Հայաստանը Փաշինյանի համար այլևս Արևմտյան Ադրբեջան է․ «Կարճ ասած»

12 Մարտի, 2026

 

Երեկ՝ մարտի 11-ին, Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Հայաստանի անունից եթե Փաշինյանի փոխարեն ելույթ ունենային Ալիևը, Բայրամովը, Բյուլբյուլօղլին, չի բացառվում, որ հակահայկականությունը ավելի զուսպ լիներ։ Օրինակ՝ Ալիևը հաճախ է իր երկրում ելույթ ունենալիս ծաղրում Նիկոլ Փաշինյանին, բայց այդ ծաղրը դրսի ամբիոններում չկա, ավելի զուսպ է։ Նիկոլ Փաշինյանը երբ դրսի ամբիոններում պետք է խոսի իր հայաստանյան ընդդիմախոսների, եկեղեցու մասին, հակաարցախյան թեզեր տանի, առավել անզուսպ է։ Վստահեցնում եմ ձեզ, ԵԽԽՎ ամբիոնից անհնար է Փաշազադեն Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին ասի՝ «եկեղեցու պետը»։ Նրանք այդպես չեն ասի, բայց կուրախանան որ նման խոսույթ լինի, կվճարեն անգամ դրա համար, կքաջալերեն, կհանձնարարեն։ Ես զարմացած չեմ Եվրոպական Խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հակապետական, հակահայկական, ինչպես շատերն են բնորոշում՝ դավաճանական ելույթով․ ես պարզապես տագնապում եմ, որ ՀՀ մայրաքաղաքի ամենակենտրոնում պաշտոնավարում է մի կառավարություն, որը ավելի մեծ գործ է անում մեր թշնամիների համար, քան հենց իրենք՝ թշնամիները։

67 տարի եվրոպական խորհրդարանը գործում է, էնտեղ ելույթ ունեցող տարբեր երկրների ընդդիմադիրները, այո, կարող են քննադատել իրենց իշխանություններին տարբեր հարցերում։ բայց երբ երկրի ղեկավար աշխատողն է քննադատում իր երկրի ինստիտուտները, ժողովրդին, միակ հարցը մնում է տալ՝ բա էդ երկրում դու մնում ես, որ ի՞նչ անես։

Փաշինյանն ասում է՝ կալանավորել եմ հոգևորականին, որը դեմ էր սահմանազատմանը և ուզում էր Ղարաբաղյան շարժումը վերսկսել, Ղարաբաղյան հարցը փակել եմ, տեղահանված արցախցիների հարցն էլ եմ ուզում փակել, ընդդիմադիրներին բռնել եմ, ընդդիմությունը հակառակորդ է, ժողովուրդը, որ դեմ է մեր ծրագրերին, պետության հակառակորդ է, պատերազմի կուսակցության մեջ են, հայ ժողովրդի հարցն էլ փակեմ, քանի վարչապետ եմ, էդ սաղ կանեմ, Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապեմ իրար իմ երկրի տարածքով․ դրա համար՝ օգնեք վերընտրվեմ։ Որովհետև դա ձեռնտու է Ալիևին։ Արցախցիների վերադարձի հարցը Նիկոլի փակել-բացելունը չէ, միջազգային իրավունք է: Դու վաղը չես էլ լինի, բայց էդ իրավունքը մնալու է։

Փաշինյանին այսօր հարցնում են՝ ինչու եք եկեղեցու դեմ պայքարում, պատասխանում է՝ որովհետև պատարագների ժամանակ Արցախ բառն են արտասանում։ Դա, ասում է, պատերազմի սպառնալիք է։ Ո՞նց կարող է աղոթքը դառնալ պատերազմի պատճառ։ Էդ ո՞րտեղ ես կարդացել, որ եկեղեցու քարոզը պատերազմի է բերում։ Սրանք ասում են՝ ընդդիմության բառապաշարը պատերազմի կարող է բերել։ Ալիևն է՞ հանձնարարել էդպես խոսեք։ Հայաստանում ձեր օրոք 3 պատերազմ է եղել․ ո՞ր մեկն է եղել եկեղեցու պատճառով կամ ընդդիմության պատճառով։ 2020 թվականի պատերազմի պատճառը Նիկոլի հայտարարությունն է եղել, որ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», 2021 թվականի ներխուժումը Նիկոլի՝ զորքերը հետ քաշելու պատճառով է եղել, 2022 թվականի պատերազմն ու ներխուժումը էլի իշխանության պատճառով է եղել, 2023 թվականի պատերազմն ու բռնագաղթը Պրահայում Արցախը Ադրբեջան ճանաչելու պատճառով է։ Ընդդիմության պատճառով պատերազմ չի լինում։ 2016թ․ ապրիլյան պատերազմի պատճառ ոչ մեկ չի համարում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։ Եթե Նիկոլը մնա, էլի պատերազմ է լինելու, կասկած չունեմ, ու էլի պատճառը լինելու է հենց նրա իշխանությունը։ Այսինքն՝ Արշակ սրբազանի գլխին քրգործ սարքելու և բանտարկելու պատճառը ապրիլի 23-ին Ջահերով երթից հետո Արցախն ուրանալու համար Նիկոլի հասցեին նզովքն էր․ կաթողիկոսի դեմ հարձակման պատճառը Արցախի մասին միջազգային ելույթն էր, Բագրատ սրբազանին բանտարկելու պատճառը Տավուշից հողերի հանձնելու դեմ պայքարն էր ու բոլոր մյուս եկեղեցականների ու եկեղեցու դեմ պայքարը աղոթքներում Արցախ բառն օգտագործելն է։ Այդ մարդն ուզում է, որ Աստծուն ուղղված աղոթքն ու պատարագի տեքստը հաստատվեն ՔՊ վարչության նիստում։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին, քանի որ նա ԱՄՆ փոխնախագահին նվիրել է գիրք Արցախի հիմնահարցի թեմայով։ Ասում ա՝ ես փակել եմ Ղարաբաղյան շարժումը, ո՞վ իրավունք ունի գիրք նվիրի։ Այսինքն, եթե քեզ թվում է, թե Արցախի էջը փակել ես, պատմությունն էլ ե՞ս փակել։ Վախենում ես, որ Վենսը կտանի կկարդա ու կիմանա՞, թե ինչպես 5 հազար տարվա հայկական հողը տվիր թշնամուն։ Որքան էլ ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի լինես, Արցախի պատմության դեմ չես կարող գնալ։ Ցեղասպանություն վերապրած, հայրենիքի մի մասը կորցրած ազգի թանգարանում գիրք են նվիրում մեր նորօրյա ողբերգության մասին, ու դա հունից հանում է մեր իշխանություններին։ Դե միանգամից թանգարանի դռներին էլ կողպեք կախեք, բանալիներն էլ փաթեթավորեք ու ուղարկեք Բաքու։ Դուք հիմա կռիվ եք տալիս պատմության դե՞մ։ Ալիևի հանձնարարակա՞նն է․ բայց Ադրբեջանի շահերն ավելի եռանդուն է առաջ տանում, քան նրանք կպատկերացնեին։

