Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»

20 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ: Այն նախատեսվում է հաստատել կառավարության որոշմամբ: Առայժմ միայն նախագիծ է: Չնայած, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը «մարդ-կառավարություն» է, ապա ամենևին դժվար չէ կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Առավել ևս, որ կառավարության համապատասխան կայքում «ճիշտ» քվեարկություն է կազմակերպվել: Ինչևէ:

Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:

Բայց խոսքն իրական դոկտրինի մասին է: Այնպիսի ձևակերպումների ամբողջության, որի վրա պատմաբանների, փիլիսոփաների, արվեստագետների, ազգագրագետների, հոգևորականների մասնագիտական լայն խումբ աշխատած լինի: Այսպես ասենք՝ ակադեմիական մշակում կամ փորձաքննություն անցած փաստաթղթի մասին ենք մենք խոսում, այլ ոչ թե… 1 (մեկ) անձի սևեռուն մտքերի կամ մտասևեռումների արտացոլման:

Իսկ այն, ինչը հրապարակվել է որպես «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ, հենց նման դրսևորման տպավորություն է թողնում, և սա՝ չափազանց մեղմ ասած: Իսկապես էլ գործ ունենք 1 անձի, մեկ խմբակի խիստ կասկածելի քաղաքականությունը կամ այսրոպեական ընկալումներն արտացոլող ինչ-որ «բանի» հետ: Կարծում ենք՝ պարզ է, թե ով է այս 1 անձը: Միայն «Իրական Հայաստան» կապակցությունը բավարար է, որպեսզի հասկանալի դառնա, որ հայեցակարգ կոչվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Ու ստացվել է, օրինակ՝ այսպիսի մի բան. «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»:

Դեռ չենք խոսում այն մասին, որ ամեն երկրորդ, երրորդ ձևակերպման մեջ խցկած է «խաղաղությունը», դրա՝ փաշինյանական ընկալման տարբերակով, բնականաբար:

Այստեղ, ի դեպ, անհրաժեշտ է մեկ-երկու դիտարկում անել. Հայաստանի որևէ իշխանության պայմաններում պետական մակարդակով վրեժի կամ պատերազմի քարոզ երբեք չի իրականացվել: Ուժեղ պետության, ուժեղ և մարտունակ բանակի, տնտեսական առաջընթացի քարոզներ եղել են, բայց չի եղել պետական մակարդակով վրեժի քարոզչություն:

Իսկ, օրինակ՝ Ադրբեջանում, որի հետ այդքան ձգտում են խաղաղասիրվել Փաշինյանն ու ՔՊ-ն, տասնամյակներ շարունակ ու մինչև օրս, մանկապարտեզներից սկսած, պետական մակարդակով ու պետական հովանավորությամբ իրականացվում է հայերի հանդեպ թշնամության քարոզչություն, քարոզվում է հայերի սպանություն, ֆետիշացվում ու հերոսացվում է հայի գլուխ կտրելը, հայ երեխայի մորթելը, հայկական խաչքար ջարդելը, հայկական եկեղեցի քանդելը: Ի վերջո, հո հենց այնպես չեն փորձագետները նշում, որ ալիևյան Ադրբեջանը ֆաշիստական պետություն է: Հա, ու Ալիևը, նաև Փաշինյանի հետ ձևական «խաղաղություն» ստորագրելուց հետո, քանիցս հայտարարել է, որ հայերն ու Հայաստանը թշնամի են:

Բայց վերադառնանք հայեցակարգին: Բազմաթիվ այլ հարցեր են ծագում: Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը…

Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ էապես նենգախեղվելու է տեղի ունեցած բովանդակությունը: Ազգային երգերն ու պարերը արգելվելո՞ւ են: Ոչնչացվելո՞ւ են հայկական տարազները, չէ՞ որ դրանց մի ահռելի մասը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, նաև՝ Արցախին: Ի դեպ, Արցախի տոհմագորգերի՞ հետ ի՞նչ է արվելու, հռչակվելու են ադրբեջանակա՞ն…

Փաշինյա՞նն է այս ամենը որոշելու, ինչպես այն օրը, երբ, իրեն գրաքննիչի դեր վերապահած, որոշում էր, թե «Ցանկապատ» ներկայացման մեջ ինչ լինի կամ ինչ չլինի…

Ու այստե՛ղ է հենց ամենից վտանգավորը, որ արտացոլված է այդ միանձնյա «հայեցակարգի» տողատակում. ջնջել անցյալը, հիմնովին ջնջել, ջնջել պատմությունը և այն փոխարինել խեղաթյուրված, կամայական «մեկնություններով», ոչնչացնել արժեհամակարգը, ոչնչացնել պատմամշակութային, գրական-գեղարվեստական ժառանգությունը: Իսկ ամբողջ «գեղագիտությունն» էլ պարփակել Հայաստանի Հանրապետության տարածքով ու մի փոր հացով յոլա գնալ փաշինյանական «գաղափարախոսությամբ»:

Ի լրումն ամենի, Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա՝ ներկայացումներից մինչև գրահրատարակչություն:

…Եվ նման՝ վերը հիշատակված «հայեցակարգը», որքան էլ որ տարօրինակ հնչի, գալիս է լրացուցիչ անգամ հաստատելու, որ Հայաստանում ազգային իշխանություն վերականգնելուց հետո գաղափարախոսությունն առաջին բաներից մեկն է, ինչի վրա պատք է լրջորեն աշխատել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Մի նկարի պատմություն» Հերոսների...

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Հինգշաբթի առավոտյան Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Բանակցությունների մեկնելուց առաջ երկու առաջնորդներն էլ հայտարարություններ են արել։ Գրում է BBC.news-ը: Թրամփը Սի Ցզինպինի հետ...

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր,...