Քաղաքական բումերանգը հենց սա է, երբ հայտարարում ես, թե մինչև 2018թ․-ն Հայաստանում ընտրությունները կեղծվել են, քո օրոք ձեռքերդ կկտրես, բայց ոչ մի քվեաթերթիկ չես կեղծի, բայց կազմակերպում ես այնպիսի ընտրություն, որոնց գերազանցում են նախորդ բոլոր ընտրությունների՝ բացահայտ, թաքուն ու ենթադրյալ բոլոր կեղծիքները՝ միասին վերցրած։ ՀՀ պատմության ամենախայտառակ ընտրությունները ավանդաբար, մինչև 2026թ․-ն, համարվել է 1996-ի նախագահական ընտրությունները։ 96-ը ավագ սերունդը լավ է հիշում, մյուսներն էլ շատ են լսել։ Փորձենք հասկանալ՝ ա՞յս ընտրություններնն էին ավելի կեղծված, թե՞ 96-ինը։
96-ին դարձյալ ուժեղ ընդդիմություն կար, բայց՝ մեկ ցուցակով, և կար իշխանությունն ամեն կերպ պահելու մոլուցք։ Մոլուցքն այնքան մեծ էր, որ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը հայտարարում էին, որ 100 տոկոս ձայն էլ հավաքի ընդդիմությունը, իշխանությունը չեն զիջի, անգամ՝ մարդկանց կյանքի հաշվին։ Ու ընտրությունները անգամ երկրորդ փուլ չգնաց, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես իր հուշերում պատմում էր Վանո Սիրադեղյանը, երկրորդ փուլի հոգեբանորեն պատրաստ չէր։ Անգամ ասում են՝ Լևոնը զանգել՝ Վազգեն Մանուկյանին շնորհավորել էր, այդտեղ ձեռքից բռնել էին, ասել՝ էս ի՞նչ ես անում։ Հետո պարզապես Տեր-Պետրոսյանին գիշերվա կեսին հայտարարեցին նախագահ և բացեցին շամպայնը՝ Վազգեն Մանուկյանից գողանալով հաղթանակը։ Բայց դա 90-ականններն էին, այնժամանակ ամեն բան այլ էր, բոլոր երկրներում էր այդպես։
Այս անգամ, այդ դեպքերից ուղիղ 30 տարի անց, ավելի վատը տեղի ունեցավ․ Վանոյենք գոնե իրենց պարտությունը պաշտոնապես իմանալուց հետո հայտարարեցին հաղթանակի մասին, Նիկոլը, քվեաթերթիկների 10 տոկյոսը հազիվ հաշվված, արդեն հայտարարեց, թե միանձնյա կառավարություն է ձևավորելու։ Պատկերացնում ե՞ք։ Տեր-Պետրոսյանենք ասում էին՝ ԿԸՀ-ն ինչ էլ հայտարարի, իշխանությունը չենք տա, Փաշինյանը կատարելագործել է՝ ինքն է ասում, թե ինչ պետք է ԿԸՀ-ն հայտարարի։ Հիմա ասեք՝ ո՞ր մեկն էր ավելի վատ։
Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների ժամանակ պետական կառույցները, մեղմ ասած չկային, թույլ էին, կար միայն բանակ, որը և օգտագործվեց։ Չկար այլ ռեսուրս, պետբյուջեն փոքր էր, չէր կարող ընտրակաշառք բաժանել, անգամ աշխատավարձ չէին կարողանում վճարել, ժողովրդի 50 տոկոսից ավելին պաշտոնապես աղքատ էր։ Լույս, գազ, մութ ու ցուրտ։ Այսինքն, միայն բանակն էր օգնում պահել իշխանությունը։ Իսկ Նիկո՞լը․ տոտալ բռնաճնշումներ բոլոր մարմիններով, ընտրություններից առաջ, ինչը չկար այն ժամանակ նման թափով։ Նիկոլը տոտալ բռնաճնշումների գնաց, թեկնածուներին կալանավորեցին, ում վրա հասցրին՝ քրգործ մոգոնեցին։ Ընդդիմադիր ուժերի բազմաթիվ վստահված անձանց փակեցին, որ քվեարկություններին չկարողանան իրենց խանբգարել։ Արդյունքն այն է, որ 30 տեղամասում վերահաշվարկ է արվում, տեսնում են ՔՊ-ին 5 հազար ձայն ավել է գրվել։96-ին բանակով պահեցին իշխանությունը, 2026-ին Նիկոլը բանակը քշեց ընտրատեղամաս՝ մինչև կեսգիշեր, ապօրինությւոն անելով Նիկոլ ընտրելու համար։ Այսինքն երկու դեպքում էլ՝ թե՛ 96-ին, թե՛ 2026-ին բանակը ժողովրդի կամքին դեմ հանվեց։
