոսով զանգել, հավաքել են բանդայի անդամներին, դուք էլ հեռախոսները լսում եք, ի՞նչ եք կանխել․ թե՞ ասել եք՝ «չէ, սա ընտրական թեմա չէ, քաղաքական թեմա չէ, ոչինչ, թող իրար ուտեն»։
Տեսե՞լ եք կադրերը, երբ մարդամեկը՝ այս ամենի հեղինակը, որևէ մարզ է գնում․ ամբողջ ոստիկանությունը զբաղված է տարածքն ազատելով ու դրան սպասարկելով։ Երբ ոչ մի տեղ չի գնում, մեկ է՝ ամբողջ ոստիկանությունը զբաղված է միայն դրան դայակություն անելով։ Իսկ սաղ երկիրը կրիմինալը խեղդում է։ Հլը պատկերացրեք՝ էսպիսի վարժություն անեն․ ոստիկանություն երկու հատ զանգ է գնում․ մեկն ասում է՝ այսինչ թաղամասում՝ ոստիկանության շենքի կողքը, ինչ-որ ջահելներ իրար դանակահարում են։ Մյուսն էլ զանգի-ասի՝ նույն թաղում ինչ-որ մեկը պլանավորում է մի տարուց Նիկոլի դեմ ինչ-որ գործողություն անել․ ի՞նչ եք կարծում, ոստիկանությունը ո՞ր դեպքի վայր երբ կհասնի։
Էսքան կրակոց, սպանություն, վայրենություն․ տեսե՞լ եք մեկին Ծառուկյանի պես «պոլին պառկեցնեն»։ Չէ, որովհետև էդ փողոցային հանցագործները քո՝ հանրության թշնամին են, դրանք Նիկոլին վտանգ չեն ներկայացնում, դրա համար էլ չեն պառկեցնում․ պառկեցնում են նրանց, ում Նիկոլն է համարում թշնամի։
Կարճ ասած՝ պետության առաջին պարտականությունը մարդու կյանքի պաշտպանությունն է։ Ամենավտանգավորը ոչ միայն այս կրակոցներն են, այլև դրանց սովորելը, որ մեզ համար դառնան սովորական։ Արդեն այդ ճանապարհն ենք բռնել։ Փողոցային կռիվների պատճառով մահերը սովորական են դառնում։ Ասում է՝ սահմանին մարդ չի զոհվում․ իսկ երկրի ներսո՞ւմ։ Այս իրավիճակը չի հարթվելու, քանի որ մեր երկրում իշխանության է մարդ, որն ինքն ատելության կծիկ է, թույնով լի պարկ, այս հանցավորության ոգեշնչման աղբյուրը։ Դրա համար էլ մենք միշտ պատրաստվում ենք է՛լ ավելի վատին։
Սևակ Հակոբյան