Փաշինյանը քննադատում է հայ փախստականների վերադարձը Արցախ, ասում է՝ որ էստեղ խոսում են, Ադրբեջանն էլ է առաջ քաշում իր փախստականների հարցը, դրանք բախվելու են, դառնան պատերազմ։ Նախ՝ արցախցի փախստականների և ադրբեջանցիների թեման լրիվ տարբեր է։ Ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման նույնական է հայերի՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ քաղաքներ վերադարձին։ Դու իրավունք չունես փակելու Արցախ վերադարձի թեման կամ դա կապես մյուս թեմայի հետ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, պատերազմում պարտվելու և ողբալի դիվանագիտության պատճառով Ադրբեջանը 2022 թվականին շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Նրա՝ ամենայն հավանականությամբ դիտմամբ արված ձախողումների պատճառով հիմա Ադրբեջանը կառավարության հովանավորությամբ այդ թեզին միս ու արյուն է տալիս։

Ու հիմա, երբ երկրի ներսում ու միջազգային բեմերից կռիվ է տալիս մեր եկեղեցու դեմ, պատմության դեմ, ընդդիմության դեմ, ժողովրդի դեմ, Արցախի դեմ, արցախցիների դեմ, անգամ պատարագների ու աղոթքների դեմ և ամբողջ հայ ժողովրդի դեմ, ուրեմն այս ամենը փոխելու մեկ տարբերակը ադրբեջանցիներն են․ այդ մարդը եթե շարունակի մնալ իշխանության, այս ամենը փոխարինվելու է մեր երկրում ադրբեջանցիներով։ Դրա ազդակները կան արդեն։ Երեկ Եվրոպական խորհրդարանում ասում էր, որ պատրաստ է Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Վաղը պատրաստ կլինի հենց այդ կապով ադրբեջանցիներին բերել Հայաստան։ Նիկոլին պետք է ուղիղ հարց տալ՝ Հայաստանը Ալիևի համար «Արևմտյան Ադրբեջան» է, իսկ քե՞զ համար ինչ է։ Չնայած ցուցադրական դեմ խոսելուն, իր գործունեությամբ նա այդ թեզի պաշտպանն է։ Որովհետև, կրկնում եմ, եթե դու հայկական ամեն ինչին դեմ ես, եկեղեցուց, աղոթքներից մինչև պատմական գրքեր, քեզ Հայաստանին կապող ոչինչն չկա։ Իսկ Ադրբեջանին կապո՞ղ ինչ ունես։ Այդ հարցի պատասխանը, կարծում եմ, կստանանք իշխանափոխությունից հետո՝ խորը հետաքննությամբ։

Կարճ ասած՝ Նիկոլն ասում է՝ հայ եկեղեցին ղեկավարվում է պետի կողմից, բարձրաստիճան հոգևորականները պայքարում են սահմանազատման դեմ, հոգևորականներն աղոթքներում ասում են Արցախ, սրբազաններն ուզում էին հեղափոխություն անել, ընդդիմադիրների խոսույթը պատերազմի է բերում, ինքը փակել է Արցախի էջը, ինքը փակում է արցախցի փախստականների էջը, ինքը միջանցք է տալիս Ադրբեջանին և այսպես շարունակ, ու իր այդ ասած բոլորը, առանց բացառության, բխում են Ադրբեջանի շահերից։ Հարց եմ տալիս՝ այդ ամենում, որ նա ասում է, Հայաստանի շահը ո՞րն էր։ վեր կենաս-գնաս-հասնես Եվրոպական խորհրդարան ու խոսես Ադրբեջանի շահից, ընդ որում՝ ավելի եռանդով, քան ադրբեջանցիները։ Ալիևի հանձնարարակա՞նն է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...