96-ին Ջհանգիրյան Գագիկն էր ցուցակների պատասխանատուն ու էնպես խառնեց, որ մինչև հիմա խառնված են էդ ցուցակները, ողջերը մեռածներին են խառնված, այսօր էլ տեսնում էինք, թե մի հոգու տան հասցեում քանի անծանոթ է գրանցված, ընտրությունների վերջում պարզվեց՝ գաղտնի ցուցակներ են եղել՝ տասնյակ հազարավոր ընտրողներով։ Սա էն ժամանակ չկար։ Էն ժամանակ մահացածները քվեարկում էին, հիմա վստահված անձն ասում է՝ 45 տարի այս փոքր գյուղում եմ ապրում, էն ընտրողներին, որ որպես մեր գյուղացի բերում են տեղամաս, ծանոթ չեմ։
96-ի ընտրություններից այս ընտրությունները տարբերվում են ահռելի ընտրակաշառքով՝ պետական, արտոնված։ Ընտրությունների նախաշեմին պետության հաշվին 65+ անձանց համար առողջապահական փաթեթը, բանակի կրճատումը, թոշակների բարձրացումը և այլն։ Կրկնում եմ՝ էն ժամանակ կառավարությունը չուներ էդ ռեսուրսները, փոքր բյուջե էր, սրանք ճարում են էդ ռեսուրսները, պարտք են անում ու բաժանում ընտրակաշառք։ Հակակոռուպցիոնը մարդկանց է բռնել, որ ընդհանուր 7 մլն դրամ ընտրակաշառք են բաժանել, ենթադրաբար։ Գուցե եղել է, բայց ո՞րն է ավելի վտանգավոր, ինչ-որ 10, 100, անգամ հազար հոգու փող բաժանե՞լը, թե 600 հազարին ընտրակաշառք բաժանելը 10 հազար դրամ թոշակի տեսքով, պետության պարտքը մեծացնելու հաշվին։ Այն անձը, որ իր միջոցներից 7 մլն է բաժանել, նա՞ է ավելի վտանգավոր, թե՞ Նիկոլը, որ բաժանել է 75 մլրդ դրամ՝ պետբյուջեից՝ միայն թոշակառուներին։ Եվ այս ընտրություններում բոլոր նախարարություններն իրենց հերթին բաժանել են այդպիսի կաշառք։
Այս ու 1996-ի իշխանությունների մեջ նմանություն, իհարկե, կա․ երկուսն էլ ամեն ինչի պատրաստ էին աթոռը պահելու համար, բառացիորեն՝ ամեն ինչի։ 96-ի իշխանությունները անկախ Հայաստանում առաջինն էին, որոնք շատ արագ դեֆորմացվեցին ու իսկապես վերածվեցին հրեշի։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին եկավ որպես ժողովրդավարության, փրկության համար իրեն զոհող ինչ-որ մարտիկ։ 8 տարի անց նա, արդեն, հրեշի է վերածվել՝ ջարդել-փշրելով, հանձնելով, դավաճանելով, թալանելով, սպառնալով, երկրի հերն անիծելով։
Մարդ, որի հեղափոխության պատճառն այն էր, որ Սերժը երրորդ ժամկետ էր գնում, ամեն ինչ արեց, որ երրորդ ժամկետ մնա։ Գիտեր, որ ժողովուրդը դեմ է, հիմա էլ գիտի, որ դեմ է։ Նա գիտի, որ չի հավաքել այդքան ձայն, բայց ասում է՝ մնում եմ, որովհետև 100% էլ հավաքի ընդդիմությունը, իշխանությունը զիջող չկա։ Մեր աչքի առաջ տեսանք հեղափոխականների դեֆորմացիան, երբ հանուն ժողովրդի եկածը ժողովրդին ծեծելով, բռնելով, շանտաժով, կաշառելով, սպանելով, վերջում էլ քվեն գողանալով մնում է։ Հայաստանի նոր իշխանությունը ինքնահռչակ է, ինքն է իրեն համարել վարչապետ՝ ընտրությունների գիշերը։
