Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել․ «Կարճ ասած»

6 Մարտի, 2026

Նորություն չեմ ասում, որ խորհրդարանական ընտրությունների շեմին բավականին ոչ նախանձելի վիճակում ենք գտնվում ազգովի։ Բոլորն են ոչ նախանձելի, ընդիմությունը․ չգիտես թե ինչու, պետք է բացատրի, որ ժողովուրդ, Նիկոլը վատն է ու ինքը կարող է էլի ընտրվել, եթե իրեն դեմ լինելով՝ չգնաք ընտրելու մեկ այլի։ Կարծես պետք է, որ ոչ մեկ չկասկածեր Նիկոլի ոչ կոմպետենտ ու վտանգավոր լինելու մեջ, բայց դե անցած 8 տարի՝ դեռ կարիք կա, մարդկանց բացատրելու, աչքները բացելու։ Բայց քանի որ այս ընտրություններն իր համար կենաց-մահու պայքար են, մեկ էլ՝ մինչև կոկորդը խրված Նիկոլին փրկելու քայլեր ենք տեսնում մի շարք կողմերից։ Օրինակ, Հայաստանի ներսում հարցումներ են անում Փաշինյանի դրսի աջակիցները, ու արդյուքները հիասթափեցնող են։ Փողեր են ծախսել, վարկեր ու գրանտներ են տվել, որովհետև աշխարհաքաղաքական ծրագրեր ունեն նաև 2026-ից հետո, ու վախենում են դա պրավալ գնա, ո՛չ Արևմուտքը իրենը ստանա, ո՛չ թուրքերն ու Ադրբեջանը՝ իրենցը։ Ու սկսում են կոնկրետ աջակցության կոչերը․ Թուրքիայի կառավարությունը գրեթե ուղիղ հայտնում է, որ իրենց թեկնածուն Նիկոլն է, Ադրբեջանը, տո ամերիկացիք են տարբեր պոնչիկներ անում․ ամենագլխավորը չկա՝ ներքին աջակցությունը՝ ընտրողից։

Չէ, ներսում էլ են ստանում աջակցություն, բայց էլի՝ ոչ ժողովրդից, այլ՝ ընտրություններին մասնակցող, դեռևս չմասնակցող ու դեռևս տատանվող մի շարք ուժերից։ Դրանցից ամեն մեկին կանդրադառնանք իր հերթին, այս պահին անդրադառնանք վարչապետի թեկնածուի, որը արդեն շատերի կարծիքով, ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին ու գիտե՞ք ինչպես․ առաջարկում է Նիկոլի ամենաուժեղ երկու մրցակիցներին, օրինակ դուրս գալ մրցապայքարից։ Որ հարցնում են, ա ինչի համա՞ր, ասում է, որ Նիկոլը չընտրվի։ Դու՞ք էլ տրամաբանություն չտեսաք, ես էլ։ Այ օրինակ, ո՞ւմ օգտին է այն, որ Նիկոլի համար մեկ արմատական մրցակից Քոչարյանը, որը նախորդ ընտրություններում 21 տոկոս ձայն է տարել, դուրս գա պայքարից։ Բնականաբար՝ Նիկոլի ու դե մեկ էլ՝ ադրբեջանաթուրքական զույգին, քանի որ Քոչարյանն է։ Ակնհա՞յտ է չէ՞։

Ժողովուրդ ջան, ընդունենք, որ շատ անհարմար վիճակ է․ այն պահին, երբ պետք է ուժերը կենտրոնացնել Արցախը կործանած ու Հայաստանը սկուտեղի վրա թշնամուն մատուցող  խմբակի վրա, ի հայտ են գալիս ուժեր, որ ասում են՝ ձեր եռանդը մի քիչ էլ ուրիշ կողմ ուղղեք։ Օրինակ նույն նախկին ՄԻՊ Թաթոյանն առաջարկում է, որ Քոչարյանը չմասնակցի ընտրությունների, որովհետև իր հաշվարկներով, դա կհեշտացնի Նիկոլին հեռացնելը։ Իր կարծիքով։ Իր հաշվարկով։ Ընդամենը։ Ինքը վստահ է, որ այն ինչ ինքն է առաջարկում, ճիշտ կարող է լինել։ Կարո՛ղ է։ Հիպոթետիկ՝ գուցե։ Իսկ եթե ոչ իրականո՞ւմ։ Այսինքն, եկեք ամեն 5 տարին մեկ, մի փորձարկում անենք, տեսնենք որը կկպնի, ոչինչ որ այդ ընթացքում երկիրը վարի է տալու, տեսնենք, էլի․ Թաթոյանը, որը իրեն դրել է Նոստռադամուսի տեղը, կարող է ճիշտ է դուրս գալիս։ Անլուրջ է չէ՞։

