Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

4 Մայիսի, 2026

Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը
Սույն թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի պատվիրակությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ։ Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։
Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շվեյցարիայի խորհրդարանականներ, հրավիրված փորձագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի ԱԺ նախագահ Ա․ Դանիելյանը, պատվիրակության անդամներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի ԱԳ նախկին փոխնախարար, միևնույն ժամանակ՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծված նույն հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանը և Գառնիկ Քերքոնյանը։
Իր ելույթում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի խորհրդարանականներին՝ նրանց նախաձեռնողականության համար և ընդգծել.
«Թույլ տվեք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ինչպես նաև Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի ու Եվրոպական միության խորհրդարանների մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր, ընդունելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված բանաձևեր, աշխարհաքաղաքական այս խիստ սրված ժամանակաշրջանում վերահաստատում են իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Դա մեր ժողովրդին ուժ է տալիս դիմակայելու այն անսահման տառապանքներին, որոնք հետևանք են Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած 2020 թվականի ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, իսկ 2023 թվականին՝ նոր ագրեսիայի միջոցով իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների»։
Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության խաթարմանն ու ոչնչացմանը՝ որպես շարունակվող մշակութային ցեղասպանության օրինակ մատնանշելով Ադրբեջանի կողմից վերջերս Ստեփանակերտում հիմնահատակ ավերված երկու եկեղեցիները։ Նա այդ գործողությունը որակել է որպես քրիստոնեության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործություն։
Արմինե Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ պատահական չէ Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնության ընդունումը հենց Շվեյցարիայում, ինչը նպատակ ուներ հարթակ ստեղծել երկխոսության և իրական խաղաղության հասնելու համար։ «Շվեյցարիան՝ որպես չեզոք և խաղաղասեր երկիր, լավագույնս է գիտակցում, որ Արցախի հիմնախնդիրը, աշխարհաքաղաքական լինելուց բացի, նախևառաջ մարդկային իրականություն է և մարդու իրավունքների հարց, որը պահանջում է հստակություն, պատասխանատվություն և սկզբունքային քայլեր։ Լռությունն ու անորոշությունը կարող են ապագա անկայունության պատճառ դառնալ», — նշել է Ալեքսանյանը։
Շվեյցարացի խորհրդարանականները, որոնց թվում էին պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հավաստիացրել են, որ շարունակելու են հետամուտ լինել խնդրի արդարացի լուծմանն ուղղված աշխատանքներին։
Ամփոփելով հանդիպումը՝ Ա․ Դանիելյանն արձանագրել է.
«Ժամանակ առ ժամանակ հնչում են կարծիքներ, թե իբր Արցախի հարցը փակված է, և խաղաղություն է հաստատվել։ Մենք հայտարարում ենք, որ Արցախի հարցը փակված չէ և գտնվում է միջազգային հարաբերությունների օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց հայրենի օջախներ, իսկ խնդիրը չի ստացել լուծում՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Սա են հաստատում նաև այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր երկրների և եվրոպական կառույցների կողմից»։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական քննարկման և փոխանակված տեսակետների կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս կշարունակվի խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ու փոխայցելությունները։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...