2018-ին հաղթեց այն համոզմունքը, որ իշխանությունը պետք է լինի ազնիվ, ընտրությունները՝ արդար, դատարանները՝ անկախ, քաղաքացին՝ հարգված, իսկ պետությունը՝ զերծ կեղծիքից, բռնությունից։ Ով դեմ էր հեղափոխությանը, համարեցին թշնամի։ Բայց ութ տարի անց ամենածանր հարցը ոչ թե այն է, թե ինչ եղավ հեղափոխության հակառակորդների հետ, այլ՝ ինչ եղավ հենց հեղափոխության հետ։ Եթե հեղափոխությունը պայքարում էր ընտրակեղծիքների դեմ, ինչպե՞ս ստացվեց, որ այսօր ամենակեղծված ընտրություններն են։ Եթե հեղափոխությունը պայքարում էր քաղաքական հետապնդումների դեմ, ինչպե՞ս եղավ, որ բանտերը լի են այլախոհներով։ Պատմության մեջ հաճախ է պատահել, որ հեղափոխությունները, հաղթելով հին համակարգին, ժամանակի ընթացքում սկսում են նմանվել հենց այն համակարգին, որի դեմ պայքարում էին։ Սրանք պատմական ամենավատ օրինակներն են, որ բոլոր սխալները մագնիսի պես քաշել են իրենց վրա։ Նիկոլենց ամենամեծ ողբերգությունը հենց դա է․ աշխարհի պատմության մեջ Հայաստանը մնաց օրինակ, թե ինչքան վատ ավարտ կարող են ունենալ հեղափոխությունները։ Գուցե նրանից է, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, այլ իշխանությունը նվեր են ստացել ինչ-ինչ նպատակներով․ գուցե ժամանակավոր են ստացել, բայց դե հետ էլ փոխանցել չեն կարողանում։
Այնուամենայնիվ՝ Նիկոլը իրականում շատ բարձրից է ցած ընկել․ 80 տոկոս ռեյտինգ ունեցողը այսօր մի 30 տոկոս կեղծում է ու չի կարողանում հասնել 50-ի։ Պատմության մեջ բավականին հաճախ հանդիպող երևույթ է, երբ ղեկավարները կամ քաղաքական ուժերը իշխանության են գալիս ժողովրդական աննախադեպ ալիքի, մեծ սիրո կամ հեղափոխության միջոցով, սակայն ժամանակի ընթացքում դավաճանում են իրենց իսկ հռչակած սկզբունքներին և իսկական աղետ դառնում սեփական երկրի ու ժողովրդի համար։ Սա այդ դեպքն է։ Փրկչի բարդույթով մարդուկ, որը շարժվում էր «ես եմ ժողովուրդը» տրամաբանությամբ և մտածում էր, թե մենակ ինքը գիտի ինչն է լավ երկրի համար ու ինքը պետք է միանձնյա որոշի՝ ինչ անել երկրի հետ։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չուներ արժեք, այն ընդամենը իշխանության գալու հիվանդագին ցանկություն էր։ Արդյունքում հեղափոխությունը վաղուց մեռել է, տեղը զբաղեցրել է ցինիկ բռնապետությունը։ Ահա թե ինչ արեց հեղափոխությունն իր զավակի հետ 8 տարի անց․ ամենամեծ քաղաքական ողբերգությունը նիկոլենց այն է, որ նա դարձավ այն ամենի խտացված, հրեշավոր տարբերակը, ինչի դեմ իբր պայքարում էր։ Ասում են՝ վիշապին սպանողը վերջում ինքն է դառնում վիշապ։ Բայց մեր դեպքում արյունարբու հրեշ դարձավ, որի կողքին նախկին բոլոր արատավոր երևույթները հիմա պարզապես մանկական չարաճճիություն են։
Կարճ ասած՝ պատմական զուգահեռներ տարանք 96-ի հետ, որովհետև նման են, բայց իրականության ու իրողությունների հետ կռիվ տալը միշտ չէ, որ ստացվում է․ գուցե իրավաճակային լուծում է իրենց համար, բայց գնալով խորանում է ճգնաժամը։ Մենք ամեն օր ենք տեսնում, որ ճգնաժամը խորանում է և բերում է ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների, որոնք այս իշխանությունը, ուզուրպացիայով պահպանելով, չի կարող հաղթահարել։ 96-ի արդյունքը ի՞նչ եղավ․ Լևոն Տեր-Պետրոսյանին չօգնեց այդ ամենը իշխանությունը երկար ձգել․ գողացած բանը երկար չմնաց իր մոտ․ ճգնաժամը պահպանվեց մինչև 98-ը, և նա ստիպված հանձնեց իշխանությունը։
Սևակ Հակոբյան