Է բայց էս մարդը էդ ա ասում, լուրջ դեմքով, կոստյում-փողկապ հագած։ Ճիշտ է, պարզ չէ, թե ինչու հատկապես իր կանխատեսումը պետք է ճշմարիտ լինի, բայց դե ասում է, վստահ է խոսում։ Հիմա ես՝ լրագրողս, ասեմ, չէ է, արի դու հրապարակում ինքնահրկիզվի, կարծում եմ, չէ՛, վստա՛հ եմ, Նիկոլի խիղճը չի դիմանա, անմիջապես կհեռանա, քո էլ արձան կկանգնեցնեն մեր սերունդները, որպես երախտիքի նշան։ Հը՞, կարողա՞ մտածեք էս մասով էլ։ Ինչ է՞, լուրջ չէ՞․ է ձերն էլ անլուրջ է։ Որովհետև, առնվազն հարյուր հազարավոր քաղաքացիներ մտածում են, որ հենց Քոչարյանը պետք է ու կարող է հաղթել Փաշինյանին, իսկ օրինակ, ես մի մարդ չեմ ճանաչում ով ասի, ոչ, Թաթոյանը կարող է։ Իսկի ինքը չի հավատում, որ կարող է լուրջ դերակատարում ունենալ այդ գոծում, էլ ուր մնաց հաղթի, ինքը հաղթի։

Իսկ Թաթոյանի մասնակցությունը արդյո՞ք ձայների փոշիացում չէ։ Քոչարյանինը, վստահաբար ոչ, իսկ Թաթոյանինը՞։ Գիտեք, տարօրինակ է, երբ մարդու իրավունքների պաշտպան աշխատածը հանդես է գալիս մարդու իրավունքի սահմանափակմամբ։

Այս ընտրություններով Փաշինյանից ազատվելու գլխավոր տարբերակներից է այն, որ որքան հնարավոր է շատ արժեքավոր, ձայն ունեցող խոշոր դաշինքներ մասնակցեն, և յուրաքանչյուր ընդդիմադիր քվե կգտնի իր թեկնածուին, որ անտարբերները դուրս գան տանից ու գնան ընտրության։ Բայց այս պահին երբ ՔՊ-ն փորձում է համոզել, թե իրենք արդեն հաղթել են, որ մարդկանց մեջ անհուսություն մտնի ու չգնան ընտրության, վարչապետի թեկնածու առաջադրվածներից մեկն էլ կոչ է անում Ռոբերտ Քոչարյանին չմասնակցել ընտրության՝ գուցե չպատկերացնելով, որ այդպիսով բազմահազարներին դրդում է ընտրության չգնալ։ Քոչարյանի ընտրողը նրան է պատկերացնում երկրի ղեկավար, ու նրա չմասնակցելով՝ կարող է և չգնալ ընտրության։ Ես չեմ հասկանում, թե ինչով է Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելը օգուտ Նիկոլին, Քոչարյանին ինադու Նիկոլի՞ն են ընտրու՞մ․ է թող Թաթոյանին ընտրեն։ Ասում է՝ նիկոլի օրակարգը կառուցված է ռուսների վրա նախկինների վրա, եկեղեցու վրա։ Ուստի նախկինները պետք է դուրս գան պայքարից․ ռուսներին չգիտեմ ինչ է առաջարկում, իսկ եկեղեցի՞ն ինչ անենք, փակե՞նք մինչ տեսնենք ինչ է լինում, Թաթոյան Նոստրադամուսի կանխատեսումով։ Այսինքն, որ իշխանությունը ում, իր թիրախ է սարքում, պետք է վերանան, որ թիրախ չլինի՞․ այդտեղ Թաթոյանը սպիտակ վերնաշապիկով Նիկո՞լ է հաղթելու։ Իսկ Թաթոյանը պատրա՞ստ է դառնալ իշխանության թիրախ՝ այնպես ու այնքան որքան Քոչարյանն է թիրախ այս՝ արդեն 30 տարուց ավել՝ նույն ուժերի համար։ Համար մեկ թիրախ, դեռ այն ժամանակներից, երբ պատասխանատու էր արցախյան հաղթանակների համար։ Հազիվ թե։

