Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց․ «Փաստ»

26 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ժամանակակից պատմության թերևս ամենադինամիկ հասարակական ակցիաներից մեկը ծավալվեց armspyurk.com հարթակում: Ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու պետիցիան ստորագրողների թիվը հաղթահարեց 50000-ը: Այն փաստը, որ նման թվով ստորագրություններ դրվեցին խիստ կարճ ժամանակի ընթացքում, ակնառու ցույց է տալիս հանրային մոբիլիզացիայի մակարդակն ու Եկեղեցու կարևորությունը՝ որպես առանցքային ազգային ինստիտուտ:

Ստորագրողների թվի շեշտակի աճը բարձրագույն հոգևորականության դեմ կիրառված աննախադեպ միջոցների հանդեպ հանրային ուղիղ արձագանքն է: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց մի իրավիճակ, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղաշարժվելու ազատությունը գործնականում սահմանափակվեց:

Իշխանությունների կողմից կիրառված՝ երկրից դուրս գալու արգելանքը հանգեցրեց նրան, որ Վեհափառը չկարողացավ ներկա գտնվել նշանակալի միջեկեղեցական միջոցառումների, ներառյալ՝ Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:

Հասարակության մեջ նման գործողություններն ընկալվում են ոչ թե որպես իրավաբանական ընթացակարգ, այլ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վարչական և դիվանագիտական մեկուսացման ենթարկելու փորձ: Վեհափառ Հայրապետի միջազգային գործունեության սահմանափակումը շոշափելի հարված է հասցնում Սփյուռքի և քրիստոնեական աշխարհի հետ Հայաստանի կապերին՝ ազգին զրկելով համաշխարհային ասպարեզում իր ամենածանրակշիռ ձայներից մեկից:

ՀԱԵ առաջնորդի տեղաշարժի սահմանափակմանը զուգահեռ՝ իրավապահ մարմինները նաև քրեական հետապնդումների շարք են նախաձեռնել բարձրաստիճան հոգևորականների դեմ: Այդ «գործերով» մեղադրանքներ են ներկայացված Եկեղեցու կառավարման առանցքային գործիչների, որոնք անկասկած հեղինակություն են ընկալվում ժողովրդի կողմից: Նրանց շարքում են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հանրության առանձնահատուկ ուշադրությունը սևեռվեց այն բանին, որ հարվածի տակ հայտնվեցին ոչ միայն հոգևորականները, այլև նրանց մերձավորները: Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ քրեական հետապնդումը, հոգևորականության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամների դեմ քննչական գործողությունները շատերը գնահատում են որպես հոգեբանական և քաղաքական ճնշման միջոց: Իրավիճակը, երբ Եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչներն ու նրանց ազգականները դատական հետապնդման թիրախ են դառնում, երկրի քաղաքացիների շրջանում նրանց հետ համերաշխության հզոր ալիք առաջացրեց:

Ավելին, Եկեղեցուն աջակցելու համար կալանավորվեց բարերար և գործարար Սամվել Կարապետյանը, որը մի քանի ամիս անցկացրեց բանտում, իսկ հիմա գտնվում է տնային կալանքի տակ:

Հիսուն հազար մարդ, որ իրենց ստորագրություններն են դրել armspyurk.com հարթակում զետեղված պետիցիայի ներքո, ներկայացնում են հասարակության ամենատարբեր շերտերը: Ստորագրահավաքի արագությունը ցույց է տալիս, որ Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականների վարկաբեկելու փորձերը հակառակ արդյունքի հանգեցրին. տարանջատվելու և պառակտվելու փոխարեն, ժողովուրդը միասնական ճակատով հանդես գալու պատրաստականություն դրսևորեց: Ստորագրահավաքի մասնակիցների մեծամասնության համար այսօր Եկեղեցու պաշտպանությունը սեփական պատմության իրավունքի և դարերով անսասան մնացած արժեքների պաշտպանությունն է:

Իրավիճակում, երբ պետական կառույցները ենթարկվում են քննադատության՝ ազգային անվտանգության հարցերում անարդյունավետության համար, Եկեղեցին գործնականում մնում է վերջին անկախ հենասյունը, որն ի վիճակի է միավորել համայն աշխարհի հայությանը: Հենց դրանով է բացատրվում այն, թե ինչու են Էջմիածնի վրա տեղեկատվական գրոհներն ու հոգևորականների կալանավորումները նման արագ ու զանգվածային հակադարձման արժանանում:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները պատմական կարևոր նախադեպ են ստեղծում: Armspyurk.com հարթակում ստորագրահավաքի բացառիկ արագությունը հաստատում է, որ հայ հասարակությունը հակված չէ անհաղորդ դիտորդի դիրքում մնալ իր հոգևոր առաջնորդների հետապնդումների դեպքում: Այս ցանկում ամեն մի նոր ստորագրություն վկայությունն է այն բանի, որ Եկեղեցու ազդեցության սահմանափակման կամ Եկեղեցու արքեպիսկոպոսների դիրքորոշումը քրեական գործերով ճնշելու փորձերը միայն ամրապնդում են հավատացյալ ժողովրդի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կապը:

Ստորագրահավաքը շարունակվում է, և դրա մասշտաբների հետ արդեն անհնար է հաշվի չնստել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Նմանատիպ նյութեր

Արգելվում է ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

Արգելվում է ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

2026-ի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի,...

Հանրահավաքներ և փողոցային պայքար է լինելու, քննարկումները շարունակվում են․ Իշխան Սաղաթելյան

  «Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն և քաղաքական հետապնդում է, ինչը, կարծում եմ, ակնհայտ է բոլորին։ Մարդկանցից գողացան մանդատները՝ 60,000 ձայն, և այս ճանապարհով փորձում են հետապնդել ու, ըստ էության, սահմանափակել քաղաքական ուժի...

ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am

ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am

Հայաստանում շուկայում գործում է մոտավորապես չորս տնտեսություն, որոնք կարողանում են ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա, իսկ մնացածը բախվում են խնդիրների, ինչը երկարաժամկետ գործընթացների արդյունք է։ Այս մասին «Հայաստանի նորություններ» – NEWS.am-ի փոխանցմամբ՝...

Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ․ Մայր Աթոռ

Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ․ Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր...

Պայթյունները հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս էին․ Սիրիայի ՆԳՆ

Պայթյունները հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս էին․ Սիրիայի ՆԳՆ

Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանգրվանած հյուրանոցի շուրջ սահմանված անվտանգության գոտուց դուրս և սպառնալիք չեն ներկայացրել ֆրանսիացի առաջնորդի կյանքին։ Այս մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի...