Աղոթում եմ, որ Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ․ Արագածոտնի թեմի առաջնորդ

31 Դեկտեմբերի, 2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձ է հղել կալանավայրից․

«Սիրելի՛ հավատացյալ հայ ժողովուրդ,

Նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես ձեզնից հեռու եմ, սակայն հոգով, աղոթքով և սիրով՝ ձեր կողքին եմ։ Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ոչ կապանքները, ոչ նեղությունները, ոչ հալածանքնեը, ոչ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)։

Այս օրերին, երբ մարդկային անարդարությունն իր ծանր շունչն է զգացնել տալիս, առավել հստակ ու վճիտ է հնչում Տիրոջ Ծննդյան ավետիսը։ Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում․ այն այստեղ է՝ մխիթարելու վշտացած սրտերը, զորացնելու թուլացած հոգիները և հույս ներշնչելու նրանց, ովքեր սպասում են արդարությանը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» (Եսայի ԽԱ․10)։ Այս խոսքը հնչում է ոչ միայն Սուրբ Գրքի էջերից, այլև յուրաքանչյուր փորձության խորքից։ Այն զորացնում է ինձ այս պայմաններում և հավատով վստահ եմ, որ նույն խոսքն է ամրացնում նաև ձեզ՝ ձեր անձնական խաչերը կրելու ու դժվարությունների մեջ։ Մարդկային անարդարությունը ժամանակավոր է, իսկ Աստծու ճշմարտությունը՝ հավիտենական։ Եվ ինչպես Տերն Ինքը վկայեց․ «Կճանաչեք ճշմարտությունն, ու աւյն կազատի ձեզ» (Հովհ. Ը․ 32)։

Այս սուրբ օրերին աղոթում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար՝ ձեր ընտանիքների խաղաղության, ձեր զավակների լուսավոր ապագայի, ձեր հավատքի անսասանության համար։ Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը։ Աղոթեք նաև դուք՝ հոգևոր դասի ուխտապահության և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

Հատուկ աղոթք և որդիական մաղթանք եմ հղում Նորին Սրբությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի Սուրբ Ծննդյան անճառելի խորհրդով պարուրված Ամենաբարձրյալ Տերն Իր Սուրբ Աջի ներքո պահի և պահպանի Նրան՝ պարգևելով քաջառողջություն, իմաստություն և հայրապետական զորեղ ու ծաղկյալ գավազան՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Թող այս բերկրալի տոները դառնան խաղաղության, միասնության, ապաշխարության և հոգևոր հաղթանակի սկիզբ։ Թող Նոր տարին մեզ առաջնորդի դեպի լույս, ճշմարտություն և ներքին ազատություն, որ սկիզբ է առնում սրտից։

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»»։

Նմանատիպ նյութեր

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...