Լավ, մի բան էլ, իսկ Թաթոյանն ինչի նախկին չէ՞։ Քոչարյանին ներկայացնելիս ասում են նախկին նախագահ, Թաթոյանին ներկայացնելիս ասում են նախկին օմբուդսմեն, նախկին ՀՀԿ իշխանության փոխնախարար։ Իսկ որ իր ետևից եկող մարդը, Նիկոլի աշխատողն էր, որպես ՊԵԿ ղեկավար, դրան ի՞նչ ասենք։

Քանի որ պարոն Թաթոյանը բացել է խոսակցությունը, այս պահին դետալների մեջ չմտնելով, կուզենայի, որ մի քիչ վերլուծեիք՝ Քոչարյանի հետևում, բնականաբար, ոչ ոք չկա, իր ազգանունը իր բրենդն է, իր կենսագրությունն ու արդյունքները՝ ևս, իսկ Թաթոյանի հետևում ո՞վ կա, ում ականջներն են ու այդ ականջների տերերը որքա՞ն են պայքարել, որ Քոչարյանը չգա ընտրության ու որքան են խանգարել, որ պարտվի։ Որտեղից է եկել, ում թաքուն հովանու ներքո, այս պահին չանդրադառնամ, ցավում եմ, բայց շատ բան գիտենք, կարելի է երկար ծավալվել։ Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի պայքարը Նիկոլի ու նրա կործանարար քաղաքականության դեմ է, իսկ քաղաքական մի շարք՝ ընդդիմադիր ձայներ ակնկալող ուժերի ու նրանց հետևի ուժերի պայքարը՝ Քոչարյանի։ Այ դա շատ տարակուսելի պետք է լինի, իրեն թիմակցողների կողմից։

Երբ մտնում են ընտրապայքարի մեջ ու ռեսուրսներն ուղղում իշխանությունից ավելի ուժգին՝ ընդդիմության դեմ, ուրեմն աշխատում են Նիկոլի օգտին։ Լատենտ նիկոլականությունը դա է։

ՔՊ-ին այս աջակցությունը ևս, կարծում եմ, օգուտ չի տա․ դաշտ է նետվել մյուս այսպես ասած՝ խուլիգանությունը՝ ինչ-որ դզած-փչած, լվացած-արդուկած հարցումներով։ Այսօր ինչ-որ կասկածելի հարցման արդյունքներ են հրապարակվել․ ի՞նչու կասկածելի․ որովհետև արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է, որ հարցումներ են պատվիրվել, որտեղ Նիկոլին շատ վատ ռեյտինգ է հավաքվել, բայց փորձում են պարզաջրել արդյունքները։ Այսօր հրապարակել են հարցումները, թե ՔՊ-ն ունի 24 տոկոս, հաջորդը Սամվել Կարապետյանն է, հաջորդը Ռոբերտ Քոչարյանը, բայց այնքան ցածր թիվ են գրել, որ տպավորություն է, թե մենակ ՔՊ-ն է հաղթում անցողիկ շեմը։ Երազում են ցույց տալ, թե իրենք հաղթել են։ Այդ հարցումները, ժողովուրդ ջան, հենց հիբրիդային ներգործում է հայ ժողովրդի դեմ։ Վարկանիշ չունեցող ուժից կերտում են հաղթողի կերպար՝ ժողովրդին ցույց տալով, իբր մեկ է՝ ՔՊ-ն է ընտրված։ Ըստ երևույթին՝ մտածում են ժողովուրդը հիմար է, կխաբվի, չի գնա ընտրության, կնստի տանը։

Տարբեր իրական հարցումներով, ժողովրդի 70 տոկոսը որևէ պարագայում Նիկոլին ձայն չի տա։ Ինչո՞ւ պետք է Նիկոլին ձայն տան․ որովհետև պարգևավճար են ստանում, որովհետև բարձր պաշտոնի են, որովհետև Նիկոլի շնորհիվ տենդերներ են շահում, բիզնեսներ են անում ու նման պատճառներով, բայց դա էն թիվը չէ, որ կօգնի մնալ իշխանության։ Ժողովրդի մի մասը ձայն չի տա պատերազմի պատճառով, մի մասը ձայն չի տա, որովհետև Նիկոլի մնալով ակնկալում է պատերազմ, մի մասը ձայն  չի տա 5 ազար զոհ բերելու պատճառով, մի մասը ձայն չի տա բռնագաղթի պատճառով, մի մասը ձայն չի տա եկեղեցու վրա հարձակման պատճառով, մի մասը ձայ չի տա 10 հազարից ավելի վիրավորի պատճառով, մի մասը ձայն չի տա, որովհետև ոնց աղքատ կար, էնպես մնացել է, մի մասը ձայն չի տա, ոովհետև բիզնեսմեն է ու մի քանի տարի է այլանդակ ճնշումների տակ է, մի մասը ձայն չի տա հարկային տեռորի պատճառով, մի մասը՝ տուգանքի մատերիալ դառնալու պատճառով, մի մասը՝ անարդարության, մի մասը՝ դատական քաշքշուկների, մի մասը՝ «աղքատությունը ձեր գլխում է» արտահայտության, մի մասը՝ հանցագործությունների աճի պատճառով․ որովհետև ծնողները վախենում են իրենց երեխայի ապագայի համար։ Մի մասը ձայն չի տա, որովհետև հենց ընտրվեց՝ Ալիևը փոխելու է ՀՀ սահմանադրությունը․ մի մասը ձայն չի տա, որովհետև հենց ընտրվեց՝ հանձնելու է տարածքներ՝ անկլավների անվան տակ և այլ և այլ՝ մեկը մյուսից կարևոր պատճառով ու անհանգստությամբ։ Եվ այդ ձայն չտվողների թիվը գումարում ես ու անցնում է 70 տոկոսը։ Հիմա հարց եմ տալիս, կա՞ քաղաքացի, որ ուզում է ապրել Ադրբեջանի մարզո՞ւմ, կա քաղաքացի, որ ուզում է համարվել «արևմտյան ադրբեջանցի՞», կա քաղաքացի, որ մտածում է, թե Նիկոլը որ ընտրվեց էլի, երկիրը հայկական է՞ պահելու․ նախորդ ընտրությանը Արցախը հայկակա՞ն մնաց։ Աջակցած դրսի ուժերը, ներառյալ՝ Թուրքիան, վստահաբար՝ ասելու են՝ օգնել ենք-պահել ենք՝ դե դավայ։

Ընդ որում, երբ ասում ենք 70 տոկոսը ոչ մի դեպքում ձայն չի տա Նիկոլին, չի նշանակում էն 30 տոկոսը ձայն է տալու։

Կարճ ասած, այս ընտրություններում մինչև կոկորդը խրված Փաշինյանին փրկելու համար տարբեր բաներ են նետվում դաշտ, տարբեր աջակցության ձևեր։ Եթե դրանք դնում ես մի կողմ, տակը մնում են ՔՊ-ի՝ պոլին ընկած ռեյտինգը, թմբուկը, կրծած կուկուռուզն ու պեռաշկին․ հա ու մեկ էլ՝ սրանց գոռգոռոցները, անհանգստությունը ու գլուխգովաքը։ Էլի հարցնեմ՝ բա որ ձեր վիճակը այդքան լավ է, ինչո՞ւ եք ձեզ ճղում։ Ինչո՞ւ եք էդ մարդուն, իր չեղած ռեյտինգով հա փչում․ էդ ծակ փուչիկը կաշվից դուրս եք գալիս փչելու համար, որ ի՞նչ լինի։ Մեկ է մի օր փսկելու է, դեն նետվի։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...